Սանկտպետերբուրգյան «Սպիտակ գիշերների աստղերը»՝
միջազգային փառատոնից մինչեւ հայաստանյան ատեստացիա
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը երկրորդ տարին անընդմեջ հրավեր է ստանում մասնակցելու Սանկտ Պետերբուրգում Վալերի Գերգիեւի կողմից անցկացվող «Սպիտակ գիշերների աստղերը» միջազգային երաժշտական փառատոնին: 2013թ. Մարիինյան թատրոնում իրենց արվեստը ցուցադրեցին Երեւանի օպերային թատրոնի մեներգիչները՝ տեղի նվագախմբի ընկերակցությամբ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Վերջերս էլ, 22-րդ անգամ անցկացվող «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնում Երեւանի օպերային թատրոնի բալետային խումբը՝ տեղի նվագախմբի հետ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, որը 40 տարի առաջ բեմադրել է թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը: Մարիինյան թատրոնում հիշյալ բալետը բեմադրել է Տատյանա Անիսիմովան՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, սակայն պրեմիերան կայացել է Պերմում՝ թատրոնի էվակուացիայի պատճառով:
Երեւանի օպերային թատրոնում Վիլեն Գալստյանը շուրջ 40 տարի առաջ է բեմադրել «Գայանեն»՝ Մինասի նկարչական ձեւավորմամբ: Մինչ այդ՝ 1930-ականների վերջերին, «Գայանեն» Երեւանում իրականացրել էր Իլյա Արբատովը՝ «Երջանկություն» վերնագրով:
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը (լուսանկարում) նշեց, որ Մարիինյան թատրոնում Վալերի Գերգիեւը ներկա չի եղել «Գայանեի» ներկայացմանը՝ հյուրախաղերի պատճառով, բայց անվանի դիրիժորի քույրը՝ Մարիինյան թատրոնի երիտասարդ օպերային երգիչների ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Լարիսա Գերգիեւան, հիացած «Գայանեով», ասել է, թե հազվադեպ է պատահում, որ հանդիսատեսը ներկայացումից հետո շուրջ 30 րոպե բացականչի կեցցե՜ք: Հետո էլ հավելեց. «Ճանաչված օպերային թատրոնների օրինակով Մարիինյանի բեմը նույնպես փոքր-ինչ թեքություն ունի, ինչը մինչ մեկնելը մտավախություն էր առաջացնում: Սակայն իսկապես բրավո մեր արտիստներին եւ մենակատարներին (Աննա Կոստանյան, Սյուզի Փիրումյան, Ռուբեն Մուրադյան, Սեւակ Ավետիսյան)»: Նման հռչակավոր թատրոնում բեմ բարձրանալը մեր արտիստների համար նախ մեծ պատիվ էր, հետո էլ խթան՝ նրանց հետագա գործունեությանը, ինչը տնօրենի խոսքերով՝ իրականություն է դարձել մշակույթի նախարարության եւ օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի շնորհիվ:
Կարդացեք նաև
Տնօրենի հետ զրույցում անդրադարձ եղավ հունիսին օպերային թատրոնի կոլեկտիվներում (նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ, մենակատարներ) անցկացված ատեստացիային: «Հանձնախմբի աշխատանքներին մասնակցելու նպատակով հրավիրել էինք անվանի արվեստագետներ՝ օպերային երգչուհի Ելենա Չերնիխին, բալետի արտիստ Անդրեյ Ուվարովին: Եղան փոքրաթիվ արտիստներ, որոնք չբավարարեցին ներկայացվող պահանջները, հետեւաբար նրանց հետ չկնքվեց պայմանագիր: Պայմանագրեր կնքվեցին տարբեր ժամկետներով՝ 6 ամսից մինչեւ 3 տարի»,- հայտնեց պարոն Արզումանյանը: Ռեպլիկին՝ թատրոնի պրիմադոննա Անահիտ Մխիթարյանն է՞լ է մասնակցել ատեստացիային, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ի պատիվ անվանի երգչուհու, նա՝ հարգելով կարգն ու իր կոլեգաներին, եկավ եւ երգեց»: Մեզ հասած տեղեկությունը, թե շուրջ երկու ամիս Իտալիայում անցկացվող «Arena di Verona» հանրահայտ փառատոնին հրավիրված բարիտոն Դավիթ Բաբայանցը բարձր կարգից տեղափոխվել է առաջին կարգ, տնօրենը հերքեց. «Տարբեր պատճառներով (հյուրախաղ, հիվանդություն) որոշ արտիստներ չեն մասնակցել ատեստացիային, հիմա նրանք էլ կմասնակցեն, այդ թվում՝ Դավիթը»:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պրեմիերաներ են սպասվում նոր թատերաշրջանում: «Սեպտեմբերի 1-ին Շուշիում օպերային թատրոնը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, կներկայացնի Տերտերյանի «Կրակե օղակը» օպերան: Պլանավորել ենք նաեւ Բիզեի «Կարմենը», ցանկություն կա վերականգնել որոշ բալետային ներկայացումներ, այդ թվում՝ Ադանի «Ժիզելը», Մանսուրյանի «Ձյունե թագուհին», Խաչատրյանի «Դիմակահանդեսը»: Մեր թատրոնը գալիք թատերաշրջանում աշխարհում կհանդիսանա այն միակը, որն իր խաղացանկում կունենա խաչատրյանական եռապատումը՝ «Սպարտակը», «Գայանեն» եւ «Դիմակահանդեսը»,- ասաց Անդրանիկ Արզումանյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2014