Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF) տնօրեն Կարեն Մանվելյանը կասկածում է, որ գողությունը կարող էին կատարել որսագողերը:
«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Կարեն Մանվելյանը տեղեկացրեց, որ օրերս Հատուկ պահպանվող երկու տարածքներից, որոնք միմյանցից գտնվում են 30 կմ հեռավորության վրա, անհայտ անձինք գրեթե միաժամանակ գողացել են այդ տարածքներում Կովկասյան հովազների կյանքն ու տեղաշարժը նկարահանող մի քանի ֆոտո եւ տեսախցիկներ, մեկի միջից էլ հիշողության չիպն են հանել: «Այս տարի սա խցիկները գողանալու երկրորդ դեպքն է: Մենք դիմել ենք ոստիկանություն՝ չարագործներին հայտնաբերելու համար: Վարկածները տարբեր են: Եթե դա որսագողերի ձեռքի գործն է, ապա գողությունը նրանք կկատարեին մեկ տարածքում եւ չէին գնա երկրորդ տարածք, որը սահմանամերձ է եւ վտանգավոր: Բացի դա, դժվար թե որսագողը ֆոտոխցիկը գողանալու փոխարեն մտածեր այն թողնել տեղը եւ չիպը հաներ», – ասաց WWF տնօրենը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ