Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխունջ Պողոսյան. «Անգամ գորգերի անվանումներն են թուրքա-պարսկական» (Տեսանյութ)

Օգոստոս 01,2014 16:17

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հանդիպման ժամանակ գորգագործությունը որպես ազգային մշակութային արժեհամակարգ կորցնելու իր մտավախությունն արտահայտեց գորգագետ Աշխունջ Պողոսյանը: Զուգահեռներ անցկացնելով հետխորհրդային Հայաստանում գորգարվեստի զարգացման տեմպերի հետ՝ պարոն Պողոսյանը նշեց, որ 2008թ. ճգնաժամից հետո գորգագործությունն անկում է ապրել. գորգերի մեքենայական արտադրությունը մոտեցել է ձեռագործին, և այժմ միայն հիսուն դազգահ է աշխատում:

Հայաստանում գորգարվեստի զարգացման հեռանկարների վերաբերյալ բանախոսը դժվարացավ որևէ գնահատական տալ, քանի որ, ըստ նրա, «նախագահից մինչև նախարար հետաքրքրված չեն այս խնդրով»:

Ի հեճուկս ՀՀ կառավարության՝ Թուրքիայի կառավարությունը ջանք չի խնայում գորգագործությունը խթանելու գործում: «Ի՞նչ ասել է թուրքական գորգ, երբ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվել են հազարամյակների հնություն ունեցող հայկական գորգի պատառիկներ: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ դրանք բերել են սելջուկները»: Նրա խոսքով՝ որոշ հատկանիշներ՝ բնական ներկանյութերը, Արարատյան որդան կարմիրը, խաչազարդերն ու աստղազարդերը, միայն հայի ձեռքի գործն են: «Այդուհանդերձ, նույնիսկ գորգերի անվանումներն են թուրքա-պարսկական», – ցավով նշեց պարոն Պողոսյանը:

Ինչ վերաբերում է հիմնախնդրի լուծման նախադրյալներին՝ պարոն Պողոսյանը շեշտեց համախմբված թիմ և գիտահետազոտական կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ կկարողանան կադրեր մշակել: Խոսելով հետագա անելիքների և սպասելիքների մասին՝ նա ողջունեց Շուշիում եզակի ժամանակակից գորգերի թանգարանի հիմնումը և Արցախի կառավարության՝ գորգագործության մասին գրքի իրացման ծախսերը հոգալու պատրաստակամությունը: «Առաջիկայում բազմաթիվ ծրագրեր կան: Միանշանակ գործը Արցախում առաջ կգնա», – հավելեց նա:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031