«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ ի գիտություն ընդունվեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2014թ. առաջին կիսամյակի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին տեղեկատվությունը:
Նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի փաստացի մուտքերը կազմել են 169 մլն 295.9 հազար դրամ, որից 84 մլն 600 հազար դրամը` պետբյուջեից հատկացված, 84 մլն 695.9 հազարը` տնտեսական գործունեության արդյունքում ստացված միջոցներն են: Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական գործունեությունից ստացված միջոցները 14 մլն 933.2 հազար դրամով ավելի են նախորդ տարի ՊՈԱԿ-ի կողմից հավաքագրված գումարներից:Կազմակերպության տնօրինմանը հանձնված հողի վարձակալությունից հավաքագրված միջոցները կազմել են 75 մլն 756 .8 հազար դրամ:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն առաջին կիսամյակում համայնքային բյուջեներ է փոխանցել 5 մլն 449.5 հազար դրամ` հողի հարկի եւ գույքահարկի տեսքով: Քննարկման ժամանակ կարեւորվեց ՊՈԱԿ-ի կողմից համայնքային բյուջեների նկատմամբ ունեցած պարտավորությունների ժամանակին կատարման անհրաժեշտությունը:
Նիստում քննարկվեց նաեւ ՊՈԱԿ-ի 2014թ. եկամուտների եւ ծախսերի ճշգրտված նախահաշիվը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց` ՀՀ ֆինանսների եւ բնապահպանության նախարարությունների հետ մեկ անգամ եւս քննարկել նախահաշվում ներկայացված ցուցանիշները, հատկապես` աշխատավարձերի պլանավորման մասով, եւ անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կատարել:
Խորհուրդը քննարկեց մի խումբ հարցեր, որոնք վերաբերում էին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրված հողամասերի պայմանագրերում առկա խնդիրների կարգավորմանը, պայմանագրերի վերակնքման գործընթացներին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Կարդացեք նաև