Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեժ» աշնան ջերմ ամառը

Օգոստոս 01,2014 12:21

Հավանաբար «թեժ» աշուններին հենց այսպիսի ամառներ պետք է նախորդեն

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլի փակման արարողությանը օրեր առաջ Ծաղկաձորի մարզաբազայի ստադիոնում, երբ 144 եւ հաշմանդամություն ունեցող 16 ընտանիքները պատրաստ էին շքերթին, միասին մարզադաշտ են մտել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Նրանք միասին դիտել են միջոցառումը:

Նույն արարողության ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրաժարվել էր Tert.am-ի ուղղած հարցին պատասխանել, մասնավորապես` քառյակը թեժ աշուն է խոստանում, եւ արդյոք Ծառուկյանն իր մասնակցությամբ էլ ավելի կթեժացնի՞ աշունը։ Ծառուկյանը խուսափել էր խոսել՝ պատճառաբանելով, թե մարզական միջոցառման է մասնակցում։ Իսկ երբ տեսախցիկն անջատվել էր, Ծառուկյանը հավելել էր, թե պետք չէ շտապել. «Ամեն ինչ իր ժամանակին»։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը լրանալու, նրա գործունեությանը գնահատական տալու, ինչու չէ` «ամբողջական իշխանափոխության» հարցը բարձրացնելու փոխարեն՝ «հրաշալի քառյակի» առանցքային գործիչներից մեկը, փաստորեն, «թեժ» աշնան նախաշեմին Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ վայելում է ամառային միջոցառումը: Նրանց տրամադրությունը, դատելով լուսանկարներից, բավական բարձր է եղել, մթնոլորտը` ջերմ, ամառային: Հավանաբար «թեժ» աշուններին հենց այսպիսի ամառներ պետք է նախորդեն:

Առհասարակ, մեր հասարակությունն արդեն, կարծես, ընտելացել է ընդդիմության տարբեր գործիչների գնահատականների տարբերությամբ: Մեկը գործող վարչապետին «թալանի եւ ընտրակեղծարարության» կազմակերպման հարցում «հարմար թեկնածու» է անվանում, բայց այս ուժերը միասին չեն պահանջում նրա հրաժարականը: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն, օրինակ, անդրադառնալով վարչապետի հասցեին ՀԱԿ առաջնորդի վերոնշյալ որակումներին` նկատում է. «Ես ինքս չեմ աշխատել Հովիկ Աբրահամյանի հետ եւ նման փաստերի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ ինքս անձամբ այդ փաստերին տեղյակ չեմ: Բայց չեմ կարող չընդունել, որ Հովիկ Աբրահամյանը կլանի մաս է կազմում եւ բավական մեծ դերակատարություն ունի: Քանի դեռ կա այս քրեաօլիգարխիկ համակարգը, ով էլ նրանց հետ համագործակցում է եւ զբաղեցնում լրջագույն պաշտոն՝ նա ապրում եւ գործում է կլանի օրենքներով, եւ որեւէ մեկը զերծ չէ այդ հանցանքներից»:

«Կլանի օրենքներով» առաջնորդվողներին քննադատելիս «քառյակի» ուժերը, փաստորեն, ընտրովի են քննադատում, ավելին` «ամբողջական իշխանափոխության» իրականացման ճանապարհին իշխանական «բուրգը կազմաքանդելու» գործում նշանակալի դեր ունեցող Ծառուկյանը նստում է «բուրգի» ղեկավարի կողքին:

Բացի այդ, դեռ կան քաղաքական գործիչներ, որոնք «աշխատում» են կոնկրետ մեկ այլ ուղղությամբ, լոբբինգ են իրականացնում Տեր-Պետրոսյան-Քոչարյան համագործակցության կայացման ճանապարհին: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը 1in.am-ին տված հարցազրույցում կարեւորել ու անհրաժեշտ է համարել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը. «Ես նույնիսկ ավելին եմ կարծում, որ երկուսի համագործակցությունն է այսօր շատ կարեւոր՝ մոռանալով իրենց բոլոր ներկա ու նախկին տարաձայնությունները, որովհետեւ երբ խաղադրույքը հայրենիքն է՝ պետության կորստի վտանգը, այլեւս որեւէ անձնական հարաբերություն չի կարող խոչընդոտել, որ նրանք նստեն նույն սեղանի շուրջը, հարցեր քննարկեն եւ միասնաբար հանդես գան ե՛ւ քառյակի կազմով, ե՛ւ առանձին: Ես կարծում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան զույգը, տանդեմը լուրջ իրավիճակ կփոխի Հայաստանում ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական կյանքում»:

Լեւոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան տանդե՞մ, թե՞, օրինակ, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան տանդեմ: Տանդեմների այս խառնաշփոթը ու Հայաստանում «լուրջ իրավիճակ փոխելու» հնարավորությունների մասին ճառերն արդեն գլխապտույտ են առաջացնում: Դա է թերեւս պատճառը, որ մեր երկրում ծանր սոցիալական վիճակը չի փոխվում, հասարակության մոտ հիասթափությունը քաղաքական ուժերից ավելի է մեծանում, ու արտագաղթը ոչ մի կերպ չի դադարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031