Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով այսօր հրապարակվեցին ամբաստանյալ, սոցիալական ապահովության ծառայության հատուկ ծրագրերի վարչության նախկին պատասխանատու Աշոտ Աբրահամյանի նախաքննական բոլոր ցուցմունքները:
Նա վկայի կարգավիճակով ցուցմունք էր տվել 10 անգամ, իսկ 2 անգամ էլ առերեսում էր տեղի ունեցել նրա եւ ամբաստանյալներ Վազգեն Խաչիկյանի ու Վահագն Խաչատրյանի հետ:
Ըստ այս վկայի, նրա խնդիրն էր համակարգել տարածքային սոցիալական ապահովության ծառայությունների աշխատանքները, նախապատրաստել բողոք-դիմումներ: Որպես վկա նա առաջին անգամ ցուցմունք էր տվել 2011-ի հունվարի 19-ին եւ այդ ժամանակ էլ նախաքննական մարմինը նրան հարցեր էր ուղղել խուզարկության ժամանակ (ուշադրություն դարձրեք՝ վկայի) նրա աշխատասենյակից հայտնաբերված քաղաքացիների անձնագրերի պատճենների մասին:
Ի դեպ, այդ անձնագրերի մեջ եղել էր կենսաթոշակառու Լաուրա Սահակյանի նկարով, բայց տղամարդու անուն-ազգանունով անձնագիր, որի կապակցությամբ Աշոտ Աբրահամյանը հայտնել էր, թե այդ անձնագիրը բերել են իր աշխատակիցները:
Կարդացեք նաև
Վկայի հետագա ցուցմունքները նախաքննական մարմինը կառուցում է խուզարկությամբ հայտնաբերված մի նոթատետրի շուրջ, որտեղ կային գրառումներ՝ 1 մլն 250 հազար դրամ, նախագահ, նախագահի վարորդ, Հովո: Ըստ Ա. Աբրահամյանի ցուցմունքի, դրանք նշումներ են եղել կենսաթոշակառուների դիմումների մասին, ինքը չի տեսել կենսաթոշակառուներին եւ գրել էր իրեն դիմածների անունները: Իսկ «նախագահի վարորդ» վերծանումը արվեց, պարզվեց, որ խոսքը Վազգեն Խաչիկյանի վարորդի մասին էր:
Հետագա ցուցմունքներում պարզվեց, որ կենսաթոշակառուների հարազատների դիմումները նա փոխանցում էր վճարման ծառայությանը՝ 50%-ը վճարման ծառայությանը մնալու պայմանով, իսկ ինքը 2008թ. նոյեմբերից մինչեւ 2010-ի փետրվար ամիսը Վ. Խաչիկյանից անձամբ ամեն ամիս ստացել է 150 հազար դրամ գումար:
Ամբաստանյալի 5-րդ ցուցմունքն էր հատկապես ուշագրավ, որը տվել էր 2011թ. նոյեմբերի 9-ին: Այդտեղ խոսք է գնում Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների եւ հետագա դրամահավաքի մասին: Ըստ ամբաստանյալի, Վերահսկիչ պալատի հետ հարցերը լուծելու համար ինքը պետք է խոսեր Արաբկիրի, Շենգավիթի պետերի հետ, սակայն ինքն ասել է, որ դիմեն Խաչիկյանին, որը, չգիտես ինչու, փոխարեն գումարների մասին հանձնարարեր վճարման ծառայությանը, հանձնարարել է իրեն: Հետագայում ինքը չի իմացել, թե արդյոք վճարման ծառայությունը փոխանցե՞լ է գումարները, տվել կոդերը, իսկ ինքն էլ եզրակացություն չի տվել: Ըստ Աբրահամյանի, Վ. Խաչիկյանի կողմից տեղեկատվական բազայից կոդերը ջնջելու հանձնարարություն իրեն չի տրվել:
Հրապարակվեց Վահագն Խաչատրյանի հետ նրա առերեսման ժամանակ տրված ցուցմունքը, որտեղ Վահագնը հայտնել էր, որ ամբաստանյալը ճիշտ չի ասում եւ Աշոտ Աբրահամյանն է զանգել իրեն, ասելով՝ «կոդ տամ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ