Օգոստոսի 1-ի առավոտյան , ժամը 5-ից մինչեւ 6-ն անց 30-ի սահմանները ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բարեկամավան գյուղը: Այդ մասին հայտնելով՝ Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ գյուղից երեխաներ են տարհանվել:
Այսօր առավոտյան ժամը 5-ից մինչեւ 8-ը գնդակոծվել է Դովեղ գյուղը: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն ասաց, որ երեկ երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից վնասվել են գյուղի տների պատեր, դարպասներ եւ այլն: Գնդակներից մեկն ընկել է դովեղցի Կարեն Վարդանյանի տուն, մի այլ գնդակ խոցել է նրա տան դարպասը:
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանից տեղեկացանք, որ հուլիսի 31-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Ոսկեպարում նյութական մեծ վնասներ չկան: Գնդակները մտել են մարդկանց տներ, խոցել դարպասներ:
Ոսկեպարի ներքեւի թաղում վնասվել են էլեկտրական հոսանքի գծեր, որոնք էլցանցի կողմից դրանք վերականգնվում են: Սահմանագծով անցնող Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը ներկայումս փակված է, երթեւեկը կատարվում է շրջանցիկ՝ Հարսնաքարի ճանապարհով:
Կարդացեք նաև
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են ադրբեջանական բանակի մեծ կորուստների մասին : АПА գործակալությանը հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ նշում է , որ անցած գիշեր ադրբեջանական զինուժը հայկական զինուժի հետ բախումների ժամանակ ունեցել է 8 զոհ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքը:
Նույն կայքը մեջբերելով «Ենի մուսավաթ» թերթին, նշել է, որ անցած գիշեր սպանվել են Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի բնակիչ 2 սպա: Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այս տեղեկությունը, հաղորդելով, որ անցած գիշեր Ղազախի շրջանում, հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ՊՆ պրապորչիկ, 1977թ. ծնված Իսա Զիյադ օղլու Ալմազովը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ