Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմվածք. Փայլակի փիլիսոփայությունը

Օգոստոս 01,2014 12:03

Ես` Փայլակ Փայասլյանս, մի քիչ փիլիսոփայական բնավորություն ունեմ: Իմ փիլիսոփայությունը խառը ուսմունք է, ոչ մատերիալիստական է և ոչ էլ` իդեալիստական: Բայց եթե ճիշտն ասեմ, ես փիլիսոփայությունից ոչինչ էլ չեմ հասկանում: Տատիս ասածով եմ ամեն ինչ դատում, որը միշտ կրկնում էր. «Փայլակ ջան, հերիք է փիլիսոփայես, գործ արա»: Կյանքիս հետագա ընթացքում էլ հասկացա, որ իմ իմացած փիլիսոփայությունը հենց այնպես, պարապ խոսելն ու գործ չանելն է:

Բայց ուղղորդվելով տատիս ասած փիլիսոփայությամբ, ես սկսել եմ աշխատել, գործով եմ զբաղվել, հարմարվել եմ կյանքին` քամելեոնի պես գույնս փոխելով: Կյանքը շատ եմ սիրում, ու կյանքն էլ` բնականաբար, ինձ: Դպրոցում միջակ աշակերտ էի, մի կերպ ավարտեցի տասնամյակը, հասունության ատեստատ ստացա, ծանոթով ընդունվեցի ինստիտուտ (հիմա այն համալսարան է կոչվում), փողով, ծանոթով մի կերպ ավարտեցի:

«Բարձրագույնի դիպլոմը միշտ էլ հարգի բան է, պետք կգա»,-մտածում էի ես:

Բարձրագույնը ավարտելուց հետո մի որոշ ժամանակ փիլիսոփայում էի, այսինքն, գործ չէի անում, հետո տոնավաճառում տեղ վերցրեցի, աշխատեցի, բայց դժգոհ էի, վաստակածս քիչ էր, զբաղեցրած տարածքի վարձակալության գումարն էլ, դե գիտեք ինչ չափերի է հասնում:

«Բա նորմալ տղամարդը ամբողջ ամիսը աշխատի ու այդքան քիչ փող տուն տանի»,- հարցնում էի ինքս ինձ: Երևի ճիշտ ժամանակին թողեցի «տոնավաճառային բիզնես» կոչվածը, ծանոթիս հետ մեկնեցի Ռուսաստան: Կոշիկ էինք կարում, վաճառում, հաճախորդների ճաշակին համապատասխան նաև պատվերներ ընդունում: Բա, հո հեշտ գործ չէ հաճախորդի հետ աշխատելը: Սկզբում արտադրանքի ինքնարժեքի կրկնակին էինք վերցնում, հետո կամաց-կամաց այն դարձրինք բազմապատիկը` պատվիրատուների պահանջարկը մեծանալուն զուգընթաց: Հաճախորդները գոհ էին, ես էլ` գոհից-գոհ:

Հարգանքն էլ փոխադարձ էր: Շուկայական հարաբերություններով էինք ուղղորդվում ու ապրում:

Հետո ձեռք բերած շահույթով երեք սենյականոց սեփական բնակարան գնեցի:

Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերեցի, որ թոշակի անցնելուց հետո կարգին թոշակ ստանամ: Բայց բիզնեսիս «խփեցին», խանութները լցնելով չինական էժան կոշիկներով: Սակայն դրանում էլ շուտով մասնագիտացա` խանութներից գնում էի Չինաստանից բերված էժան կոշիկները, «Made in China»-ն ջնջում էի ու «Made in USA» կպցնում, տանում ուրիշ քաղաք, իրացնում: Բիզնեսս ծաղկում էր, շահույթը մեծանում: Սկզբում ժիգուլի մարկայի ավտոմեքենա գնեցի, որ տեղաբնակները չնախանձեն ու գործս չփչացնեն, հետո մերսեդեսով փոխարինեցի, կահ-կարասի գնեցի, ավտոտնակ վարձեցի:

Տասը տարի առոք-փառոք ապրում էի կնոջս և երեխաներիս հետ: Մի օր էլ կինս թե`

-Ա’յ, Փայլակ, չե՞ս մտածում հայրենիք վերադառնալու մասին:

-Ի՞նչ հայրենիք, ի՞նչ բան, ա’յ կնիկ,-ասացի,-բա սա հայրենիք չէ, ի՞նչ է:

-Երևանն եմ ուզում, մերոնց կարոտել եմ, մայ-րա-քա-ղաք, մի քիչ ձայնը բարձրացնելով` հեգեց կինս, մենք ումի՞ց ենք պակաս, որ մայրաքաղաքում չապրենք: Ուզում եմ օպերա, թատրոն, համերգներ հաճախել, շորերս ուրիշին ցույց տալ, պահարանում փտում են:
«Իբր թե էդ ասածդ տեղերն էլ գնալու ես, քաղքենի’»,-մտքումս ասացի ես ու դեմքս խոժոռեցի:

Կինս զգալով, որ այս ձևով վրաս չի կարող ազդել, դիմեց խորամանկության, փափկեց, վզովս ընկավ, մի քանի փաղաքշական խոսքեր շշնջաց ականջիս, այտս կեղծ, երևի զզվելով համբուրեց, մտերմիկ շոյեց ճաղատ գլուխս:

Ես մոմի պես հալվում էի, կամաց-կամաց ենթարկվում կնոջս ասածների մոգական ուժին: Այդպես դանդաղորեն նահանջեցի, և մի օր էլ հավաքեցինք մեր փալաս-փուլուսը, տունը, ավտոմեքենան վաճառեցինք ու ճամփա ընկանք դեպի Հայաստան:

Երևանում չորս սենյականոց բնակարան ձեռք գցեցի, բայց վեց ամիս գործ չէի ճարում, նորից փիլիսոփայում էի: Հին գործը արդեն եկամտաբեր չէր, մյուս կողմից էլ կինս պաշտոնի էր ինձ հրահրում:

Հաճախ էի Պուշկինի «Ոսկե ձկնիկի» պատմությունը մտաբերում:

Վերջապես, կաշառքով ու ծանոթությամբ (հիմա դրան կոռուպցիա են անվանում) նշանակվեցի մոտակա համայնքի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն: Թռչունը ազնիվ բան է, հատկապես` հավի ճուտը: Տղերքով ուտում-խմում էինք, ընտանիքս էլ ապահով էր:
Բայց ֆաբրիկայի սեփականատերը փոխվեց, ստուգումներ կատարեցին, բավական մեծ պակասորդ հայտնաբերեցին, ինձ աշխատանքից հեռացրին, դատի տվեցին:

Երեք տարի է, որ այստեղ եմ` աշխատանքային գաղութում, վերադաստիարակվում եմ, պարապ-սարապ օրս անց եմ կացնում և մի քիչ էլ փիլիսոփայությամբ եմ զբաղվում, գուցե խելքի գամ, ազնվանամ:

Ասում եմ` «Ա’յ Փայլակ, որ սրոկդ լրանա, բանտից ազատվես, պիտի ազնիվ աշխատանքով ապրես, հերիք է խարդախ կյանք վարես: Կմտնես որևէ ազդեցիկ կուսակցության մեջ, մի քիչ աչքի կընկնես, սրան-նրան կքննադատես ու հաջորդ ընտրական հատվածում պատգամավոր կդառնաս, հարգանք ու պատիվ կվայելես, բարձր աշխատավարձ կստանաս: Հաստատ, արդեն խելքի եմ եկել, հալալ ապրել եմ ուզում: Ժամանակը իր գործը անում է, երևի կհասցնեմ մնացած ժամկետիս երկու տարում այստեղ լրիվ վերադաստիարակվել և դուրս գալուց հետո` նոր կյանք սկսել»:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031