Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օլիմպիական մեդալի համար պետական աջակցության կրկնապատիկը պարգեւատրելու ՀԱՕԿ-ի որոշումը անփոփոխ է մնում

Օգոստոս 01,2014 14:00

Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու է 14 մարզիկ, որոնք բոլորն էլ այդ իրավունքն ստացել են վարկանիշներ նվաճելով:

Մեր պատանեկան հավաքականում կան աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ: Սա նշանակում է, որ այս տարիքային խմբում Հայաստանի օլիմպիական հավաքականի ձեռքբերումներն ակնհայտ են, ինչը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի իրականացրած աշխատանքի արդյունք է: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «ՀԱՕԿ-ը առանց խափանումների իրականացրել է նախանշված բոլոր աշխատանքները` ժամանակին կազմակերպվել են բոլոր ուսումնամարզական հավաքները, ապահովվել մարզիկների մասնակցությունը միջազգային եւ հանրապետական մրցումներին ու մրցաշարերին, տրամադրվել է մարզագույք, ցուցաբերվել բարձրակարգ տեխնիկական աջակցություն: Այս ամենը գտնվել են ՀԱՕԿ նախագահի մշտական ուշադրության կենտրոնում եւ իրականացվել Գագիկ Ծառուկյանի անձնական հովանավորությամբ»:

Հրաչյա Ռոստոմյանը ձեռնպահ մնաց Նանջինգում ակնկալվող արդյունքների մասին նախապես խոսելուց` սպորտում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ համարելով: «Սակայն կարեւոր է առանց ավելորդ մեծամտության եւ արդարացիորեն գնահատել մեր մարզական հնարավորությունները: Կոնկրետ կանխատեսում չեմ անի, բայց հուսով եմ, որ մրցանակների ավարը կգերազանցի 2010 թվականին Սինգապուրում ունեցած ձեռքբերումները (Սինգապուրում Հայաստանն ունեցել է 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Ա. Հ.): ՀԱՕԿ-ի նախագահը մեզ խիստ հանձնարարական է տվել` առանձնահատուկ ուշադրություն դարձնել ինչպես մեծահասակների, այնպես էլ այս տարիքային խմբում հանդես եկող մեր մարզիկներին, նրանց համար ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները: Նրանք այն մարզիկներն են, որոնք մեր ապագա օլիմպիականներն են եւ համալրելու են 2020 թվականի Խաղերի Հայաստանի օլիմպիական հավաքականը»:

Հարցին, թե օլիմպիական կոմիտեն շարունակո՞ւմ է հատուկ ուշադրության կենտրոնում պահել մեր տարբեր տարիքային խմբերի մարզիկներին եւ շարունակելո՞ւ է հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգեւատրելու ավանդույթը, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Դրա վերաբերյալ որոշումը կայացվել է ՀԱՕԿ-ում հրավիրված համալիր քննարկումների ընթացքում, որին մասնակցել են ֆեդերացիաների ներկայացուցիչներ, հավաքականների գլխավոր մարզիչներ, մարզաձեւերի փորձառու մասնագետներ: Հանդիպումների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ ցանկալի չեմպիոնության կամ մրցանակային տեղ գրավելու ժամանակ առաջնահերթը պիտի լինի այն ձեռքբերումը, որը կոչվում է «օլիմպիական տիտղոս»: Օլիմպիական չեմպիոններին եւ մրցանակակիրներին ֆինանսապես խրախուսելու առումով կարող եմ տեղեկացնել, որ պարոն Գագիկ Ծառուկյանը, կարեւորելով դրամական խրախուսանքի անհրաժեշտությունը, ընդգծել է, որ դրան զուգահեռ պակաս կարեւոր չէ նաեւ մարզումների համար ստեղծել բավարար պայմաններ եւ համապատասխան նյութատեխնիկական բազա, ինչն այսօր էլ իրագործվում է ՀԱՕԿ նախագահի նախաձեռնությամբ: Մենք ցանկանում ենք, որ հայ օլիմպիականների մեջ ձեւավորվի նրանց այն ձեռքբերման կարեւորությունը, որ կոչվում է «օլիմպիական չեմպիոն» կամ «օլիմպիական մեդալակիր»: Միեւնույն ժամանակ անփոփոխ է մնում պետական աջակցության կրկնապատիկին հավասար ՀԱՕԿ-ի դրամական պարգեւատրումը օլիմպիական յուրաքանչյուր մեդալի համար. լինի դա ոսկե, արծաթե, թե բրոնզե: Հակառակ պարագայում մեր մարզիկների մեջ երբեմն հոգեբանական լուրջ փորձություն էր առաջանում` ստեղծելով ավելորդ լարվածություն եւ խոշոր գումարային պարգեւը կորցնելու վախի սինդրոմ: Սա երբեմն բացասաբար էր անդրադառնում նրանց մարզական արդյունքների վրա: Ես կիսում եմ քննարկումների մասնակիցների մտահոգությունը նշված հարցի վերաբերյալ եւ համաձայն եմ նրանց կայացրած որոշման հետ` այն համարելով շատ օրինակելի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031