Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտին թույլ է տրվում միանալ համազգային մերժմանը». Արմեն Աղայան

Օգոստոս 01,2014 14:50

Քաղաքագետը` ԼՂՀ վարչապետի վերջին հայտարարության
եւ ՀՀ արտաքին գերատեսչության` ՌԴ ԱԳՆ-ի բաժին լինելու մասին

Մինչ այժմ Ստեփանակերտում պնդում էին, որ պաշտոնապես չեն ստացել մադրիդյան կոչվող սկզբունքները ներառող փաստաթուղթը, հետեւաբար մեկնաբանություններ էլ չէին անում: Մինչդեռ անցած շաբաթավերջին սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է. «Իհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են: Այն, ինչ մենք լսում ենք՝ լսել ենք թերթերից, լրատվությունից, հայտարարություններից համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից, եւ չեմ գտնում, որ եթե Արցախը բանակցող կողմ լինի, այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի, եւ (…) երբ որ վերջում արդեն նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի բնակչությանը, իշխանությանը, որեւէ դրական արձագանք կարող է ստանալ»: Վերջին տասնամյակից ի վեր սա, կարծես, Ստեփանակերտից հնչող նմանօրինակ առաջին հայտարարությունն է:

Աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում ի՞նչ է նշանակում պաշտոնական Ստեփանակերտի նման դիրքորոշումն այն պարագայում, երբ պաշտոնական Երեւանի համար, կարծես, մադրիդյան սկզբունքները ընդունելի բանակցային դրույթներ են` «Առավոտի» հարցին «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն ասաց, որ բանակցությունների կիսագաղտնի ձեւաչափը հնարավորություն է տալիս որոշ ժամանակ խուսափել դժվար հարցերին պատասխանելու անհրաժեշտությունից: Այդպես է եղել բոլոր փուլերում, համանախագահների բոլոր առաջարկությունների ժամանակ: Հանրությունը դրանց մասին հիմնականում տեղեկացել է հատուկ կազմակերպվող միջազգային փորձագիտական արտահոսքերի միջոցով, որոնց նպատակն է եղել ստուգել քաղաքական ուժերի, քաղաքացիական հանրության, հիմնախնդրի հետ անմիջականորեն առնչվող խմբերի արձագանքը: Եվ ամեն անգամ, երբ այդ արձագանքը եղել է կոշտ մերժողական, մեր համապատասխան պաշտոնյաները ձեւացրել են, թե չգիտեն ինչի մասին է խոսքը: Եվ անգամ բացահայտ դառնալու դեպքում Հայաստանի անունից բանակցողները երբեք իրենք չեն մերժել հակահայ լուծումները: «Երեւանը Ստեփանակերտին է պարբերաբար օգտագործել համեմատաբար կոշտ, մերժողական հայտարարություններ հնչեցնելու համար: Կարծում եմ՝ Մադրիդյան սկզբունքների հետ կապված էլ նույն պատկերն ունենք: Քանի դեռ դրանք քննարկվում էին, Ստեփանակերտը պետք է լռեր, իսկ երբ հանրային մերժումը ակնհայտ է, եւ հերթական փաստաթուղթը կորցրել է իր ակտուալությունը, ապա Ստեփանակերտին թույլ է տրվում միանալ համազգային մերժմանը: Իսկ Երեւանը, բոլոր դեպքերում, շարունակում է մնալ ամեն ինչին համաձայնվող իր դերի մեջ: Ոմանց սա կարող է խելոք դիվանագիտություն թվալ, սակայն իրականում մանկական խաղ է, որը արտաքին նշանակություն ընդհանրապես չունի, այլ միայն ներքին քարոզչական»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Մասնավորապես, վարչապետի այս միտքը, որ «երբ Արցախը դառնա բանակցող կողմ, Արցախին նման առաջարկ ներկայացվի, ապա դա չի քննարկվի, կմերժվի»` ընդամենը ներքին օգտագործման համար է, քանի որ Արցախը երբեք չի կարող լինել բանակցության կողմ, այդպիսի բան ուղղակի հնարավոր չէ եւ իմաստ էլ չունի: Նման հայտարարությունները ընդամենը փորձ են՝ շեղելու մեր ու հատկապես արցախցիների ուշադրությունը Երեւանի իշխանությունների հետեւողական պարտվողական քաղաքականությունից, այդ թվում՝ Մադրիդյան ու նմանատիպ այլ լուծումներին տված նախնական համաձայնություններից»:

Հարցին` դրանո՞վ է պայմանավորված Հայաստանի արտաքին պաշտոնական գերատեսչության լռությունը ԼՂՀ վարչապետի հայտարարության վերաբերյալ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Հայաստանը արտաքին քաղաքականություն չունի, իսկ այն, ինչ մենք համարում ենք պաշտոնական գերատեսչություն, օտար գերատեսչությունների տեղական բաժին է հիշեցնում, վերջերս ավելի շատ՝ ռուսական ԱԳՆ-ի: Բնական է, այն պետք է լռի, ու լավ է, որ լռի: Երբ խոսի, հաստատ մի հակահայ նախաձեռնության մասին պետք է խոսի: Գոհ ենք, թող լռի»:

Ի՞նչ հարաբերակցություն կարող է փոխել ԼՂՀ-ի նման դիրքորոշումը հարցի կարգավորման մեջ աշխարհաքաղաքական այս իրավիճակում` մեր հարցին էլ քաղաքագետը հակադարձեց, որ ԼՂՀ-ի դիրքորոշում իրականում չկա եւ չի կարող լինել, քանի որ չկա այդպիսի անկախ եւ ինքնիշխան սուբյեկտ. «Ստեփանակերտը ասում է այն, ինչ հանձնարարվում է կամ առնվազն չի արգելվում Երեւանից: Հետեւաբար այն ոչ մի հարաբերակցություն էլ չի փոխում: Հարաբերակցությունը փոխում է հայ ժողովրդի հավաքական դիրքորոշումը, որը միասնական է թե Արցախում, թե ընդհանուր հայկական պետության մայրաքաղաքում եւ մյուս մարզերում: Այն չի հանդուրժում, ընդհանրապես չի քննարկում տարածքային զիջման որեւէ հնարավորություն: Եվ Մադրիդյան սկզբունքները առաջին փաստաթուղթը չէ, որ հայ ժողովուրդը շպրտում է բանակցային գործընթացի աղբաման»:

Ֆրանսիական կողմի ջանքերը՝ Փարիզում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպում կազմակերպելու, ի չիք դարձան: Այժմ նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել ԱՄՆ-ը: Ի՞նչ է հուշում Ֆրանսիայի պարտությունը: Կհաջողի՞ ԱՄՆ-ը, կամ ի՞նչ է տալու նախագահների սպասվելիք հանդիպումը, աշխարհաքաղաքական այս իրավիճակում այն կարո՞ղ է շրջադարձային լինել. հարցերի մասին խոսելով՝ Արմեն Աղայանը նկատեց, որ շատ փորձագետների կարծիքով՝ Ֆրանսիայի ակտիվացումը Ռուսաստանի ձեռքից նախաձեռնությունը խլելու փորձ էր, որը հավանաբար հիմա կշարունակի ԱՄՆ-ը. «Պետք է հասկանանք, որ զուտ Արցախյան հիմնահարցով հիմա ոչ ոք զբաղվելու ժամանակ եւ ցանկություն չունի: Ուղղակի ուկրաինական զարգացումների ֆոնին ոմանք նկատեցին, որ Ռուսաստանը չափից ավելի շատ զենք է վաճառում Բաքվին՝ միաժամանակ անվտանգության խոստումներ շռայլելով Երեւանին: Դա կարող էր ՌԴ-ի կողմից տարածաշրջան զորք մտցնելու նախապատրաստություն լինել: Այսօր դա ուղղակի անընդունելի է Արեւմուտքի համար: Ղարաբաղյան կարգավորման տարբերակների հարցում Մոսկվան, Փարիզը եւ Վաշինգտոնը միշտ նույնակարծիք են եղել: Բայց անգամ այդ նույնակարծությամբ երբեք այնքան շահագրգիռ չեն եղել, որ հայերից նման խայտառակ պարտություն պարտադրեն: Փոխարենը նրանց միջեւ տարաձայնություններ են ծագել, երբ խոսք է գնացել այն մասին, թե ում զորքը պետք է վերջում տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին: Փաստորեն, բանակցային գործընթացը ակտիվացնելու Փարիզի ու Վաշինգտոնի փորձերը Ռուսաստանի ձեռքից պատերազմի խաղաքարտը խլելու նպատակ են հետապնդում»: Այս համատեքստում Արմեն Աղայանը կարծում է, որ ոչ մի էական շրջադարձ էլ պետք չէ սպասել: Ըստ մեր զրուցակցի՝ Մինսկի խումբն ընդհանրապես ընդունակ չէ փոխընդունելի լուծում գոյացնել` թեկուզ այն պատճառով, որ պատերազմն իրականում անավարտ է մնացել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Որքան հասկանում եմ«սրա վերջը»պատերազմն է,այլ կերպ հարցը չի լուծվելու:Միայն ցավում եմ, որ ոչ ոչ Հայաստանը եւ ոչ էլ Ղարաբաղը չօգտվեցին իրենց տրված հնարավորությունից՝ երկիրը երկիր դարձնելու համար:Եկեք իրար չխաբենք՝ եթե Եւրոպային,Ամերիկային պետք լիներ Ղարաբաղը վերադարձնել՝ 20 տարի չէին ձգձգի:Փաստորեն ժամանակ տվեցին,որ հայ ղեկավարները «մարդ դառնան»,ԵՐԿԻՐԸ ԿԱՌՈՒՑԵՆ:Չեղավ…Մնացինք պատերազմի հույսին: Հուսյով եմ,որ կռվի առաջին շարքերում կերեւան բոլոր թափով պաշտոնյաների որդիք…ինձ հետ միասին…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031