Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկվածի բողոք. դատական սխալի ուղղո՞ւմ, թե՞ «դատական ակտի կայունության» շահարկում (Տեսանյութ) 

Օգոստոս 01,2014 12:09

Ցմահ ազատազրկման դատապարտված, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի բողոքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ներկայացրեց նրա փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Բողոքը բերված էր ՀՀ գլխավոր դատախազության այս տարվա մայիսի 31-ի որոշման դեմ, համաձայն որի՝ մերժվել էր նոր երեւան եկած հանգամանքների հիմքով վերանայել ցմահ ազատազրկվածի նկատմամբ կայացրած դատական ակտը:

Հիշեցնենք, որ 1995թ. դեկտեմբերի 1-ի դատավճռով Ս. Քոչարյանը դատապարտվել է մահապատժի: ՀՀ նախագահի 2003թ. օգոստոսի 1-ի թիվ 103Ա հրամանագրով Քոչարյանին ներում է շնորհվել, նրա նկատմամբ նշանակված պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Ռոբերտ Ռեւազյանը հայտնեց, որ այս տարվա մայիսի 19-ին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է հաղորդում, որում վկայակոչվել է Քոչարյանի վերաբերյալ գործով ՀՀ գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի՝ «Դատախազը» վավերագրության մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը մեղադրանքը պաշտպանելիս համաձայն չի եղել Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, «սակայն այն ժամանակվա գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը համոզել է իրեն՝ բացատրելով, որ խստագույն պատիժը պայմանավորված է Հայաստանում Իրանի դեսպանի պահանջով»:

Ցմահ ազատազրկվածի ներկայացուցիչը հայտնեց, որ գլխավոր դատախազությունը ճիշտ չի մեկնաբանել օրենքը, երբ մերժել է լրագրողների հաղորդումը, մասնավորապես՝ պատասխանելով. «Հաղորդմամբ ներկայացված չէ այնպիսի հանգամանք, որն ինքնին կամ այլ հանգամանքների հետ կհաստատի Սողոմոն Քոչարյանի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է: Դրանում ընդամենը վկայակոչված է գործով մեղադրողի հայտարարությունը՝ անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին»:

Ի դեպ, այսօր էլ դատարանում գլխավոր դատախազության ներկայացուցիչը պնդեց նույնը, նաեւ հայտնելով, որ եթե վերանայվի Սողոմոն Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը կամ որեւէ այլ մեկինը, դրանով դատական ակտերի կայունությունը կխարխլվի:

Ռոբերտ Ռեւազյանն անդրադարձավ նաեւ տվյալ գործով դատախազի նկատմամբ տեղի ունեցած միջամտությանը, դատարանի նկատմամբ միջամտությանը: Նրա գնահատմամբ՝ գործով մեղադրողը քրեական դատավարության առանցքային դերակատարներից մեկն է. «Եթե մեղադրողի դիրքորոշումը էական չհամարվեր, քրեական դատավարությունը օրենքի ուժով չէր սահմանի դատախազի պարտավորությունը չեզոք եւ անկողմնակալ լինելու վերաբերյալ, իսկ քրեական օրենսգիրքը դատախազի գործունեությանը միջամտելը չէր դիտի որպես հանցագործություն»:

Բողոքաբեր կողմը անդրադարձավ նաեւ Սահմանադրության 19-րդ հոդվածին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու իրավունք՝ մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար, հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, հրապարակային քննության իրավունք:
Բողոքի քննությունը կշարունակվի օգոստոսի 25-ին:

 

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. MIka says:

    դատական ակտերի կայունությունը կխարխլվի…. մի հատ նման մտածելակերպի ամբողջ անմարդկայնությունը պատկերացրեք…. փաստորեն բացահայտ սխալ դատավարության արդյունքում մարդուն ցմահ են տալիս, թքելով արդարադատության ճակատին դեռ քիչ չի, հետո էլ պնդում են որ կխարխլվի դատական ակտերի կայունությունը…. սա նույիսկ խորհրդային դատախաղության պահվածքից ավելի անմարդկային է և իրավական առումով լռրվ բռնատիրական ու ապօրինի…. նույնիսկ Ստալինի ժամանակվա բռնադատվածներին ռեաբիլիտացրեցին ու աքսորներց հետ բերեցին, իսկ մեր դատախազությունը փաստորեն որոշել է Պոլ Պոտի ոգով առաջ գնալ… չի լինի տղերք դուք պետք է փոխվեք, որովհետև “դատական ակտերի կայունությունը” ստորադաս է մարդու արդար դատաքննության իրավունքին…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031