Այս տարի Հայաստանում գնաճի մակարդակը շատ ավելի ցածր է, քան անցած տարի էր. ավելին՝ վերջին ամիսներին անընդհատ նվազում է։ Հակառակ դրան, գնաճային բացասական սպասումների պակաս չկա, որոնք թելադրված են գերազանցապես ներքին տնտեսական միջավայրից։
Ներկայումս Հայաստանում գնաճը գտնվում է նախատեսված միջակայքի անգամ ստորին հատվածից ներքեւ։ Վիճակագրական ծառայության դիտարկումներով, հուլիսին 12-ամսյա գնաճը գրեթե զրոյացել է (ընդամենը 0,4 տոկոս)։ Նախորդ ամսվա համեմատ գնաճի մակարդակը զգալիորեն նահանջել է։ Ինչպեսեւ կանխատեսում էր Կենտրոնական բանկը, դրան ըստ էության նպաստել է այն, որ այլեւս չեզոքացել է անցած տարվա հուլիսի 7-ից արձանագրված էներգակիրների թանկացման ազդեցությունը։
Վիճակագրական ծառայությունը հուլիսին արձանագրել է ոչ միայն 12-ամսյա, այլեւ տարեկան գնաճի մակարդակի նվազում։ Եթե առաջին կիսամյակում այն կազմում էր 4, ապա յոթ ամիսների ընթացքում դարձել է 3,4 տոկոս։
Գնաճի մակարդակի անկմանը նպաստել է առաջին հերթին պարենային ապրանքների գների նվազումը։ Հուլիսին այն կազմել է 1,9 տոկոս։ Թեեւ նախորդ տարվա համեմատ բազմաթիվ ապրանքներ ավելի թանկ են։ Դա նկատվել է մասնավորապես մրգերի շուկայում։
Կարդացեք նաև
Այս տարի մեղմացել են նաեւ արտաքին հատվածից թելադրված գնաճային ճնշումները։ Թեեւ առանձին ապրանքների դեպքում հուլիսին որոշակի ակտիվացում նկատվել է։
Խոսքը վերաբերում է հատկապես կենդանական եւ բուսական յուղերին։ Թանկացել է հատկապես արեւածաղկի ձեթը։ Թե դա որքանով է կապված եղել վերջին ամիսներին ակտիվացած հարկային վարչարարության հետ, դժվար է ասել։ Ամեն դեպքում, սա այն բազմաթիվ շուկաներից մեկն է, որտեղ հիմնական խաղացողներից մեկը հասարակությանը քաջ հայտնի գործարար Ս.Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է։
Գնաճային որոշակի միտումներ են նկատվել հրուշակեղենի շուկայում։ Գներն այստեղ անցած տարվանից բարձր են 5 տոկոսով։ Իրավիճակը հանգիստ է մսամթերքի շուկայում։ Վառելանյութի գները եւս հուլիսին կայուն են եղել։ Փոխարենը թանկացել են բժշկական ծառայությունները։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում