Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի մարդկային զարգացման ծրագրում ունեցած իր դիրքը

Հուլիս 31,2014 13:05

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Մինչ օրակարգին անցնելը մի տեղեկություն եմ ցանկանում ներկայացնել ձեզ: Հուլիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը հրապարակեց մարդկային զարգացման համաթվի 2014 թվականի զեկույցը: Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում` 87-րդ տեղում: Այս հարցում էական բարելավում երևի թե պետք է սպասել կրթության համակարգից: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ եթե կրթության սպասվելիք տևողությունը 12.3 տարի է, փաստացի միջինը 10.8 տարի է: Կառավարության ծրագրում մենք ամրագրել ենք պետության կողմից տասներկու տարվա պարտադիր կրթության ֆինանսավորում, և այս տարվանից արդեն այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն: Հանձնարարում եմ Կրթության և գիտության նախարարությանը՝ ուշի ուշով հետևել այս զարգացումներին և աշխատել ՄԱԿ-ի հետ 2015 թվականի զեկույցում արդեն ճշգրտված վիճակագրություն զետեղելու համար:

Գոյություն ունի այս համաթվի կարևոր մեկ ասպեկտ ևս, որին երևի թե հարկ է, որ ավելի մանրամասն անդրադառնա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Եթե մարդկային զարգացման համաթիվը ճշգրտում ենք անհավասարության գործակցով, ապա Հայաստանի դիրքը բարելավվում է տասնհինգ կետով, և մենք առաջ ենք անցնում հարևան Վրաստանից, Թուրքիայից և Իրանից»:

Քանի որ ավելի քան երեք ամիս է, ինչ նոր կառավարության նախարարությունները գործում են, վարչապետը նախարարներին հանձնարարել է հանրությանը ներկայացնել իրենց կատարած աշխատանքի արդյունքն ու ծրագրերը:

Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, կառավարության 2014թ. գերակա խնդիրները, գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները: Հաջորդ կետով գործադիրն ուժը կորցրած է ճանաչել կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրներն հաստատելու ս.թ. հունվարի 9-ի որոշումը:

Մեծացվում է պետական կառավարման համակարգի արդյունավետությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել՝
-«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրին (առաջինը հաջողությամբ ավարտվել է 2013թ. վերջին), որը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկների հիման վրա և ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը և այլն. նպատակն է բարձրացնել պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը՝ խթանելով կառավարման համակարգի արդյունավետությունը,
-ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության լրացմանը, որով նախանշված հեռանկարային ոլորտների շարք կներառվի կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունը, ինչի շնորհիվ կբարձրանան թողարկվող արտադրանքի որակն ու անվտանգությունը՝ մեծացնելով արտահանման ծավալը:
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որով կապահովվի համակարգի բնականոն գործունեությունը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին,
-ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգի կիրարկման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն կտա մշակել երկրի սողանքային աղետի կառավարման պլան,
-Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագրի և հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ցանկի փոփոխությունները,
-պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի փոփոխություններն ու լրացումը, որոնցով հստակեցվում են սույն գործընթացի իրավահարաբերությունները, նվազեցվում կոռուպցիոն ռիսկը:
ՀՀ կառավարությունը սահմանել է բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը, որով հստակեցվում են բուսական աշխարհի օբյեկտների, այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված բույսերի և դրանց աճելավայրերի պահպանության կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031