Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան 100 տարի անց» խորագրով ծրագիրը, որը նպատակ ունի անդրադառնալու Ցեղասպանության տարիներին (1894-1923 թթ.) գրված նամակներին ու վկայություններին:
Ցեղասպանության զոհերի, մտավորականների նամակներին կպատասխանեն տարբեր երկրների քաղաքական գործիչներ և արվեստագետներ, իսկ այդ պատասխանները նամակների հետ միասին տեղ կգտնեն «Պատասխան 100 տարի անց» պատկերագրքում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը և նկատեց, որ մտավորականության նամակներին անդրադառնալու են ոչ միայն գրչով, այլև վրձնով: Արդեն հայտարարվել է «Պատասխան 100 տարի անց» խորագրով մրցույթ, որին մասնակցում են հայ և օտարազգի նկարիչներ ու քանդակագործներ: Եվ մրցույթում ներկայացված լավագույն աշխատանքները նույնպես տեղ կգտնեն պատկերագրքում. «1915 թվական տեսած հայությունն արդեն 1916 թվականին Թիֆլիսում նկարիչների միություն է ստեղծում, 20-ականներին Ֆրանսիայում ստեղծում է Կաննի ստեղծագործական միավորումը, 30-ականներին՝ Ազատ արվեստագետների միությունը և այլն, և այլն: Սա լավագույն պատասխաններից մեկն էր Ցեղասպանության ծրագրին»,- ասում է Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով՝ այսօր մեկնարկած ծրագիրը բավականին աշխատատար է, և պատկերագիրքը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2015 թվականի ապրիլի 24-ին. «Դեռ պետք է համակարգել նամակներն ու դրանց կցել Ցեղասպանության մասին պատմող համառոտ բացատրությունները: Հնարավոր է, որ նամակներից շատերն այդպես էլ անպատասխան մնան: Այդ դեպքում գրքում տեղ կգտնեն միայն նամակն ու հասցեատիրոջ անվանումը»,- ասում է թանգարանի տնօրենը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ