Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կորյուն Գրիգորյան. «Տիգրան Սարգսյանն ու Դավիթ Սարգսյանը բյուջեից 25 միլիոն դոլար են գողացել» (Տեսանյութ)

Հուլիս 31,2014 12:58

«Դա օրենքի խախտում էր, որովհետև եթե գալիս են վտարելու, ապա նախապես պետք է այդ մասին ծանուցեն: Իսկ մեզ մոտ այնպիսի խայտառակ վիճակ էր, որ ուղղակի զանգում ասում են՝ արդեն մտել և արդեն վտարում են: Այսպես չեն անում»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը` անդրադառնալով նախօրեին ԴԱՀԿ-ի կողմից Մարզահամերգային համալիրի աշխատակիցների վտարմանը:

Հիշեցնենք, նախօրեին ԴԱՀԿ ծառայողները, առանց նախազգուշացման, թույլ չեն տվել շենք մուտք գործել ՄՀՀ-ի աշխատակիցներին, պատճառաբանելով, որ ներսում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում: Իսկ ավելի վաղ աշխատանքի եկած մարդկանց ստիպել են ազատել աշխատասենյակները՝ նույն պատճառաբանությամբ:
Կորյուն Գրիգորյանն անդրադարձավ նաև աճուրդին և այն պարտքին, որի պատճառով էլ աճուրդը կազմակերպվել է`նշելով, որ շատ տարօրինակ բան է տեղի ունենում` 25 մլն դոլար պետական բյուջեում չկա, բայց ոչ ոք չի հարցնում, թե ուր է այդ գումարը. «Ոչ ոք չի ուզում պարզի, թե ում թեթև ձեռքով է դա արվել և հեղինակը Տիգրան Սարգսյանն ու Դավիթ Սարգսյանն են»: Մեղադրանքներ հնչեցնելով նախկին վարչապետի մասին`այս իրավիճակի համար, Կորյուն Գրիգորյանն ասաց, որ դիմել են ներկայիս վարչապետին, բայց դեռ պատասխան չեն ստացել: Բայց եթե իրենց գործողությունները հաջողությամբ չպսակվեն Հայաստանի համապատասխան ատյաններում, ապա իրենք պատրաստ են դիմել նաև միջազգային դատարան: «Սա պետական ռեկետ է, այս ամենը անում են, որպեսզի մեզ լռեցնեն, բայց մենք չենք գնալու այս ճանապարհով: Մենք օրենք չենք խախտել, անգամ եթե գումարը չենք հասցրել վճարել: Այո, խնդիրներ կան բազմաթիվ, բայց մեր իշխանությունները կոնկրետ գնում են իրավախախտումների»,- ասաց նա ու ավելացրեց, որ չի կարող ասել, թե ով աչք ունի Մարզահամերգային համալիրի վրա, բայց` «դա դժվար չէ կռահել»:

Նա տեղեկացրեց նաև, որ ՄՀՀ-ի պարտքը ներկայումս կազմում է 10 մլրդ 200 մլն դրամ:
Իսկ ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը նշեց, որ երեկ տեղի ունեցածը օրենքի խախտում է. «Վտարման որոշում չի եղել, իսկ  ԴԱՀԿ տարածած հաղորդագրությունը խախտում էր, քանի որ գաղտնի տեսաձայնագրելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանությունը և այլ մարմիններ` բացառությամբ ԴԱՀԿ ծառայության: Տեսագրելու և հրապարակելու գործողությունների մեջ առկա են խախտումներ և այս իմ հայտարարությունը պատկան մարմինները պետք է դիտեն որպես հայտարարություն հանցագործության մասին, թեև ես արդեն դիմել եմ»:

Ի դեպ, Կորյուն Գրիգորյանը նշեց, որ եթե օրենքով են շարժվում, ապա Պաշտպանության նախարարությունը պարտք է ՄՀՀ-ին մոտ 60 մլն դրամ անցկացված երեք միջոցառումների համար: Նա հստակեցրեց, որ տեղեկությունը, որ ՄՀՀ-ի շենքը ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում է, իրականությանը չի համապատասխանում: Նա նկատեց, որ նման կերպ փակ ռեժիմով օտարվեցին Ավտոդողերի գործարանը, «Վանա լիճ» ռեստորանային համալիրի շենքը եւ այլն:

Նշենք, որ ՄՀՀ-ի հերթական 6-րդ աճուրդը մեկնարկում է վաղը, բայց սա էլ բանախոսը որակեց որպես ապօրինություն, քանի որ` «ինչ-որ մեկը մտնում է համալիր, 15 րոպե շրջում է, գին է որոշում»: «Հատուկ գնահատում պետք է լինի, ոչ թե ինչ-որ պարոն գին որոշի ոտքի վրա»,- հավելեց Կարեն Գրիգորյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031