Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյանի տարօրինակ «ժեստը»՝ Արմեն Աշոտյանին (Տեսանյութ)

Հուլիս 31,2014 15:26

Երեկ «Երկխոսությունը հնարավոր է» միջոցառման ժամանակ, երբ փորձում էին լսող մարդկանց ժեստերի լեզուն սովորեցնել՝ շփվելու խուլ կամ լսողական խնդիրներ ունեցողների հետ, երգիչ Ռուբեն Հախվերդյանն իր ելույթում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մասին խոսելիս միկրոֆոնի մեջ տարօրինակ ձայն արձակեց (տես տեսանյութում):

Թե ինչ էր նշանակում Ռուբեն Հախվերդյանի այդ ժեստը՝ Aravot.am-ի հետ զրույցում նա բացատրեց, որ թե՛ ԿԳ նախարարը, թե՛ մշակույթի նախարարը անտարբեր են այս խնդիրներին. «Այսօր պատահական չի, որ ոչ կրթության նախարարն է ստեղ, ոչ մշակույթի նախարարը: Էդ իրանց բիզնեսն ա: Տենց իրանք իրանց ապահով են զգում, տենց տներ են կառուցում: Ով ինչքան փող ա ուտում, ճիշտն ասած, ես չգիտեմ, բայց վստահ եմ, որ հենց ընենց չեն ապրում: Ամենացավն էն ա, որ ժողովուրդը գիտի, բայց ժողովուրդը ոչինչ չի կարողանում անել»:

Ռուբեն Հախվերդյանի խոսքերով՝ «Անշուշտ, ավելի լավ է լինել ֆիզիկապես խուլ, քան թե հոգով: Էս երեխաները գերէմոցիոնալ են եւ ֆիզիկապես խուլ են: Երբ մարդու մի թեւը կտրում են, մյուս թեւն ուժեղանում է: Այսինքն, ինչ-որ մի բանով ներդաշնակությունը վերականգնվում է մարմնի եւ հոգու մեջ: Իսկ մեր կառավարությունը, կարծում եմ, եթե սովորական մարդկանց չեն լսում, ո՞նց կարող են լսել այս փոքրիկ արատ ունեցող երեխաների խնդիրները»:

Մեր հարցին՝ կառավարության կազմը փոխվեց, վարչապետը փոխվեց, դա ոչինչ չփոխե՞ց՝ նա պատասխանեց. «Չէ, ոչինչ չփոխվեց: Պետք է համակարգը փոխվի, ոչ թե մարդիկ փոխվեն: Համակարգը նույնն է: Բուրգաձեւ համակարգ է, վերեւում նստած է թագավորը, մնացածն իրա ենթականերն են: Գյուղապետն էլ է ինքը, գլխավոր բժիշկն էլ է ինքը, գլխավոր նախարարն էլ է ինքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031