Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք էր արդյոք բարձրացնել պատգամավորների աշխատավարձը

Օգոստոս 01,2014 14:54

Թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը
եւ «Ազգային ժողովի մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը

Արամ Աբրահամյան.- Հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքը: Պատգամավորների աշխատավարձը նույնպես կբարձրանա: Որքա՞ն է պետք կատարյալ երջանկության համար: ԱԺ նախագահի աշխատավարձը կդառնա 1 մլն դրամ` դա շա՞տ է, թե՞ քիչ:

Լուսինե Վասիլյան.– Ինձ թվում է՝ չափանիշը շատ անհատական է յուրաքանչյուրի համար` իրեն ինչքան ամսական եկամուտ է պետք երջանիկ լինելու համար: Ամեն մեկն իր բանաձեւն ունի, իմ բանաձեւով՝ կարող է լինել այդ 1 միլիոնը, իսկ երջանկությունը կարող է չլինել: Մեր դեպքում` Հայաստանի իրողությունները նկատի ունենալով, որ նվազագույն աշխատավարձը 45.000 դրամ է, աշխատողների շատ մեծ զանգված ստանում է մինչեւ 100.000 դրամ աշխատավարձ, եւ այդ ֆոնին այս բարձրացումը մեկնաբանությունների քննարկման առիթ է դառնում: Ես հիշում եմ օրենքի քննարկման փուլը` լավ է, որ աշխատավարձերը միասնական սանդղակով սկսեցին հաշվարկվել, լավ է, որ դրանք համադրելի դարձան, գործակիցներ սահմանվեցին: Բայց դրա արդյունքում աշխատող մարդկանց եկամուտները որքանո՞վ համաչափ բարձրացան, այստեղ է քննարկման թեման:

Մարգարիտ Եսայան.– Շատ լավ կլիներ, եթե ամբողջ հանրապետությունում ամեն ինչ` եւ միջին աշխատավարձը, եւ նվազագույն աշխատավարձը բարձրանար, եւ մարդիկ, մեր քաղաքացիները արժանապատիվ աշխատավարձեր ունենային: Սակայն այս իրավիճակում մենք ունենք այն, ինչ ունենք: Պետական ծառայողների աշխատավարձի մասին օրենքը վերաբերում է շուրջ 200 հազար մարդու: Այսինքն՝ այնպես չէ, որ միայն 131 պատգամավորների աշխատավարձն է բարձրացել, Հայաստանի շուրջ 200 հազար քաղաքացիներ, որոնք աշխատում են պետական հիմնարկներում, պետական կառույցներում, հուլիսի 1-ից շատ ավելի բարձր աշխատավարձ կստանան, քան ստանում էին մինչ այժմ: Սա արդեն շատ դրական քայլ է, եւ ես կարծում եմ՝ մենք աստիճանաբար կգնանք այն ճանապարհով, որ ե՛ւ միջին աշխատավարձը կբարձրանա, ե՛ւ նվազագույնը ավելի բարձր կլինի:

Ա. Ա.– Ես շատ պետական ծառայողներ ունեմ ծանոթ, որոնք կաշառք չեն վերցնում, աշխատում են նախարարություններում, գերատեսչություններում եւ այլն: Բայց, որքան հասկանում եմ, համաչափ չի բարձրացել, պատգամավորներինը լավ «թռել» է՝ երկու անգամ, իսկ պետական ծառայողներինը` տոկոսներով: Խնդրում եմ` խնդիրը բացատրեք:

Լ. Վ.– Սա մեր ծրագրի մոնիտորինգի ենթարկված օրինագծերից է: Իսկապես գործակիցներ են սահմանվել բոլոր պաշտոնների համար, ամենաբարձր գործակիցը ՀՀ նախագահի գործակիցն է` 20, հաջորդում են ԱԺ նախագահ, վարչապետ` 18, ամենացածրը պետական համակարգի կրտսեր մասնագետի գործակիցն է՝ 1.25, սա բազմապատկվում է բազային նվազագույն աշխատավարձով, որը կառավարությունը 66.000 դրամ է սահմանում եւ ստացվում է սանդղակ: Արդյունքում ստացվել է, որ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաների, այդ թվում նաեւ պատգամավորների դեպքում մենք ունենք կրկնապատկված կամ եռապատկված աշխատավարձ, իսկ միջին ծառայողի դեպքում աշխատավարձը սիմվոլիկ բարձրացման տիրույթում է:

Մ. Ե.– Համամիտ չեմ, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն են մոտ կիսով չափ ավելացել, ավելի ցածր ստատուսի վրա գտնվող կամ ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխատավարձը նույնպես կիսով չափ բարձրացվել է: Ինչ վերաբերում է պատգամավորներին` ես հասկանում եմ, իհարկե, որ թիվ մեկ թիրախը միշտ պատգամավորներն են լինում, բնական է, ընդունելի է, բայց մի մոռացեք, որ ԱԺ-ում ոչ բոլոր պատգամավորներն են, որ չեն սպասում աշխատավարձի: Իմ մոտավոր հաշվարկներով՝ մոտ կեսը կամ կեսից ավելին սպասում է աշխատավարձի ամսվա սկզբին, որովհետեւ չունեն լրացուցիչ եկամուտներ, կաշառք չեն ստանում, սեփականատեր չեն, եւ մի կարծեք, որ այն աշխատավարձը, որ մենք ունեինք մինչ այս բարձրացումը, բավարար էր:

Քննարկումն` ամբողջությամբ

 

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031