Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյանի հայտարարությունը. «Ես Րաֆֆիի հետ չէի, ինձ խոսափող էր պետք»

Օգոստոս 01,2014 17:04

«Հույս ունեմ, որ սեպտեմբերին ինչ-որ ցնցումներ կլինեն, որ իշխանությունը կփոխվի, կգա նոր իշխանություն, որպեսզի այդ իշխանությունը կարողանա այնպիսի համակարգ ստեղծել, որ մարդիկ, հասարակությունը կարողանան ներդաշնակ ապրել՝ հասարակական նորմալ կյանք վարել»,- Aravot.am-ի հետ զրույցում ներքաղաքական կյանքի մասին խոսելիս այսպիսի հույս հայտնեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Մեր դիտարկմանը, որ Դուք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին էիք, այդ ժամանակ չստացվեց իշխանություն փոխել, հիմա ո՞ւմ հետ եք հույս կապում՝ Ռուբեն Հախվերդյանը հակադարձեց՝ հերքելով անհերքելին. «Ես Րաֆֆիի կողքին չէի: Ինձ խոսափող էր պետք: Ես խոսելուց առաջ էլ ասացի, որ ես իրա հետ չեմ, ինձ միկրոֆոն էր պետք»:
Սա այն դեպքում, երբ Ռուբեն Հախվերդյանը նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչությամբ էր զբաղվում: Ռուբեն Հախվերդյանը ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանին տնական անարատ մածուն էր համարում՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը փորձած թանն է, բայց այդ թանից գարշահոտություն է գալիս, ուստի պետք է ձեռքդ գցես անփորձ, անարատ «մածունին»՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա ասուլիս էր հրավիրում ու թվարկում Րաֆֆի Հովհաննիսյանի առավելությունները՝ ասելով, թե ինչու պետք է ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին. «Մոռանում եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի լեզու իմացող, լայնախոհ, ոչ թե գավառամիտ մարդ է։ Տարբերությունը դրա մեջ եմ դնում Րաֆֆիի եւ Սերժի։ Լեզուներ գիտի, կրթված է եւ ամենակարեւորը՝ կեղտոտված չի, գործարքների մեջ չի մտել, չի մտել օլիգարխների մեջ։ Իսկ Սերժ Սարգսյանը կամ իր ախպերը ամեն տեղ «փայ» են մտնում»:
Երբ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին Ռուբեն Հախվերդյանը հարթակից ելույթ էր ունենում՝  նրա մեջ փրկչի էր տեսնում  .«Մենք հավաքվել ենք, որպեսզի փրկվենք այս գայլերից՝ բառի բուն իմաստով: Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ, դա այնքան էլ էժան չի նստել իմ վրա բայց, համենայնդեպս, ես թքած ունեմ իրանց կարծիքի վրա: Ժողովուրդ ջան, ես իմ հույսը վերագտա: Շնորհակալություն»:

Այսօր Ռուբեն Հախվերդյանը ուրիշի հետ է հույսեր կապում:

Մեր հարցին՝ աշնանից ի՞նչ սպասելիքներ ունեք, որ ասում են թեժ աշուն է լինելու, հավատո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Թեժ աշուն…չէ, այդ իմաստով չէ: Վերջապես փոքրիկ խմբավորումներ կան, որ պիտի միանան ու մեծ թռիչք անեն՝ պահանջեն հրաժարականը կառավարության»:

Մեր հարցին՝ ո՞ր ուժերի միացումը նկատի ունեք, քառյակի՞ն՝ Ռուբեն Հախվերդյանը հարցրեց. «Քառյակը ո՞րն ա, Կոնգրեսը, Դաշնակցությո՞ւնը, չէէէ: Կանաչների միությունն է իմ ասածը, երիտասարդների կազմակերպությունը, Ժիրայր Սեֆլյանի ուժը՝ Նախախորհրդարանը: Ես ավելի իմ հույսը նրանց հետ եմ կապում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031