Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի բնակավայր հազվադեպ է հանդիպում»

Օգոստոս 01,2014 14:10

Հնագետները՝ Սարի Սոփի (Մարգահովիտ) բացառիկության մասին

2011թ. հուլիսի 17-ից ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկավարներ` պատմական գիտությունների թեկնածուներ` Արամ Գեւորգյան եւ Արսեն Բոբոխյան) պեղումներ է սկսել Մարգահովիտի Սարի Սոփ հնավայրում: Հնագետների առաջարկությամբ արդեն 4 տարի է, ինչ Սարի Սոփը մասնագիտական գրականության մեջ եւ փաստաթղթերում հիշատակվում է «Մարգահովիտ» անվամբ:

Այս տարի արշավախումբը այստեղ պեղումներ իրականացրեց հուլիսի 7- 29-ը: Ըստ Արամ Գեւորգյանի՝ շուրջ 10 հա ընդհանուր տարածքով վաղ բրոնզեդարյան այս հուշարձանը պեղելու համար տասնյակ տարիներ կպահանջվի:

Հնավայրի մասին առաջին անգամ հիշատակվում է հնագետ Էմմա Խանզադյանի «Հայկական լեռնաշխարհը մ.թ.ա. 3-րդ հազարամյակում» աշխատության մեջ (1966թ.):
«Այս մշակույթը (Շենգավիթյան) ձգվում է 1000-ավոր կիլոմետրեր` Դաղստանից մինչեւ Պաղեստին` ընդգրկելով 100-ավոր հուշարձաններ: Եթե հնագետներն ամեն տեղից մեկ կամ երկու կաղապար են հայտնաբերում, ուրախությունից չգիտեն՝ ինչ անեն: Մեզ մոտ միայն «Մարգահովիտ» հուշարձանից անցյալ տարի 198 հատ կաղապար է հայտնաբերվել, այս տարի էլ կհայտնաբերենք, չեք պատկերացնի, թե ինչքան գոհ ենք»,- ասում է Գեւորգյանը: Հնագետը նկատում է, որ այս տարածաշրջանի հնավայրերը շահագործվող հանքավայրերի, իսկ Վանաձորի Դիմաց թաղամասն էլ կառուցապատման պատճառով, իրենց անխաթար ամբողջականությունը չեն պահպանել: Իսկ այստեղ ականատես ենք ամբողջությամբ անխաթար պահպանված վաղ բրոնզեդարյան հուշարձանի:

Ցույց տալով պեղումների արդյունքում տորֆի մեծածավալ մոխրակույտը՝ հնագետը հավաստում է, որ այստեղ խոշոր արհեստագործական ձուլարան է եղել:
Արսեն Բոբոխյանն էլ կարծում է, որ այս հուշարձանն ավելի ուշ է կառուցվել` ենթադրաբար ոչ վաղ երկաթի դարերում: Նա միաժամանակ նկատում է, որ պարսպի ներսում ուշ բրոնզի եւ վաղ երկաթի դարերին վերաբերող տվյալները շատ քիչ են: Ու առատ նյութ կա վաղ բրոնզեդարյան ժամանակի վերաբերյալ: Բոբոխյանի այս ենթադրությունների համար հիմք են հանդիսանում նաեւ այստեղ հայտնաբերված վաղ բրոնզեդարյան շրջանի գտածոները:

Հնագետներ Հենրիկ Դանիելյանն ու Հարություն Վանյանն էլ ասում են, որ ըստ իրենց ուսումնասիրության, տեղում միաշարք քարե պարիսպ է եղել, որը հուշարձանի մի կողմում բավական լավ է պահպանված: Հնագետները պետք է շերտագրում անեն: Արամ Գեւորգյանն ասում է, որ դեռ հետախուզական աշխատանք են կատարում. «Մի օր, երբ բավարար ֆինանսավորում լինի, մեծ խմբով մեկի փոխարեն երկու ամիս աշխատենք, էդ ժամանակ արդեն լայն մասշտաբի գործ կանենք»:

Ի՞նչ արդյունքներ կան պեղումներից հարցին էլ՝ Բոբոխյանը պատասխանում է. «Շատ կարեւոր, հետաքրքիր, լավ արդյունքներ են, յուրահատուկ բնակավայր է: Էսպիսի բնակավայրը հազվադեպ երեւույթ է: Նաեւ մետաղագործական բավական նյութ ենք հայտնաբերել` նետասլաքներ, աղորիքներ, կշռաքարեր, խեցանոթներ… Շատ լավ հուշարձան է, ապագա ունի»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հրաչիկ Մարուքյանի

Լուսանկարում` Հնավայրում բացառիկ նմուշներ են հայտնաբերվել:
«Առավոտ» օրաթերթ
31.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031