Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «Կառավարությունում առայժմ թիմային աշխատանք չեմ տեսնում». «Հայոց աշխարհ»

Հուլիս 31,2014 11:44
Tatul Manaseryan

Հարցազրույց տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ

– Տնտեսության կենտրոնացում որոշակի անձանց ձեռքում, ստվեր, բիզնեսի ու իշխանության սերտաճում. այս ամենը լրջորեն խանգարում է Հայաստանի տնտեսության զարգացմանը, եւ նոր կառավարությունից կային սպասելիքներ՝ կոտրել սառույցը: Ի՞նչ հասցրեց 100 օրում անել վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ հասցրե՞ց արդյոք:

– Իհարկե, 100 օրը բավարար ժամանակ չէ լուրջ արդյունքներ ակնկալելու համար, բայց 100 օրում նաեւ պետք է նկատվեն առաջին լուրջ քայլերը, որոնք կհանգեցնեն դրական արդյունքների:

Ասել, թե քայլեր չեղան, ճիշտ չէ, մասնավորաբար փորձեր արվեցին ստվերում գործող տնտեսավարողներին հարկային դաշտ բերելու ուղղությամբ: Բայց լավ չէ, որ նման քայլերը մեզանում անձնավորված բնույթ ունեն, այսինքն՝ եթե գործադիրի ղեկավարը լինի թույլ գործիչ, ուրեմն կարող է ամեն ինչ ձախողել: Եվ փաստորեն կատարված քայլերը պայմանավորված են ներկայիս վարչապետի կամային հատկանիշներով: Իսկ Հովիկ Աբրահամյանը շատ լավ գիտի ինչպես խոսել այն գործարարների հետ, որոնք գերադասում են թաքցնել եկամուտները:

Սրանով հանդերձ, ամբողջ աշխատանքը չի կարող ծանրանալ միայն վարչապետի ուսերին, եթե նման գործելաոճ է ընտրված, ապա ես մեծ ակնկալիքներ չեմ կարող ունենալ, քանի որ ցանկացած մարդու ունակությունները, ի վերջո, սահմանափակ են: Հետեւաբար շատ եմ կարեւորում թիմային աշխատանքը: Մինչդեռ կառավարությունում առայժմ թիմային աշխատանք չեմ տեսնում, որքան էլ որ նախարարները վարչապետի կողմից ընտրված անձինք են:

Իհարկե, առանձին նախարարներ լուրջ աշխատանք են անում, բայց ազգային տնտեսությունը չի կարող ձեւավորվել առանձին կառույցների աշխատանքով: Պետք է լինի համակարգված մոտեցում, եւ աշխատանքը իրականանա ժամացույցի մեխանիզմի պես: Վարչապետը խիզախ, համարձակ մարդ է, ես, ճիշտն ասած, վստահում եմ իր ուժերին, բայց, կրկնում եմ, միայն վարչապետի ակտիվ աշխատանքով չենք կարող արդյունքների հասնել:

-Հաճախ է ասվում՝ թվում է, թե այս կամ այն գերատեսչությունը ամեն ինչ անում է օրենքով սահմանված կարգով, բայց արի ու տես, որ ի վերջո սայլը տեղից չի շարժվում: Սա՞ ինչի հետեւանք է:

-Գիտեք, տպավորություն ունեմ, որ նախարարների մեծամասնությունը, անգամ երիտասարդները, որքան էլ թվան ինտելեկտուալ ու աշխատասեր մարդիկ, իրենց մտածողությամբ մերօրյա նախարարներ չեն: Ցավոք, գրեթե բոլորը, չնչին բացառություններով, դեռեւս չեն թոթափել խորհրդային նախարարի բարդույթը:

Այդպիսիք, ասենք, կարող են մի քիչ ուշ գնալ տուն, մնալ իրենց «կաբինետում» ու պատասխանել նախագահի, վարչապետի զանգերին եւ դրանով ցույց տալ, թե աշխատում են: Բայց իրականում այդպես չէ, նրանք իրենց ամբողջ ժամանակը չեն տրամադրում գործին, հակառակ դեպքում արդյունքները շատ դրական կլինեն: Իսկ մեզ պետք չեն մարդիկ, որոնք ընդամենը ցույց են տալիս, թե աշխատում են, մեր գործն այդպես երբեք առաջ չի գնա:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031