Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարություն. Խաղաղության կոնֆերանս՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման կանխարգելման նպատակով

Հուլիս 31,2014 17:53

Հակամարտության գոտում 2014թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, դիվերսիոն գործողությունները և դրանց հետևանքով մահացությունների թիվը: Զուգահեռաբար, հակամարտության գոտում կտրուկ աճել են սպառազինությունների ծավալը և մրցավազքը: Այս գործընթացին ուղղակիորեն աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը, որն ավելի քան 3 միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանի Հանրապետությանը: Ի պատասխան, հայկական կողմը, թեև փոքր ծավալներով, սակայն փորձում է հավասարակշռել իրավիճակը: Ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական սկզբունքներից մեկը` հակամարտության լուծման խաղաղ ճանապարհը, վտանգված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի վտանգավոր քաղաքականության պատճառով: Զուգահեռաբար. – Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության ինստիտուտների, իրավապաշտպան գործիչների նկատմամբ իրականացվում է համատարած հետապնդումներ, ճնշումներ, որոնք ուղեկցվում են անհիմն քրեական հետապնդումներով, ազատազրկումներով, իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության դադարեցմանն ուղղված գործողություններով՝ զանգվածային լրատվամիջոցներով նրանց որպես օտարերկրյա գործակալներ ներկայացնելու և այլ վարկաբեկիչ պրոպագանդիստական մեթոդներով, – ՀՀ իշխանությունները, 2013թ. սեպտեմբերի 3-ին հրաժարվելով Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, ամբողջությամբ ենթարկվեցին Կրեմլի ճնշումներին՝ ըստ էության երկրի հետ կապված արտաքին քաղաքականության բնագավառոմ որոշումների ընդունման իրավասությունը հանձնելով Ռուսաստանի Դաշնությանը: – 2008թ. մարտի 1-ին քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո նվազել էին քաղաքական հետապնդումները, սակայն 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո այդ հետապնդումները վերստին ուժեղացան այն քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ, որոնք ընդդիմացել էին սեպտեմբերի 3-ի որոշմանը: Այսպիսով, հակամարտության մեջ ներգրավված երկրներում ռազմականացման գործընթացին զուգահեռ ուժեղանում են ճնշումները քաղաքացիական ակտիվիստների և քաղաքական այլախոհների նկատմամբ: Իրադարձությունների հետագա զարգացումը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանում խաղաղասիրական և իրավապաշտպանական գործունեության վրա:

Դրանք կարող են հանգեցնել մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակի կտրուկ վատթարացմանը: Մինչ միջազգային քաղաքական և հասարակական ուշադրությունն ուղղված է Ուկրաինայի Արևելքում ՌԴ-ի ագրեսիվ քաղաքականության վրա, ղարաբաղյան հակամարտության գոտում Կրեմլի վտանգավոր քաղաքականությունը կարող է հանգեցնել տեղական ուժերի կողմից չվերահսկվող իրավիճակի և լայնամասշտաբ պատերազմական գործողությունների սկսմանը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, հանդիսանալով ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ անդամ պետություններ, պարտավորություններ ունեն և՛ իրենց քաղաքացիների և՛ միջազգային կառույցների առջև։ Ե՛ւ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ ՌԴ-ն պարտավորություններ են վերցրել ղարաբաղյան հակամարտությունը լուծել միմիայն խաղաղ ճանապարհով՝ ղեկավարվելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներով: Հաշվի առնելով, որ իրադարձությունների զարգացումը սպառնալիքներ է պարունակում ոչ միայն մարդու իրավունքներին, այլև տարածաշրջանում բնակվող մարդկանց խաղաղության իրավունքին՝ գտնում ենք, որ միջազգային հանրությունը, հանձինս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը անկախատեսելի զագացումներից զերծ պահելու համար:

Այդ նպատակով դիմում ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կառույցներին և նրանց ներկայացուցիչներին՝ հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը սպառնացող գործընթացների և պատերազմի սպառնալիքների կանխարգելման ուղիների հստակեցման նպատակով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031