Սույն թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 495 հազար 967 զբոսաշրջիկ։ Այսինքն՝ շուրջ կես միլիոն մարդ։ Սա 17.3 տոկոսով ավելին է, քան եղել է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածում։ Այս մասին «ՀԺ»-ն երեկ տեղեկացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանից։
Ընդ որում, ուսումնասիրությունները, ըստ նրա, ցույց են տալիս, որ Հայաստանը գնալով ավելի գրավիչ է դառնում նաեւ երիտասարդների համար։ Սահմանային անցման կետերում նախորդ տարի իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեր երկիր այցելած երիտասարդ զբոսաշրջիկների թիվը վերջին տարիներին աճել է 28 տոկոսով։ Նմանատիպ ուսումնասիրություն նախորդ անգամ իրականացվել էր 2006– 2007 թվականներին։ Այդ ժամանակ Հայաստան այցելած երիտասարդ զբոսաշրջիկների թիվը կազմել էր 6 տոկոս, իսկ արդեն նախորդ տարվա տվյալներով՝ 34:
Մեխակ Ապրեսյանից հետաքրքրվեցինք, թե հատկապես զբոսաշրջային ո՞ր վայրերն են հետաքրքրում արտասահմանցի մեր հյուրերին։ Նա դժվարացավ առանձնացնել որեւէ մեկը։ «Բոլոր վայրերն էլ հետաքրքիր են՝ կախված զբոսաշրջիկի տարիքից, նախասիրությունից, այցելության նպատակից»։ Զբոսաշրջության վարչության պետը ընդգծեց, որ Հայաստանը գնալով ավելի ճանաչելի է դառնում աշխարհում, բավական զարգացել են ենթակառուցվածքները, ծառայությունների որակը նկատելիորեն բարելավվել է, մարդիկ այստեղ իրենց անվտանգ են զգում, եւ այլն։
Նախորդ տարվա համեմատությամբ, էականորեն ավելացել է նաեւ «Տաթեւեր» ճոպանուղուց օգտվողների թիվը։ Այս տարվա առաջին կիսամյակում աշխարհի ամենաերկար ճոպանուղով երթեւեկել է 56 տոկոսով ավելի մարդ, քան անցյալ տարվա միեւնույն ժամանակահատվածում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում