Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքաբեր գյուղն այս պահին կրկին գնդակոծվում է, կան վնասներ

Հուլիս 31,2014 16:51

Ադրբեջանական կողմն այսօր առավոտից ինտենսիվ գնդակոծում է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը:

«Այս պահին էլ Բերքաբերի ուղղությամբ կրակահերթ է: Երեւի 5 րոպեն մեկ կրակ են արձակում: Մարդիկ տներից դուրս չեն գալիս, երեխաներին, հարսներին գյուղից հեռացրել են »,- Aravot.am-ին պատմեց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:

Նրա պատմելով, կրակոցները հիմնականում գյուղ բերող միակ ճանապարհի ուղղությամբ են, դրանք հաճախակիանում են հատկապես մեքենաների անցուդարձի ժամանակ. «Իրավիճակը լարված է: Ամբողջ գիշեր շարունակել են գնդակոծել: Կրակոցները կպել են մի քանի տների պատերին , մարդիկ տներից դուրս չեն գալիս, նույնիսկ այգիներում աշխատելու չեն գնում»:

Պարոն Մադաթյանի խոսքով, կրակոցների արդյունքում այրվել են գյուղացիների խոտի դեզերը. «Լուրջ վնասներ կան, ձմռանը մնալու են առանց խոտի: Երեւի ստիպված լինեն անասուններն էլ վաճառեն»:

Նա նաեւ ասաց, որ այսօր առավոտյան մարզպետը կրկին այցելել է իրենց գյուղ, ծանոթացել իրավիճակին. «Թող մեր գյուղի ժողովրդին մի քիչ մարդու տեղ դնեն, ոչ հող ունենք, ոչ` ջուր, ոչ `գազ ու աշխատատեղ: Մտածում ենք` Աստված չանի մեկիս կպնի ադրբեջանցու գնդակը, որովհետեւ չգիտենք ոնց ենք հանելու գյուղից, ճանապարհ չկա: Գոնե սարքեն, մի բան անեն: Հիմա կարող է վաղը զանգեք, էլ չկարողանամ ձեզ հետ խոսել, գնդակն ինձ կպած լինի»:

Մեր հարցին` այսօր մարզպետին ներկայացրե՞լ եք գյուղի խնդիրները, ասաց` այո. «Մարզպետին ներկայացրել ենք, բայց կարեւորը մարզպետը չէ, կարեւորը վերեւներն են: Վերեւներից պետք է ասեն»:

Բերքաբերը ադրբեջանական սահմանից 400 մ հեռավորության վրա է գտնվում: Հիշեցնենք, որ Բերքաբերն արդեն երկու օր է գնդակոծվում է ադրբեջանական կողմից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031