Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքերն ու համայնքները խոչընդոտում են Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանը

Հուլիս 31,2014 15:29

Այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը եւ Հայաստանի բնապահպանության նախարարության հատուկ տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսեցին Բնության հատուկ տարածքների պահպանման (ԲՀՊՏ) ոլորտում վերջին 10 տարիների համատեղ աշխատանքի մասին:

Կարեն Մանվելյանը, նշելով այդ աշխատանքների արդյունավետությունը, համեմատական անցկացրեց այսօրվա եւ 2004 թվականի միջեւ: Ըստ այդմ, եթե 2004 թվականին ԲՀՊՏ-ների ընդհանուր տարածքը 301.184 հա էր, կամ ՀՀ տարածքի 10,1%-ը, 2014 թվականին այն կազմել է 393.065 հա, կամ ՀՀ տարածքի 13,2%-ը: Նրա խոսքերով 10 տարվա ընթացքում, ինչ սկսել է գործել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Հայաստանում ստեղծվել է 91,881 հա նոր հատուկ պահպանվող տարածք, կամ ՀՀ ընդհանուր տարածքի մոտավորապես 3,1%:
«Մենք քիչ ենք խոսել մեր կատարած աշխատանքների մասին՝ ավելի շատ ժամանակ տրամադրելով գործին: Սկսած 2002 թվականից, երբ գրասենյակը ստեղծվեց Հայաստանում, մենք սկսեցինք համագործակցել բնապահպանության նախարարության հետ: Հիմնական ուղղվածությունը Հայաստանում Կովկասյան ընձառյուծի պահպանումն էր: Այդ կենդանին մտցված է Հայաստանի եւ միջազգային «Կարմիր գրքում»: Աշխատանքները սկսեցինք Խոսրովի եւ Շիկահողի արգելոցներում, որոնք լինելով ընձառյուծի հիմնական ապրելավայրեր, ԽՍՀՄ փլուզումից հետո շատ վատ վիճակում էին: Բայց քանի որ միայն այդ էկոարգելոցներով անհնարին է պահպանել ընձառյուծներին եւ նրանց որս հանդիսացող կենդանատեսակներին՝ Բեզոարյան այծ, Հայկական մուֆլոն եւ այլն, սկսեցինք նախարարության հետ սերտ աշխատելով գնալ հատկապես Հայաստանի հարավում՝ Մեղրի, Զանգեզուր, հատուկ պահպանվող նոր տարածքներ ստեղծելու ճանապարհով, ինչը շատ դժվար աշխատանք է»,- ասաց Կարեն Մանվելյանը:
Արամ Աղասյանը, լրացնելով գործընկերոջ միտքը, նախ մի փոքր ճշտում արեց. «Հատուկ պահպանվող տարածքների համակարգը Հայաստանում գործում է 1958 թվականից, բայց 2000-ին այդ ոլորտում շատ վատ վիճակ ունեինք: 2002 թվականին կառավարությունը հաստատեց Հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը եւ գործողությունների ազգային ծրագիրը, որտեղ նախանշված էին ապագայում ստեղծվելիք գրեթե բոլոր այն տարածքները, որոնք փաստացի այսօր ունենք: Ու փառք Աստծո, երբ կազմակերպվեց WWF-ն, նրա ակտիվ մասնակցությամբ եւ աջակցությամբ Հայաստանում այդ տարածքները ստեղծվեցին»:

Խոսելով Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման գործում առկա լուրջ խոչընդոտների մասին՝ Արամ Աղասյանն ասաց. «Դա իսկապես շատ բարդ գործընթաց է, քանի որ Հայաստանում գրեթե բոլոր տարածքները հիմնականում համայնքային վարչական սահմաններում են եւ կիրառվում են որոշակի սահմանափակումներ, ռեժիմներ: Դրանք կապված են տվյալ տարածքը տնտեսական շահագործումից դուրս հանելու խնդիրների հետ: Այսինքն, մենք գործ ունենք գյուղերի, համայնքների տնտեսական զարգացման հետ: Հողերի սեփականության տեսակետից տարածքները կամ պետք է օրենսդրորեն գերակա շահ ճանաչվեն, որի պարագայում կառավարությունը պետք է փոխհատուցի հողային կամ գումարային տեսքով, կամ համայնքը պետք է իրավական որոշմամբ տվյալ տարածքը նվիրաբերի ՀՀ կառավարությանը»:

Բանախոսները համակարծիք էին, որ համայնքները մեծ դժկամությամբ են գնում նվիրաբերության ճանապարհով եւ, որ ավելի դժվար է, հատկապես հանրապետության հարավում գործունեություն իրականացնող հանքարդյունաբերողները չեն ցանկանում հրաժարվել իրենց հանքերից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031