Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հիմնվել է գոյություն չունեցող, անթույլատրելի ճանաչված ապացույցի վրա

Օգոստոս 01,2014 14:10

«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողության գործով օժանդակության համար մեղադրվող, HSBC աշխատակից Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է վերաքննիչ դատարան, վիճարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Նշենք, որ երկրորդ անգամ վերաքննիչ դատարանում կքննվի սույն գործով բողոքը:
«Դատարանը բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը, որոշում կայացրեց որպես մեղադրյալ հարցաքննված, այժմ` հանգուցյալ Արտաշես Գալուստյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, Արտաշես Գալուստյանի և Աշոտ Առուշանյանի միջև տեղի ունեցած առերես հարցաքննությունը իմ պաշտպանյալի մեղադրանքի հիմքից հանելու և դրանց որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին:

Սակայն դատարանը օգտագործման համար անթույլատրելի ճանաչված ապացույցին տալով «արժանահավատ վարկած» անվանումը, այն գնահատել է այլ ապացույցների հետ փոխհարաբերության և դրանց հետ մրցակցելու համատեքստում, դրանով իսկ թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում»,- Aravot.am-ին ասաց Լ.Սիմոնյանը:
Դատավճռում տեղ էր գտել հետեւյալ ձեւակերպումը. «Դատարանը, խորհրդակցական սենյակում վերահաստատելով վերը նշված երկու ապացույցների` որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը, և դրանք ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի մեղքն ապացուցող ապացույցների շարքում տեսնելու անհնարինությունը, փաստում է, որ սույն գործով ամբաստանյալներ Էդգար Կարաքեշիշյանի և Աշոտ Առուշանյանի մեղքը հիմնավորված համարելու տեսանկյունից դրանք պետք է մեկնաբանվեն և դիտարկվեն ոչ թե որպես ապացույցներ, այլ որպես գործին վերաբերելի, արժանահավատ վարկած, որը պետք է քննվի ձեռք բերված մյուս ապացույցների հետ փոխհարաբերության և դրանց հետ մրցակցելու համատեքստում»:

Դատարանն արձանագրել է, որ այդ տվյալների հիմնավոր լինելը պետք է հաստատվի ոչ թե ապացույցից դեպի փաստը գնացող ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ փաստից դեպի ապացույցը կամ իրողությունը հերքելու ճանապարհով»։

«Գտնում եմ, որ դատարանի սույն պատճառաբանությունը չի բխում ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքներից, դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչպես նաև քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում և այն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներին: Ինչպես երևում է նշված պատճառաբանությունից, ապա դատարանը փորձել է Աշոտ Առուշանյանի մեղքը ապացուցված համարել «վարկածի» առկայությամբ և այդ «վարկած»-ը ապացույցների հետ դնել նույն հարթության մեջ»,-հավելում է փաստաբանը:

Բողոքաբեր կողմի կարծիքով, դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում. «Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»:

Լիպարիտ Սիմոնյանը հղում է անում ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ նախադեպային որոշմանը, համաձայն որի, դատարանն «անդրադառնալով դատարանի կողմից ապացույցների գնահատման հարցին, հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի տարր, իրենից ներկայացնում է մտավոր, տրամաբանական գործունեություն, որի արդյունքում եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին»:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի էլ. «Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե` դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա»:
Պաշտպանի կարծիքով, դատավճիռը չի կարող հիմնավորված համարվել, եթե դրա պատճառաբանական մասում բովանդակվող հետևությունները էապես հիմնված են դատաքննությամբ չհետազոտված ապացույցների վրա. «Տվյալ դեպքում, դատարանը հիմնվել է գոյություն չունեցող, անթույլատրելի ճանաչված ապացույցի վրա, հետևապես դատավճիռը չի կարող համարվել հիմնավորված»:

Ըստ այդմ, «արժանահավատ վարկածի» անվան տակ անթույլատրելի ճանաչված ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու և մրցակցության մեջ դնելու հանգամանքը բողոքաբեր կողմի համաձայն, չի բխում ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից և հանդիսանում է քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչն արդեն իսկ հիմք է սույն դատավճիռը բեկանելու համար:

Աշոտ Առուշանյանի բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում նշանակվել է օգոստոսի 4-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031