Արդեն շուրջ մեկ ամիս, իսկ եթե ավելի ընդգրկուն դիտարկենք, ապա այս տարեսկզբից ադրբեջանական կողմը է՛լ ավելի ընդգծված շարունակել է վերջին տարիներին որդեգրած արկածախնդրական գործելակերպը: Թեպետ սա ավելին է, քան պարզապես արկածախնդրությունը կամ սադրանքը: Սա, ըստ էության, պատերազմի վերսկսման հրահրում է:
Թե ի՞նչ է պետք անել զուտ ռազմական տեսանկյունից, կարելի է չկասկածել. մեր զինվորականությունը, սկսած հենց այս պահին զենքը ձեռքին դիրքում կանգնած շարքայինից ու վերջացրած սպայակազմով ու գեներալիտետով, հստակ գիտեն իրենց անելիքը եւ կատարում են:
Կարելի է, իհարկե, ենթադրել, որ ի լրումն ամենի, թշնամին ոչ միայն իրավիճակի ապակայունացման, մարտական գործողությունների ինտենսիվացման նպատակներ է հետապնդում, այլեւ զուտ մարտավարական առումով ակտիվ գործողություններով հետախուզում է մեր պաշտպանական բնագծերը, իր համար հստակեցնում ուժեղ եւ համեմատաբար թույլ տեղամասերը: Բայց դա դեռ մի կողմ:
Շատ ավելի էական է, թե ռազմականից բացի էլ ինչ է անհրաժեշտ անել:
Մեր կարծիքով, ինչպես ասվում է, պետք է գրոհել ու հակագրոհել միանգամից բոլոր ուղղություններով: Հատկապես՝ արտաքին-քաղաքական:
Մասնավորապես, կարծում ենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հանդես գա շատ խիստ եւ կոշտ հայտարարությամբ: Ավելին՝ Հայաստանը կարող է եւ, կարծում ենք, ստեղծված իրավիճակում նաեւ պե՛տք է անմիջապես դիմի ԵԱՀԿ նախագահին՝ որպես հակամարտության կարգավորման գործընթացում հանձնառու կազմակերպության ղեկավարի:
Ստեղծված իրավիճակում թերեւս տեղին կլինի պահանջել ԵԱՀԿ համապատասխան մարմնի կամ առնվազն Մինսկի խմբի համանախագահների արտակարգ հավաք-հանդիպում հրավիրել ու շատ կոշտ դնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը հետեւողականորեն խախտելու, Հայաստանի խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, նաեւ խաղաղ բնակիչների վրա կրակելու հարցերը:
Հակառակ պարագայում, եթե ԵԱՀԿ-ն ու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, որ իրենց հերթին են հայտնվել ուղղակիորեն հակամարտող ճամբարներում, միանգամայն կոնկրետ ու խիստ կերպով չսաստեն, չդատապարտեն Ադրբեջանի ղեկավարությանը, ապա հենց իրենք են վտանգում տարածաշրջանում հարաբերական խաղաղության հետագա ընթացքը: Ի վերջո, չի կարելի ամբողջ հույսը դնել հայկական կողմերի զսպվածության վրա: Մեր համբերությունն էլ, բոլորինի նման, իր սահմանն ունի:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում