Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռավարակների կասկածը սրտում Հայաստան եկած միգրանտները կարող են անանուն եւ անվճար ստուգվել (Տեսանյութ) 

Օգոստոս 01,2014 14:39

Հայաստանում համաճարակներ չկան, անցյալ տարվա համեմատությամբ էլ մենինգիտով ախտահարված դեպքերը մինչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում երկու անգամ պակասել է: Այսօր առողջապահության նախարարությունում 100 օրվա առիթով հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարն ասաց, որ իր քաղաքականությունը լինելու է, ոչ թե հիվանդին ժամանակին եւ ճիշտ բուժելն, այլ՝ քաղաքացուն առողջ պահելը: Այդ առիթով էլ արդեն մշակվել է առողջ ապրելակերպի հայեցակարգը, որտեղ ներառված են ռիսկի այն հինգ գործոնները, որոնց դեմ նախարարությունն ակտիվ պայքար է սկսելու:

Ըստ պարոն Մուրադյանի, մահացությունների 90 տոկոսը բաժին են ընկնում ոչ ինֆեկցիոն հիվանդություններին, որոնք ոչ առողջ ապրելակերպ վարելու հետեւանք են: Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը, ֆիզիկական թերակտիվությունը սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառն են:

Նախարարն ասաց, որ այս տարվա սեպտեմբերից մեր երկրում էլ կներդրվի պնեւմակոկային պատվաստանյութը:

Անդրադառնալով վերջին ամիսներին հանրապետությունում ակտիվացած էնտերովիրուսի դեպքերին, պարոն Մուրադյանն ասաց, որ հարեւան Վրաստանի համեմատությամբ, որտեղ հազարավոր դեպքեր են գրանցվել, Հայաստանում սուր դեպքեր չկան եւ դրանց թիվը մի քանի հարյուրից չի անցնում, իսկ հիվանդությունն էլ թեթեւ ընթացք է ունենում:

 

Արմեն Մուրադյանը նաեւ հայտնեց, որ լուրջ վերահսկողություն է իրականացվելու դեղարտադրողների եւ դեղատներում չգրանցված դեղերի վաճառքի նկատմամբ:

Նախարարի խոսքերով, մեր երկիրը հաջողություններ է արձանագրել մայրական եւ մանկական մահացության առումով եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այդ թիվը զգալի նվազել է: Այս տարի, երկվորյակներով պայմանավորված, ծնունդների թիվը 612 նորածինով ավելացել է:

Պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերն էլ բնակչության վերահաշվարկի արդյունքում բարձրացել են: Ինչպես վստահեցրեց պարոն Մուրադյանը, միջինում բժիշկները 60-70 տոկոս աշխատավարձի բարձրացում կունենան, բուժքույրերը՝ 15 տոկոս:

Աշխատանքային միգրանտների թիվը հաշվի առնելով, որոնք, երբեմն հայրենիք են վերադառնում մի շարք սեռավարակներով, այդ թվում եւ ՄԻԱՎ-ով, Հայաստանում անվճար եւ անանուն կգործեն ախտորոշիչ ծառայություններ: Միգրանտը կարող է կասկածներ ունենալու դեպքում դիմել եւ ստուգվել:

Պարոն Մուրադյանը նաեւ հայտնեց, որ նոր կառավարությունը 500 միլիոն դրամ է տրամադրել՝ սրտի անհետաձգելի վիրահատությունների համար: Նախարարությունը յոթ մասնագետ էլ ուղեգրել է մարզերում աշխատելու: Այդուհանդերձ մի շարք մարզային բուժհիմնարկներում բժիշկ-մասնագետների պակաս կա:

Հարցին, թե մարզային բուժկենտրոնները վերազինված են, բայց չկան այդ նորագույն բժշկական տեխնիկային տիրապետող մասնագետներ, պարոն Մուրադյանն ասաց, որ
կառավարությունը որոշել է մարզերի բուժաշխատողներին հնարավորություն ընձեռել՝ վերապատրաստվելու մայրաքաղաքի առաջատար կլինիկաներում, նրանց համար սեմինարներ կազմակերպել եւ այլն:

Նախարարը ծանոթացել է նաեւ ճառագայթային բուժման նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին: Նրա հավաստմամբ, շուտով մեր երկիրն էլ կունենա միջազգային չափանիշներով ծառայություն մատուցող ճառագայթային կենտրոն:

Նախարարն անդրադարձավ նաեւ բժշկական էթիկայի, բժշկին ծեծելու, պատվաստանյութերի, սոցփաթեթների, դեղերի պետգնումների եւ այլ հարցերի եւս, որոնց մասին մանրամասն՝ շուտով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031