Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականագետ. «Այսօրվա գրականության մեջ կինը ճաշ եփող չէ»

Հուլիս 31,2014 16:13

Aravot.am-ի հարցին, թե տպավորություն կա, որ հայ գրականության մեջ հայ կինը տրորված, տառապած ու իրավազուրկ էակ է, արդյոք նույն միտումն առկա՞ է նաեւ այսօրվա գրականության մեջ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը պատասխանեց, որ Անկախության շրջանի գրականության մեջ հայ կնոջ կերպարը դարձավ ավելի բազմազան ու շատ մեկնաբանելի:

Ինչ վերաբերում է դասական գրականության մեջ կնոջ տրորված կերպարին, գրաքննադատի ձեւակերպմամբ, դա պատահականություն չէ, քանի որ գրականությունը ելնում է իրականությունից. «Կին-տղամարդ հարաբերություններում կնոջ ստորադաս վիճակ, հայ մարդու ավանդական պատկերացում, որ կնոջ տեղը խոհանոցն է՝ այս ամենի արդյունքում հայ գրականության մեջ առկա է կնոջ հավաքական կերպարը: Հրանտ Մաթեւոսյանի Աղունը, իր ամբողջ ըմբոստությամբ, երկրի ջիղը ձեռքում պահելու հաստատակամությամբ հանդերձ, այնուամենայնիվ, հայ ավանդական կնոջ կերպար է»:

Մեր զրուցակցի խոսքով, վերջին 20-25 տարիների Անկախության շրջանի գրականության մեջ ավանդական մոտեցումը պահպանվել է այլ ձեւերով. հայ կինը թիկունքում հերոսի է «վերաճում», բարդություններ հաղթահարում, սպասում Արցախյան հերոսամարտին մասնակից իր ամուսնուն : «Սրա կողքին կան բանաստեղծներ ու արձակագիրներ, որոնք փորձեցին գրականություն բերել հայ կնոջ մի փոքր այլ տեսակ, օրինակ, վերցնենք հենց Տանյա Հովհաննիսյանի ֆենոմենը: Նա փորձեց ցույց տալ հայ կնոջ մի ուրիշ հոգեբանություն՝ ավելի համարձակ, թեեւ խորքում էլի մի փոքր ողբերգական… Վիոլետ Գրիգորյանի կերպարը եւս կա, ուրիշ տեսակ կին՝ ավելի բաց ու համարձակ, ավելի շատ պատասխանատվություն իր վրա վերցնող կին: Այդ շրջանում են Լաուրա Աղաջանյանը, Արփի Ոսկանյանը, որոնք նոր կնոջ կերպար փորձեցին երեւան բերել: Բայց որ ամենակարեւորն է՝ տղամարդկանց արձակում սկսեցին ուրվագծվել նոր տեսակի կանանց կերպարներ… Խեչոյանի, Խանջյանի, Արամ Պաչյանի ու մյուսների մոտ էլ էն ավանդական տան միջի կինը չի, որը սպասում է ամուսնու գալուն, որ ճաշ եփի ու համ էլ բողոքի՝ ամեն օր ինչ եփեմ: Այսօրվա գրականության մեջ կինը մի փոքր ավելի նախաձեռնող է, եթե նույնիսկ նրա վիճակը այդքան լավ չէ: Նա ասող է, խոսող է, պահանջներ դնող է, ավելի կյանքային է եւ հասարակական: Եվ եթե նախկինում մեր դասական գրականության մեջ կնոջ շուրթերից ինչ-որ հանճարեղ ֆրազ, կյանքը վերափոխող ինչ-որ բան լսելը սենսացիա էր, այսօր մեր գրականության մեջ կինը որպես կերպար շատ ավելի ազատ է, շատ ավելի քաղաքացի ու համատարած գաղջ վիճակից ձերբազատված»,-համոզված է Արքմենիկ Նիկողոսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Այսօրվա հայ կնոջ կերպարը գրականությունում տեսնելու համար խորհուրդ կտայի հարգելի գրականագետին իր բարձրունքներից իջնել և չանտեսել Կարինե Աղաբեկյանի 1999-2013թթ գրված 13 սիրավեպերը, որտեղ գործում են հենց այսօրվա հայ հերոսուհիները;

  2. Մանիկ says:

    Ինչ պրիմիտիվ է խոսում: Մինչև ամբողջ գրականությունը չմարսես, չես կարող վերջնական կարծիք ասել: Եվ ինչ պարզունակ մեկնաբանություն Մաթևոսյանի Աղունի մասին: Եվ այս մակարդակով գրականագետ կարելի կոչել ամեն գրամոլ ակտիվիստի???

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031