Այսօր մեկօրյա աշխատանքային այցով Սյունիքում գտնվող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ, Աղիտու, Իշխանասար, Նորավան գյուղական համայնքներում, շրջել գարու եւ ցորենի ցանքատարածություններում եւ ծանոթացել մշակման պայմաններին:
Ակնկալվում է, որ այս տարի ցորենի ու գարու բերքի բարձր ցուցանիշ կգրանցվի՝ 1 հեկտարից 50 ցենտներ: Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ պետական աջակցության գյուղատնտեսական ծրագրերը կիրականացվեն նաեւ եկող տարի: Գյուղացիները նախարարին տեղեկացրին, որ հիմնականում գյուղտեխնիկայի հետ կապված խնդիրներ ունեն, մասնավորապես՝ կոմբայնների մաշվածության պատճառով բերքի կորուստ են ունենում:
Նախարարը խնդրի լուծումը տեսնում է գյուղտեխնոպարկերի ստեղծման մեջ, որը դեռեւս նախնական, խոսակցությունների փուլում է:
Սյունիքի մարզպետի եւ մյուս ներկայացուցիչների հետ նախարարն այցելեց նաեւ Շամբի պահածոների գործարան, որտեղ արտադրվում է պղպեղի, բամիայի տեղական պահածոներ եւ տարբեր հյութեր:
Կարդացեք նաև
Գործարանի տնօրեն Ամալյա Ստեփանյանի փոխանցմամբ՝ տեղական պահածոների զգալի մասը արտահանվում է Ռուսաստան եւ եվրոպական երկրներ:
Նախարարը այցելեց նաեւ 2010թ.-ից գործող «Տատնի» հանքային ջրերի գործարան, որտեղ այս պահին աշխատում է 80-85 մարդ՝ 90-100 հազար դրամ միջին աշխատավարձով: «Տատնիում» արտադրվում է նաեւ 8 տեսակի լիմոնադ եւ նախորդ տարվա համեմատ այստեղ արտադրության ծավալների 25% աճ է գրանցվել:
Պատասխանատուների խոսքերով՝ արտադրանքի 80%-ը արտահանվում է երկրից դուրս:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ