Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆատիհ Ակինը հայտնել է, որ ցանկանում էր ֆիլմ նկարահանել սպանված լրագրող Հրանտ Դինքի մասին, սակայն ստիպված է եղել հրաժարվել այդ գաղափարից, երբ թուրք դերասանները չեն ցանկացել նկարահանվել ֆիլմում, հայտնում է «Հուրիեթ» թերթը՝ հղում անելով «Ակօս» շաբաթաթերթին:
«Ես որոշել էի ֆիլմ նկարահանել Հրանտ Դինքի մասին, որը կկոչվեր «Հուգու խոհանոցը»: Ես սցենար էի գրել, որը հիմնված էր Հրանտ Դինքի 12 հոդվածների վրա, որոնք տպագրվել էին «Ակօս»-ում: Ես չգիտեմ, թե արդյոք դա լա՞վ ֆիլմ կլիներ: Սակայն ես չկարողացա համոզել որևէ թուրք դերասանի, որ Դինքի դերը խաղա: Նրանք բոլորը համարում էին, որ սցենարը շատ ծանր է: Հետո ստիպված էի սառեցնել այդ ծրագիրը», – ասել է Ակինը «Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում:
«Ես չէի ուզում, որ որևէ դերասան ցավ զգա: Բայց Դինքի մասին ֆիլմը պետք է լիներ նաև «թուրքական ֆիլմ»: Ամերիկացի կամ ֆրանսիացի դերասանը չէր կարող խաղալ Դինքի դերը: Մենք պետք է այս խնդրի հետ ինքներս առնչվենք: Սակայն սա նշանակում է, որ սրա համար դեռ ժամանակը չի հասունացել», – ասել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ