Երեկ թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրն էր: «Թրաֆիքինգ» տերմինի ներքո հասկացվում է ոչ միայն մարդկանց առեւտուրը, ստրկությունը, այլեւ չնչին վարձատրությամբ հարկադիր աշխատանքի ենթարկելը, մարմնավաճառության պարտադրելը, ազատությունից զրկելը՝ շահադիտական նպատակներով, մարմնի մասերը կորզել եւ վաճառելը, երեխաներին մուրացկանության դրդելը եւ շահագործելը եւ այլն:
Սկսած 2000 թվականից՝ ԱՄՆ պետքարտուղարությունը, «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքի համաձայն, ամեն տարի գնահատում է տարբեր երկրների ջանքերը՝ ուղղված մարդկանց թրաֆիքինգի ծանր տեսակի կանխարգելմանը:
Գնահատման արդյունքում կազմվում է չորս առանձին ցանկ: Առաջին ցանկում ընդգրկված են այն երկրները, որոնց կառավարություններն ամբողջությամբ բավարարում են թրաֆիքինգի դեմ պայքարի համար անհրաժեշտ գործողությունների մինիմում չափանիշներին: Այսինքն՝ թրաֆիքինգի դեմ օրենսդրությունը խստորեն համապատասխանում է այդ չափանիշին, բացահայտված գործերը մեծ թիվ են կազմում, բացահայտման արդյունքում մեղավորները պատժվում են: Բնականաբար, դա չի նշանակում, որ այդ երկրներում թրաֆիքինգ չկա, դա միայն ցուցիչ է այն մասին, որ այդ երկրների կառավարությունները հետեւողականորեն պայքարում են դրա դեմ: Ընդ որում, նկատենք, որ ինչպես 1-ին, այնպես էլ մյուս խմբերում ընդգրկվելը ոչ միշտ է, որ կախված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, որովհետեւ, ինչպես ներքեւում կտեսնեք՝ շատ զարգացած երկրներ ավելի վատ վիճակում են գտնվում թրաֆիքինգի դեմ պայքարի հարցով, քան 1-ին խմբում գտնվող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը կամ Նիկարագուան: Թեեւ, իհարկե, չի կարելի զանցն առնել նաեւ ընդհանուր առմամբ սոցիալ-տնտեսական վիճակի ազդեցությունը թրաֆիքինգի աճի կամ նվազման վրա: 2-րդ խմբում ընդգրկված են այն երկրները, որոնց կառավարությունները ամբողջությամբ չեն բավարարում թրաֆիքինգի դեմ պայքարի նախանշված մինիմալ չափանիշներին, այդուհանդերձ՝ նշանակալից գործողություններ են արել եւ անում՝ այդ չափանիշներին համապատասխանելու համար: Կա մի միջին խումբ, այսպես ասած՝ «2-»` «2 դիտարկվող խումբ». սրանում այն երկրներն են, որոնց կառավարությունները նշանակալից գործողություններ են անում՝ համապատասխանելու համար չափանիշներին, սակայն թրաֆիքինգի ծանրագույն տեսակի դեպքերի քանակը շատ մեծ է կամ անընդհատ աճում է, կամ՝ չկան ապացույցներ այն մասին, որ այդ երկրի կառավարությունը նախորդ տարվա համեմատ ավելի ակտիվ ու լուրջ քայլեր է անում՝ այդ չափանիշներին համապատասխանելու համար: Երրորդ խմբում այն երկրներն են, որոնց կառավարությունները ոչ միայն չեն համապատասխանում այդ չափանիշներին, այլեւ առանձնապես ձգտում էլ չեն ցուցաբերում, նշանակալից քայլեր չկան: Երբեմն լինում են նաեւ սրանցից դուրս՝ առանձին գործով անցնող երկրներ, որոնց վիճակը թրաֆիքինգի առումով այնքան վատ է, որ անգամ 3-րդ խմբում չեն ընդգրկվում: Տարբեր տարիների առանձին գործով անցել են Հայիթին, Փղոսկրի ափը (Կոտ դ՛Իվուար), Սոմալին: Արդեն մի քանի տարի է՝ Սոմալին մշտապես առանձին գործով է անցնում:
ԱՄՆ պետքարտուղարության կողմից անցկացվող գնահատումները սկսել են հրապարակվել 2001 թվականից: Ամեն տարի հրապարակվում է նախորդ տարվա ընթացքում եղած իրավիճակի գնահատումը: Վերջին մի քանի տարիներին զեկույցները հրապարակվում են հունիսի վերջին-հուլիսի սկզբին՝ նախորդ տարվա ապրիլի 1-ից մինչեւ այդ տարվա մարտի 31-ի կտրվածքով:
Այս տարվա գնահատումը իրենից ներկայացնում է մի քանի հարյուր էջանոց ուսումնասիրություն, որը սկսվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքերով՝ թրաֆիքինգի մասին, որտեղ նա նշում է, որ չնայած այն բանին, որ դիտարկվող տարվա ընթացքում 44 հազար մարդ կարողացել է վերապրել, հանգեցրել է հետեւյալին:
Առաջին՝ բարվոք խմբում ընդգրկված է 31 երկիր, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Արդեն երկրորդ տարին է, որ մեր երկիրը ամբողջությամբ համապատասխանում է նախանշված չափորոշիչներին եւ ընդգրկվում է այդ խմբում: Բնականաբար, ինչպես վերը նշեցինք, սա չի նշանակում, որ խմբում ընդգրկված երկրներում թրաֆիքինգ չկա, կա, եւ զեկույցում անգամ որոշ օրինակներ են բերված: Օրինակ՝ ԱՄՆ-ի համար, որը նույնպես, բնականաբար, 1-ին ցանկում է, նշված է, որ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են հարկադիր աշխատանքի կամ չնչին գումարներով մարդկանց աշխատուժը չարաշահելու դեպքեր, հատկապես՝ միգրանտների շրջանում: Այդ 31 երկրների մեջ, Հայաստանից եւ ԱՄՆ-ից բացի, մտնում են Արեւմտյան եւ Հյուսիսային Եվրոպայի զարգացած երկրները, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Թայվանը, Կանադան, Հարավային Ամերիկայից՝ Չիլին եւ Նիկարագուան, Ասիայից՝ Հարավային Կորեան եւ Իսրայելը, Կենտրոնական Եվրոպայից՝ Մակեդոնիան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, Սլովենիան:
Կարդացեք նաև
Ամենամեծը 2-րդ խումբն է, որում ընդգրկված է 89 երկիր, այդ թվում՝ մեր բոլոր հարեւանները՝ բացի Իրանից, այսինքն՝ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը: Ինչպես նաեւ հետխորհրդային մի շարք երկրներ՝ Մերձբալթյան երեք երկրները, Տաջիկստանը, Մոլդովան, Ղազախստանը, նախկին սոցիալիստական ճամբարից՝ Բուլղարիան, Խորվաթիան, Կոսովոն, Հունգարիան, Սերբիան, Ռումինիան, Մոնտենեգրոն, ինչպես նաեւ Հարավային Եվրոպայի երկրներ Հունաստանը, Մալթան, Պորտուգալիան: Այս խմբում են ընդգրկված նաեւ Ճապոնիան եւ Բրազիլիան:
«2-որդ՝ դիտարկվող խմբում» այս տարի ընդգրկվել է 44 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ուկրաինան, Թուրքմենստանը, Բոսնիա-Հերցեգովինան, Չինաստանը, Կիպրոսը, Լիբանանը:
3-րդ՝ բավականին վատ վիճակում գտնվող 23 երկրների թվում են հայտնվել Ռուսաստանը, Իրանը, Սիրիան, Ուզբեկստանը, հիմնականում աֆրիկյան եւ հարավամերիկյան երկրներ:
Սոմալին կրկին առանձին գործով է նշվում:
Նկատենք, որ զեկույցում առանձին անդրադարձ կա յուրաքանչյուր երկրին, այդ թվում՝ ոչ միայն նշվում են տվյալ երկրում արված եւ չարված գործերը, աղյուսակով ցույց է տրվում երկրի վիճակը՝ 2001-ից առ այսօր, այլեւ տրվում են հանձնարարականներ՝ կոնկրետ այդ երկրի համար:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2014