Ի դժգոհություն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման` վաղը Կապանում եւս բողոքի ակցիա կանցկացվի: Ակցիան կմեկնարկի Չարենցի փողոցից, որից հետո երթի մասնակիցները կշարժվեն դեպի մարզպետարանի հարակից հրապարակ: Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հակոբյանի խոսքով` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Կապանում օգոստոսի 1-ին ժամը 19:00-ին երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներով մտադիր են բողոքի ակցիա անցկացնել եւ արտահայտել իրենց անհամաձայնությունը տվյալ որոշման վերաբերյալ: «Մենք կապանցիներս միշտ դրսևորել ենք մեզ որպես գիտակից, ազատ քաղաքացիներ:
Ի համերաշխություն մայրաքաղաքի բնակիչների և գիտակից մյուս բոլոր հայաստանցիների` Կապանում, օգոստոսի 1-ին, ժամը 19.00-ին կազմակերպվում է նման բողոքի ակցիա: Մենք նույնպես բողոքում ենք սոցիալական անարդարության դեմ: Շատ լավ գիտակցում ենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը կհետեւեն նոր թանկացումներ, ինչը պայթյունավտանգ սոցիալական վիճակ կառաջացնի երկրում», – նշեց նախաձեռնող խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը եւ հավելեց, որ ներկայիս պայմաններում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն անընդունելի քայլ էր, եւ այսուհետ եւս Կապանը կշարունակի արձագանքել երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձության:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ