Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցիչ. «Ես ձեր նման բարձրակարգ իրավաբան չեմ»

Հուլիս 31,2014 18:46

Այսօր` հուլիսի 31-ին, Վարչական դատարանում դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր «Armenia today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստը:

Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը իր խոսքում նշեց, որ քաղաքապետի որոշման համաձայն կանաչ ծածկը հատուկ նպատակով օգտագործելու համար պետք է քաղաքացիները թույլտվություն ստանան: Իսկ 2013 թվականի օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց Արգիշտի Կիվիրյանը, չստանալով քաղաքապետարանի թույլտվությունը, փորձել է վրան տեղադրել, ոստիկաններն էլ պահանջել են ցույց տալ թույլտվությունը: Տեղի է ունեցել վարչական ձերբակալություն եւ վարչական վարույթ է հարուցվել:

Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը հետաքրքրվեց, թե քաղաքապետի, ո՞ր որոշումն ի նկատի ունի Սոնա Մելիքյանը, նա նշեց` «Քաղաքապետի 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի

ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N36-Ն որոշումը»: Արամազդ Կիվիրյանը հայտարարեց, որ քաղաքապետը նման որոշում չի կայացրել, դա Երեւանի ավագանու որոշումն է, ի պատասխան նրան` ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ շփոթվել է:

«Որ որոշումը սխալ, թերի եք ընթերցել դա մի կողմ, Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ ոստիկաններն Արգիշտի Կիվիրյանից են պահանջել քաղաքապետի որոշումը»,- բացականչեց Արամազդ Կիվիրյանը:

Ոստիկանության ներկայացուցիչը շարունակեց պնդել, որ Արգիշտի Կիվիրյանը խախտել է այդ որոշման 7-րդ գլխի 20, 21, 22, 23 հոդվածները, եւ որ նման արարք կատարելուց առաջ Արգիշտի Կիվիրյանը պետք է քաղաքապետարանից թույլտվություն վերցնել, ի պատասխան նրան` Արգիշտի Կիվիրյանը հարցրեց` որպես քաղաքացիական անհնազանդության միջոց իրավունք ունի կանաչ տարածքներից սիբեխ հավաքե՞լ, «Եթե աճում է, հավաքե’ք»,- պատասխանեց նրան Սոնա Մելիքյանը:

Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, մեջբերելով Եվրոպայի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածը, թե խաղաղ հավաքների ազատությունը ենթակա չէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք սահմանված են օրենքով, հարցրեց, թե ի՞նչ օրենք  է խախտել Արգիշտի Կիվիրյանը, Սոնա Մելիքյանը նշեց, որ խախտել է Երեւանի Ավագանու որոշումը: Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ ավագանու որոշումը օրենք չէ եւ կրկնեց իր հարցը, ոստիկանության ներկայացուցիչը նախ հրաժարվեց պատասխանելուց, այնուհետեւ բացականչեց. «Ձեր կոնվենցիան էլ օրենք չէ»:

Մեջբերելով կոնվենցիայի 11-րդ հոդվածը` Լուսինե Սահակյանը հարցրեց, թե Արգիշտի Կիվիրյանի գործողությունները ինչ-որ մեկի անվտանգությանը սպառնում էին, նա պատասխանեց` հասարակության, քանի որ վրանի մեջ կարող էր պայթուցիկ լինել, այնուհետեւ հրաժարվեց պատասխանից:

Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց, թե արդյոք Արգիշտի Կիվիրյանը անկարգություն է կատարե՞լ, կամ նա այդ արարքով կվնասե՞ր այլ անձանց բարոյականությանը, Սոնա Մելիքյանը հայտարարեց.

«Ես ձեր նման բարձրակարգ իրավաբան չեմ»:

Արամազդ Կիվիրյանը հայտարարեց, եթե ներկայացուցիչը խոստովանում է, որ ինքը բավարար գիտելիքներ չունի եւ չի կարողանում ներկայացնել ոստիկանության շահերը, ապա պետք է դրվի կողմին հեռացնելու հարցը:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի է ունենալու սույն թվականի հոկտեմբերի 1-ին:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031