Հուլիսի 19-ին Թբիլիսի քաղաքում` հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու
հարակից տարածքում բախում է տեղի ունեցել, որը վերածվել է զանգվածային
կռվի: Հենց սկզբից, պայմանավորված տարբեր հանգամանքներով, տվյալ
իրադարձությունը (զանգվածային կռիվ եկեղեցու մոտ) ստացավ միջազգային և
միջկրոնական երանգ: Անհանգստություն առաջացնող հայտարարություններ են արվել
վիրահայության ապագայի, ընդհանուր կայունության և անվտանգության, ինչպես
նաև հայ-վրացական փոխհարաբերությունների ապագայի վերաբերյալ:
Հաշվի առնելով կատարված իրադարձությանն արդար գնահատական տալու ծայրահեղ
կարևորությունը` հարգելի ընթերցողին ենք առաջարկում տվյալ փաստի վերաբերյալ
արված հայտարարությունների ժամանակագրությունը:
Հուլիս 20 -վաղ առավոտվանից «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչները
անցկացրին մի շարք հանդիպումներ զանգվածային կռվի մասնակիցների հետ:
Ծանոթանալով կողմերի դիրքորոշումների ու վարկածների հետ, «Վրաստանի Հայ
Համայնք»-ի ներկայացուցիչները համոզվեցին, որ բախումը ազգամիջյան ընդհարում
չէր կարող լինել: Բախման մանրամասները պարզելուց հետո «Վրաստանի Հայ
Համայնք»-ի ներկայացուցիչները նպատակ ունենալով կանխել իրադարձությունների
ոչ ցանկալի հունով ընթանալու վտանգը, խորհրդով դիմեցին Վիրահայոց Թեմի
առաջնորդարանին, որպեսզի այն կատարածի մասին շուտափույթ ու իսկզբանե սխալ
գնահատականներ ու տեղեկատվություններ չտարածի: Նույն օրը կազմակերպությունը
կոչ արեց Վրաստանի Ներքին Գործերի նախարարությանը հետևողականորեն
հետաքննել կատարվածը և տեղեկացնել հանրությանը հետաքննության մանրամասների
հետ:
Հուլիս 20 -Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի հայտարարությունը.
«2014 թվականի հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում,
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային եւ կրոնական ատելությամբ
դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին
եկեղեցու հոգեւոր դասի, թեմի պաշտոնեության եւ հավատացյալների վրա: Կոչ ենք
անում Վրաստանի իրավապահ մարմիններին համապատասխանաբար գնահատել տվյալ
գործողությունները եւ հետաքննել դրանք՝ որպես կրոնական եւ ազգային հողի վրա
իրականացված հանցագործություն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում
ազգային եւ կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով:»
Հուլիս 21 -«Վրաստանի Հայ Համայնք»-ի դիրքորոշումը ք.Թբիլիսիի Սուրբ
Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձությունների
վերաբերյալ (հաղորդումը եթեր է թողարկվել հուլիսի 21-ին համահայկական
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ):
Հուլիս 21 -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը. «Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածինը խորը մտահոգությունն է հայտնում Թբիլիսիի հայկական եկեղեցու դեմ
կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք և կրոնական
անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները
պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր
անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի
անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը»:
Հուլիս 22 -Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության
հայտարարությունը. «Իրականում, մենք գիտենք, թե ինչ է պատահել, ինչից է
սկսվել այդ վիճաբանությունը, սակայն այս պահին բարձրաձայնել, թե դիտավորյալ
բան է տեղի ունեցել, չենք կարող ասել: Խուլիգանության մասին նույնպես ոչինչ
չենք կարող ասել, իրավապահ մարմիններն են զբաղվում»:
Հուլիս 22 -Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի հայտարարությունը.
«Զանգվածային լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ
հետաքննություն է անցկացվում Վրաստանի Քրեական Կոդեքսի 125-րդ հոդվածի
համաձայն (ծեծկռտուք). Բայց Վրաստանի Հանրային պաշտպանի ներկայացուցիչների
անցկացրած հարցաքննություններից և պատահարը ֆիքսած տեսախցիկների
ուսումնասիրությունից հետո հաստատվում է, որ կարող է տեղի ունենար
խուլիգանություն, կազմակերպված բռնություն և անհատական վնասվածքներ:
Միաժամանակ, Վրաստանի իրավապահպան մարմինները պետք է մանրամասնորեն
հետաքննեն գործի բոլոր կողմերը, այդ թվում նաև այն, ինչը կարող է մատնանշել
էթնիկական հենքի վրա կատարված հանցագործություն»:
Հուլիս 22 -Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Վիրահայոց Թեմի
համատեղ հայտարարությունը. «Հուլիսի 22-ին Վրաստանի Պատրիարքարանում
հանդիպում է կայացել միջեկեղեցական կապերի բաժնի ներկայացուցիչ` Զուգդիդիի
և Ծաիշիի մետրոպոլիտ Գերասիմի և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի
առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի միջև: Կողմերը հայտարարել են, որ
Հուլիսի 19-ի բախումը տեղի է ունեցել կենցաղային հենքի վրա և չի ունեցել
էթնիկական և ազգային երանգ: Տվյալ համոզմունքն են կիսում գրեթե բոլոր
հասարակական և իրավապահպան կազմակերպությունները` բացառությամբ մի քանի
սխալ և անպատասխանատու հայտարարություններ անող կազմակերպությունների»: