Լրահոս
Օրվա լրահոսը

Կաբանը

Օգոստոս 01,2014 13:00
namak

Նվիրվում է ուսանողական ընկերոջս՝ Վազգեն Պապոյանի հիշատակին

Օրվա երկրորդ կեսն է։ Շոգ է, օդում անսովոր չորություն կա։ Գնացքի ժամանումն ուշանում է։ Կառամատույցը մինչև ուսանողների գալը համարյա դատարկ էր։

Սպասասրահի շենքը դրսից ներկված է սպիտակ, պատերի երիզները՝ կապույտ գույներով։ Ներսի պատերը անհրապույր գորշ գույնի են, հատակը բետոնյա է՝ նոր լվացվածության նշանով, ինչի ապացույցն է խոնավությունից նրա որոշակի մգվածությունը և չորանալու սկիզբն ավետող տեղ-տեղ բետոնին հատուկ բաց գորշավուն երանգի երևան գալը։ Դահլիճում թիկնակներով փայտյա նստարաններ են շարված։ Ղազախստանի Էկիբաստուզ քաղաքի այս երկաթուղային կայարանը մեկն է այն տիպային կայարաններից, որոնք չնչին տարբերությամբ կային ԽՍՀՄ-ի երկաթուղային կայարան ունեցող շրջանային նշանակության քաղաքներում։

Կառամատույցում սպասողները սկսեցին շատանալ` առաջացնելով բազմաթիվ 6-8 հոգիանոց առանձին ջոկատներ։ Բոլորս այստեղ ենք հայտնվել ինստիտուտի սեսիոն քննություններն արտահերթ հանձնելուց հետո, այսպես կոչված ուսանողական շինարարական ջոկատ առաջապահի, ինչպես ուսանողների մոտ էր ընդունված այդ տարիներին ասել, «պարտիզանի» կարգավիճակում: Մենք, հեռվից նայելու դեպքում միայն, ջինս հիշեցնող կոպիտ գործվածքով կապտավուն կտորից կարված միանման տաբատներով և բաճկոններով ենք։

Մեր ջոկատը 6 հոգուց է, ուսումնական երեք խմբի՝ յուրաքանչյուրից երկուական ներկայացուցիչներով։

– Չվացուցակով գնացքը պետք է տեղ հասած լիներ, գնամ ուշացման պատճառն իմանամ տեղեկատուից, – անհանգստացավ Սուրենը։

– Տեսնես Կաբանը հիմա ինչ է անում, – սրամտեց Վարդանը մինչև ինձ նայելը մնացածին աչքով անելով։

– Գոգային հարցրեք, կասի, – էստաֆետն ընդունեց Ռաֆոն, Վազգենի հետ երկու կողմից թևանցուկ անելով ինձ։

– Թեյ է պատրաստել, նստել ստվերում ու մեր խմբին է սպասում։ Ասեցի եկողները քառասունից ավելի են լինելու, նեղություն մի քաշի։ Ասեց պիտի ապահովեմ, հաստատ եկողները շատ ծարավ են լինելու, – սրամտողներին հակադարձեցի ես, – հիշեք մեր առաջին օրը։

– Գնացքի ժամանելուց դեռ 1,5 ժամ կա, – հայտնեց Սուրենը տեղեկատուից իմացածը։

– Այդ օրվա Կաբանի հյուրասիրած թեյը իրոք անմոռանալի էր, – խառնվեց խոսակցությանը Գնելը, – փրկություն։

Արդեն ազատ աքսորյալի կարգավիճակում գտնվող ազգությամբ ղազախ Կաբան մականունով մարդն Էկիբաստուզին մոտ գտնվող այն անավարտ շինարարությունով տարածքի պահակն էր, որտեղ մենք պետք է աշխատեինք։ Հենց այստեղ էլ գտնվող երկհարկանի շինությունն որպես բնակվելու տեղ մեզ էր հատկացվել հյուրընկալող շինարարական կազմակերպության կողմից։ Մենք մինչև այստեղ հայտնվելը Երևանից ինքնաթիռով թռել էինք Մոսկվա, ամբողջ օրը՝ մինչև ուշ գիշեր մնալով Մոսկվայում, առավոտյան կողմ ինքնաթիռով թռել Ղազախստանի մարզային կենտրոն հանդիսացող Պավլոդար քաղաք, որտեղից էլ մեզ դիմավորած շեֆական կազմակերպության երկու ներկայացուցիչների՝ Մարատի և Յաշայի հետ, ավտոբուսով տեղափոխվել Էկիբաստուզ քաղաք։ Մեզ իրենց ձեռնարկության ճաշարանում կերակրելուց հետո Մարատը բեռնատար բերեց, պահեստից բեռնեցինք 50 հատ անկողին ու երկաթյա մահճակալ, որոնք հետո բեռնաթափեցինք քաղաքից դուրս գտնվող այդ շինությունում։ Ու երբ ուշ երեկոյան հոգնած նստեցինք հանգստանալու, տափաստանային քամիների հետ վրա հասավ իրիկունը։ Աղյուսե շարվածքով այդ շինությունում բացի պատերի շարվածքին ու կտուր – պատուհաններին ուրիշ ոչինչ չէր արված։ Աղյուսե շարվածքի առանձին հատվածներում աղյուսներ շարելիս շաղախը անհամաչափ շերտով շարքերի մեջ փռելու հետևանքով այնպիսի անցքեր կային, որ դուրսը պարզորոշ երևում էր։ Եվ քանի որ տարածքը տափաստանային գոտում էր, հաճախակի փչող քամիներն այդ անցքերով անարգել ներս էին թափանցում, դրսից այդ պահին իրենց բերած փոշով և նախկինում նույն ճանապարհով ժամանած փոշիներին էլ հանգստի ռեժիմից հանելով կատարում էին համատեղ յուրօրինակ փոշեպար։

– Այստեղի ջուրը խմելու բան չէ, ծարավ կմնանք, բայց չենք խմի, – ջոկատի ցույցն ինձ ավելի քան հասկանալի էր։

Դուրս եկա։ Մեր նստավայրից քիչ հեռու գտնվող վագոն տնակում լույս երևաց։ Վագոն տնակի դուռը բացած մոտ 50-ն անց տարիքի ջլապինդ, ղազախի դիմագծերով մարդը հարցական նայեց ինձ։ Ասի.
– Բարև, հարևան։
Ձեռքը մեկնեց ինձ, ներկայացավ.
– Կաբան։
– Գագիկ։
– Ներս արի, Գոգա։
Ներս մտա։ Ներսում սեղան, անկողին, սառնարան ու մի փոքր պահարան կար, պահարանի դարակին՝ սպասքեղեն։ Առանց հարցնելու սեղանին դրված ձեռքի ռադիոընդունիչը մի կողմ հրեց, մի բաժակ էլ սեղանին դնելով թեյ լցրեց.
– Խմիր ուսանող, ծարաված կլինես, այստեղ ծարավդ միայն թեյով ես հագեցնելու, դուք այստեղի ջուրը չեք հավանի։
Ռադիոընդունիչի ձայնը բարձրացնելով, ավելացրեց.
– Հայ է երգում, լավ երգ է։

Ու չնայած որ ես երաժշտական ընդունակությամբ, մեղմ ասած չեմ փայլում, բայց դա իհարկե լսել էի. Մանուել Մենենգիչյանի հանրահայտ ««Երջանկության արցունքներն,, էր։ Թարգմանաբար ասեցի երգի անունը, հակիրճ՝ միտքը։ Կաբանը մի պահ թախծեց։
Ինչպես պարզվեց, առանց տեղական ակցենտի, մաքուր ռուսերենով խոսող Կաբանը մինչև ներկայիս ազատ աքսորյալի կարգավիճակին արժանանալը խիստ ռեժիմով 12 տարի բանտարկված է եղել։ Ինչ էր արել. իր աշխատավարձը սխալ էին հաշվել, վիճել էր, հետո գլխավոր հաշվապահի հետ, որի բաժնում իր կինն էր աշխատում, աշխատանքից հետո հացկերույթ էին արել հաշտվելու համար։ Բավականաչափ խմելուց հետո խնջույքի պրոցեսը ծանր վիճաբանության էր վերածվել, իսկ ուշքի էր եկել միայն հաջորդ օրը միլիցիայի մեկուսարանում։ Պարզվել էր հաշվապահի վիզը կտրել է։ Իրականում իր կնոջ հետ կապված հարց էր թե աշխատավարձի, ավելին մանրամասնել նա խուսափեց, ես էլ նրբանկատորեն չհարցրի։ Պատմելուց հետո Կաբանը անսպասելիորեն փիլիսոփայեց.
– Մարդու կյանքը նման է մութ թունելի մեջ ընթացքի, որի վերջում լույս է երևում։ Դու ոտքերիդ տակ չնայելով գնում, գնում ես մագնիսի նման դեպի իրեն քեզ ձգող այդ լույսը։ Այն երբեմն շատ մոտ է լինում, մեկ էլ անսպասելիորեն մթության մեջ անհարթության ես հանդիպում, կամ էլ ոտքիդ տակ քար է ընկնում ու դու սայթաքում ընկնում ես, իսկ այդ պահին թունելն երկարում է ու լույսն անհետանում։ Դու բարձրանալով ու կրկին տեսնելով հեռվից մագնիսի նման դեպի իրեն ձգող ցանկալի լույսը, կրկին շարունակում ես քո ընթացքը, հավատալով, որ այն քեզ շատ մոտ է ու հասանելի։ Ու այդպես ամբողջ կյանքում։
Հետո անսպասելիորեն թեման փոխեց.
– Քո մասին պատմիր։
Պատմեցի հնարավորին չափ կարճ։ Կաբանը հասկացողությամբ վերաբերվելով վաղամեռիկ ծնողներ ունեցող ուսանող կարգավիճակիս, հարցեր չտվեց.
– Թեյնիկը տար, ձերոնք էլ ծարավ կլինեն։
– Մենակ ինչ ես անելու, արի գնանք մեր մոտ։
Վահագն իր ֆիրմային կոնյակներից մեկը կամավոր զոհեց։ Կաբանը շատ հավանեց, անասելի շոյված էր։ Իսկ վաղ առավոտյան….
– Գո՛գա։
– Ընկերդ է, քեզ է ուզում, – ձայնեցին տղաները։
– Գնանք ինձ մոտ։
Վագոն տնակում սեղանին մի շիշ վրացական կոնյակ էր, երկու փոքր բաժակ, երկու շոկոլադե սալիկ։ Ոնց էլ հասցրել է ճարել. մեր մոտից գնաց գիշերը երկուսին, հիմա առավոտյան յոթն է, իսկ մինչև քաղաք 8 կմ է։
– Պետք է խմենք, դու լավ մարդ ես։
Խմել, այն էլ առավոտյան, չեմ ուզում, մանավանդ որ օրը նոր է բացվում, շոգ օրը։
– Կաբան ջան, սրա կարիքը չկար, բայց որ մտքովդ անցել է, արի գնանք մեր տղաների մոտ, բոլորովս կխմենք։
Տղերքը թթվեցին, վաղ առավոտյան խմելս որն է, բայց հասկացրի, որ մարդիդ մի բաժակ է հասնելու, խմեք, որ այս մարդն իրեն լավ զգա։ Նաև՝ իրենց խմածի շնորհիվ էլ իմ բաժին խմելիքը կպակասի։
Մի շաբաթն աննկատ անցավ։ Ապրելատեղը կարգի բերինք, Մարատի ու Յաշայի ցուցումներով դրսում ամառային բաղնիք պատրաստեցինք, փորձարկեցինք, այն այս շոգին իսկական փրկություն էր։ Եկավ հիմնական խմբին դիմավորելու օրը։
Կայարանի տեղեկատուն հայտնեց, որ գնացքը կժամանի մոտ մեկ ժամից։ Կառամատույցը ջինսանման հագուստ կրողներով վերջնական հագեցավ։ Այստեղ ամեն մի 5-6 հոգիանոց ջոկատ սպասում է իր հիմնական 45-50 հոգիանոց համալրմանը։ Իրիկնանում էր ու ի հաշիվ վրա հասած իրիկնային քամու շոգը համեմատաբար նահանջեց:
– Տղերք հասեք, մերոնց ծեծում են։

Կայարանի բարձրախոսն էր, ինչ – ինչ պատճառով հայերեն խոսեց։ Առանձնացած ջոկատներն աշխուժացան, խմբվելով մի գիծ դառան։ Նրանց հոսանքն եկավ, հասավ մեզ, լուծեց իր մեջ ու տարավ դեպի կայարանամերձ խորտկարանը։ Երբ մենք ներս վազեցինք, սեղանները արդեն շրջված էին, աթոռներ էին թռչում այս ու այն կողմ մեզնից առաջ այստեղ հայտնված ջինսակիրների կողմից, իսկ հակառակ կողմի մուտքով տեղացի այցելուները սարսափահար դուրս էին փախչում։ Միացյալ հոսանքը նրանց հետևից դուրս եկավ, ճանապարհեց մինչև կայարանամերձ թաղամասի շենքերի առաջին շարքն ու հաղթական շքերթով շրջվեց դեպի կայարան։ Վերադառնալիս մենք վերջապահն էինք։
Թ՛րխկ։

– Քար է, ո՞րտեղից ընկավ, – Վահագը կռացավ, վերցրեց այն ու վեր նետելով ճարպկորեն բռնեց իր կողմից բավականին բարձր նետված քարը, ցուցադրելով իր մարզիկ լինելու փաստը։
– Հետ նայի, – թևս ձգեց Սուրենն, ու մինչ Վահագը հնարք էր ցուցադրում, ես հասցրեցի շրջվել ու տեսնել կայարանամերձ թաղամասից դեպի երկաթուղային կայարան եկող բազմության հոսքը։ Մի ամբողջ թաղամասի բնակչություն՝ տղամարդ, կին, երեխա, քարեր շպրտելով, զինված փայտե և երկաթյա ձողերով, գազազած մեր ուղղությամբ էր գալիս։ Ընկնող քարերը վտանգավորության աստիճանի սկսեցին շատանալ։ Պատասխան տվեցինք իրենց եղանակով՝ ուղարկված քարերն իրենց ուղղությամբ նույն կերպ վերադարձնելով։ Թիկունքով դեպի մոտեցող բազմությունը շրջվելը գնալով վտանգավոր էր դառնում. օդից եկող քարի անձրևից հարված ստանալու հավանականությունը շատ մեծ էր։
– Տղաներ, հետ եկեք, գնացքը հիմա կմոտենա, – դասախոսներն են հրահանգում ապահով հեռավորությունից։
Նահանջի ճանապարհը սեղմվեց երկու կողմից գտնվող երկաթուղու գծերի մեջ, նեղացավ ու մեր վեցյակը ինքնաբերաբար կիսվեց երկու մասի։ Առջևում ես եմ, Սուրենն ու Վահագը։ Գնելը, Ռաֆոն ու Վազգենը երկրորդ շարքն են ձևավորել։ Մեր վեցյակի ու մոտեցող բազմության հեռավորությունը գնալով վտանգավորության աստիճանի փոքրանում էր։ Բնազդաբար մենք իրար մոտ ենք մեզ պահում։ Նայում ենք օդից ընկնող քարերին, հարվածից խուսափելով մի կողմ ցատկում, արագ կռանալով վերցնում դրանցից ու շպրտում մեզ մոտեցող բազմության ուղղությամբ, այդ պահին մեջքով հետ – հետ մի քանի քայլ անելով։ Բայց բազմությունը մեզ ավելի արագ էր մոտենում, իսկ երկաթուղային կայարանամերձ փրկարար տարածքից մենք դեռ հեռու էինք։
– Հետ եկեք, հետ եկեք, – դասախոսների կոչերին են միացել մեր ընկեր «պարտիզանները»։ Նրանք հասկանում են որ իրենց առաջ գալը կարող է բախումը բերի անկանխատեսելի վիճակի, չխառնվելը՝ մեր վեցյակի հետ ցանկացած վատ սցենարի։
Հեշտ է ասել հետ եկեք: Եթե շրջվենք վազքով հեռանալ փորձելու համար՝ քարերի հարված ենք ստանալու թիկունքից։ Ելք եմ փնտրում, աչքի տակով անընդհատ նայելով տղաներին։ Դիմանում են։ Մեկ էլ հակառակորդի կողմից քարեր շպրտելն անսպասելիորեն դադարեց։ Արդեն մոտ 10 մետրի վրա մեր առջև գտնվող բազմությունն անսպասելիորեն կանգնեց ու մեջներից մի հսկա տղամարդ դուրս եկավ երկաթե մեծ ձող ձեռքին։ Նա ձողը փետուրի պես ձեռքին խաղացնելով դանդաղ, հանգիստ քայլերով սկսեց դեպի մեզ գալ։ Երևում է բազմությունը մեզ պատժելու ավելի «քաղաքակիրթ» ձև էր ընտրել։ Եթե խորտկարանում ջինսակիրները մեծամասնություն կազմելով կարողացել էին տեղացիներին «դաս» տալ՝ դուրս մղելով իրենց տարածքից, ապա հիմա նրանք կրկին, բայց այս անգամ կամավոր թվային առավելություն տալով մեզ՝ իրենց մեկին հանելով մեր վեցի դեմ, որոշել էին կիրառել պատժի յուրօրինակ ձև։ Հետո, դեպքի հանգուցալուծումից հետո, երբ փորձեցինք այդ պահի զգացողությունը միմյանց պատմել, մի հարցում համամիտ էինք. միայնակ փախչել – փրկվելն ոչ մեկիս մտքով չէր անցել։ Բայց այժմ տարածությունը գնալով կրճատվում էր, ու ևս մի քանի մետր և հսկայի երկաթյա ձողի հնարավոր հարվածների տակ ընկնելով մեզնից ոմանք կտապալվեն գետնին։ Ձողը շատ մեծ է, հսկան էլ իրեն միաժամանակ մոտենալու դեպքում կհասցնի մի քանի վտանգավոր հարված հասցնել։ Ավելին, այդ դեպքում ավելի մոտ գտնվող բազմությունը կխառնվի։ Մեր պաշտպանական գիծը ինքնաբերաբար դառնում է կորաձև. Սուրենը կենտրոնում է մի քիչ հետ քաշված, թևերում ես ու Վահագը մի քիչ առաջ։

Դաղստանցի, ազգությամբ ավար, բռնցքամարտից առաջին կարգային խորհրդային բանակի բանակային ընկերոջս տված բռնցքամարտի դասերն ու բանակում սովորած ինքնապաշտպանության հայտնի հնարքների կիրառումը հիմա արդյունավետ չի լինի։ Ուրիշ բան է պետք, այն, ինչը նա ստիպողաբար, առանց վկաների ինձ սովորեցրել էր, նախօրոք խոստում վերցնելով, որ ծառայության ընթացքում չեմ կիրառի։ Դա այսպես կոչված փողոցային կռվի ձևերի իմացությունն էր, որոնց տիրապետումը հնարավորություն կարող էր տալ հետագայում փրկել իմ, մտերիմներիս կամ որևէ մեկի կյանքը անսպասելի առաջացած տհաճ իրավիճակում։ Որպես տեսական մաս, դաղստանցին ասում էր, որ ի տարբերության ընդունված հնարքների, փողոցային կռիվը մի առանձնահատկություն ունի – այն օրենքներ, կանոններ չունի և միասնական դեղատոմս այդպիսի դեպքերում չի տրվում։ Այդպիսի դեպքերում պետք է կարողանալ առանց խուճապի արագ կողմնորոշվել ըստ տվյալ իրավիճակի և որպես զենք, եթե դրա անհրաժեշտությունը առաջացել է, օգտագործել մոտակայքում գտնվող ցանկացած իր։ Եթե ներքաշվել ես կռվի մեջ, պետք է համբերություն ունենաս միայն պաշտպանվել սեփական անվտանգության ապահովման սահմանում, դիմացինի կյանքի համար վտանգավոր հնարքներ հնարավորինս չկիրառելով։ Իսկ եթե քո կյանքին ռեալ վտանգ է սպառնում, ապա….Այն ժամանակ գաղտնի դասավանդումը տեսական ու փորձնական մասով ավարտելուց հետո նա հանգիստ շունչ քաշելով եզրափակվեց. հիմա քեզ համար հանգիստ եմ։

Ու հիմա էլ հենց այդ կարգի փողոցային կռվի իրավիճակն է, եթե տեսներ, կասեր հեռատես բանակային ընկերս։ Շուրջս եմ նայում համարժեք մի մետաղաձող գտնելու հույսով։ Հարմար բան չկա։ Քար էլ չկա։ Երեք մետր, երկու մետր ու հսկան բարձրացրեց ձողը հարվածի ուղղությունը ընտրելով մեր եռյակի կենտրոնում իրեն ավելի մոտ կանգնած Սուրենից։ Ուղեղս մշուշապատ է, մի ակնթարթ աչքիս երևաց համակուրսեցիներիս ծնողների դեմքերն ու ճանապարհելուց առաջ ասված խոսքերը. « Գագիկ ջան, բոլորս ներքին անհանգստություն ունեինք, բայց երբ իմացանք, որ դու էլ ես գնում, հանգիստ ենք մեր տղաների համար։ Դու իրենց նկատմամբ միշտ ուշադիր ես եղել, իրենք քեզ միշտ տանը գովել են ուսանողների և ուսանող — դասախոս կոնֆլիկտները հարթել կարողանալու համար։ Հուսով եմ անփորձանք կվերադառնաք»։
Հանգիստ, ասում եմ ինքս ինձ, ելք հաստատ կա։ Ու…..Աչքս գետնին է ընկնում, միաժամանակ անտեսանելի կապով բանակային ընկերոջս հրահանգն է գալիս ուղեղիս. ավազափոշին էլ է զենք …։ Կռանում եմ, ասֆալտի մեջի փոսորակում եղած ավազափոշին հավաքում բռիս մեջ ու կանգնում։ Իմ շարժումը իր նկատմամբ ուղղված համարելով, հսկան քմծիծաղով ձողը թեթևորեն մյուս ձեռքը արագ տեղափոխելով վերջնական թիրախ է ընտրում ինձ։ Մի ակնթարթ, և նրա իմ ուղղությամբ արդեն բարձրացրած երկաթաձողը, եթե ես ոչինչ չձեռնարկեմ, ինձ գետին կտապալի։ Այդ պահին ձախ ձեռքս մի քիչ բարձրանում, հետ է գնում, ընդունելով հարվածային դիրք, իր վրա գրավելով հսկայի ուշադրությունը։ Առաջ շարժվելով ու հարմար պահն որսալով աջ ձեռքիս մեջ հավաքած ավազափոշին շպրտում եմ աչքերը լայն բացած դեպի ինձ ուղղված նրա դեմքին։ Հսկան մի ձեռքը տանում, տրորում է ավազափոշիով լցված աչքերը, որից բնականաբար աչքերի ցավն ավելի է ուժեղանում։ Այդ պահին ձողը պահող մյուս ձեռքը նախնական ուղղությունից շեղվելով թուլորեն իջնում է Սուրենի ուղղությամբ։ Մինչ կհասցնեի տղաներին զգուշացնել, որ իրավիճակը փոխված է և հակառակորդի ժամանակավոր կուրացումից օգտվելով մեզ մնում է արագ հեռանալ, Սուրենն ուժեղ ձգում է ձողի ծայրից, խլում, բարձրացնում և հարվածում է հսկայի գլխին։ Հսկան դանդաղեցրած գործողությամբ տապալվում է գետնին։ Ամբոխը մի պահ քարանում է դեպքերի նման ընթացքից։
– Փախանք, – հրահանգում եմ ես։

Ու մինչև ամբոխը կմարսեր կատարվածը՝ որոշելով գործողությունների շարունակական ընթացքը, մեր մինչ այդ պատանդված ջոկատը համերաշխորեն շրջվում է ու գծանց կատարելով ակնթարթային արագությամբ հայտնվում երկաթուղային կայարանի սպասասրահի մոտ խմբված ջինսակիրների փրկության ճամբարում։ Այդ պահին բարձրախոսը հայտարարում է գնացքի ժամանման մասին։ Այն գալիս և որպես երկաթյա պատնեշ կանգնում է տեղացիների ամբոխի և մեր միջև։ Հատուկ երթով ժամանած գնացքից իջնում են մեր ընկեր «ջինսակիրները»: Թվային գերակշռությունը կրկին փոխվում է։
– Ժամանողներին կռվի մասին ոչ մի խոսք, – խնդրում են դասախոսները։
Երեկոյան երբ նոր ժամանածներին տեղավորեցինք ու գիշերը մեր վեցյակով դրսում քննարկում էինք կատարվածը, մի հարցում բոլորս անհանգիստ էինք` հսկան հանկարծ մահացած չլինի։ Ուշ ժամի մեզ դրսում տեսնելով, անհանգստացած Կաբանն ինձ հրավիրեց վագոն տնակ։ Պատմեցի կատարվածը։
– Երեք օր քաղաք չգնաք, ամեն ինչ կհարթեմ։
Երկու ամիսը զարմանալիորեն արագ անցավ։ Երբ մոտեցա Կաբանին հրաժեշտ տալու, նա վագոն տնակի առաջ նստած փայտե ձողով ավազին ինչ – որ բան էր նկարում։ Ինքը տեսնելով ինձ, տեղից բարձրացավ, ընդառաջ եկավ։ Ի՞նչ էր նկարում, չկարողացա տեսնել։ Ջերմ հրաժեշտ տվեց.
– Եթե երբևիցե մեր կողմերում հայտնվես, հանդիպի։ Մնալու եմ այստեղ։ Տանը սպասող չունեմ։
Մեր ավտոբուսը շարժվեց։ Վերջին անգամ նայեցի վագոն տնակի ուղղությամբ։ Կաբանը այնտեղ նստած իր նկարչությունն էր անում ավազի վրա։ Գուցե՞ թունել էր նկարում լուսավոր ելքով, գուցե՞….Ո՞վ գիտի։
Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ
2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031