Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչները ծանոթանում են Ցեղասպանության թեմայի դասավանդման նրբություններին

Հուլիս 31,2014 11:25

Շուրջ 30 ուսուցիչ՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, հուլիսի 30-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում է «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը կարևորում է դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ դասավանդումն ու մատուցումը։ Այն իր մեջ պարունակում է բարդություններ և սպառնալիքներ, քանի որ կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ երեխաների վրա և սխալ մատուցման դեպքում ազդել ապագա սերնդի վրա՝ բարդույթներ առաջացնելով աշակերտների մոտ։ «Այս դասընթացի միջոցով փորձում ենք նոր մեթոդներ մատուցել ուսուցիչներին, ովքեր դրանք լայնորեն կկիրառեն իրենց աշխատանքներում։ Կարևորագույն շեշտադրումը լինելու է այն, որ մենք վերջապես պետք է վերանանք զոհի բարդույթից։ Հայոց ցեղասպանության մատուցումը սպանվածի, կոտորվածի հոգեբանության շարադրելն ու տարածելը չէ։ Հակառակը՝ ավելի պատասխանատու, գրագետ ու հպարտ սերնդի դաստիարակումն է։ Մենք պետք է հասկանանք, որ Ցեղասպանության հիմնական նպատակը հայ ազգի ոչնչացումն էր։ Եվ մեր ազգը, լինելով ուժեղ, տոկուն, պայքարող, կարողացավ վերապրել Ցեղասպանությունը, ստեղծել պետականություն»,- ասում է Սուրեն Մանուկյանը։ Նա նաև ընդգծում է, որ կա պայմանավորվածություն ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի հետ, և դասընթացի արդյունքում ուսուցիչների համար ստեղծվելու է Ցեղասպանության թեման դասավանդելու ուղեցույց։

Սուրեն Մանուկյանը նաև տեղեկացնում է, որ մյուս տարվանից Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքում կսկսի գործել առանձին հարկաբաժին, որտեղ հնարավորություն կստեղծվի աշակերտների համար անցկացնել պարապմունքներ։
Մարի Թութելյանը հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն է դասավանդում Կալիֆոռնիայի Հայ քույրերի վարժարանում, որն ունի 2-14 տարեկան մոտ 300 հայ աշակերտ։ Տիկին Թութելյանը նշում է, որ գրեթե յուրաքանչյուր դասի ընթացքում անդրադառնում են Ցեղասպանությանը։ Ցանկացած թեմայի մեջ փորձում են ինչ-որ բան գտնել ու կապել այդ մեծ ողբերգության հետ։ Մշտապես կազմակերպում են միջոցառումներ, քայլարշավներ՝ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակը և բարձրաձայնելով հայոց պահանջատիրությունը։

Դավիթ Եղիազարյանը պատմություն է դասավանդում է Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցում։ Նշում է, որ աշակերտների մոտ տարբեր զգացումներ կան Հայոց ցեղասպանության նկատմամբ՝ անհանգստություն, վրեժխնդրություն և այլն։ Պատմության ուսուցիչը նկատում է, որ դասագրքերում բավականին ծավալուն ներկայացված է Ցեղասպանության թեման, սակայն ցանկալի է, որպեսզի մշտապես արտածրագրային միջոցառումներ իրականացվեն. «Ցեղասպանության թեման շատ նուրբ ու լայն է, և մասնագիտական նրբությունները շատերին հասու չեն, ուստի նման դասընթացները կարևոր են՝ ավելի լայն պատկերացում կազմելու համար»։

«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցում դասախոսություններ են կարդում անվանի մասնագետներ (Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյան, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարության, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյան)։ Քննարկվող թեմաների շարքում են՝ Հայոց ցեղասպանության թեման տարբեր տարիքային խմբերին դասավանդելու առանձնահատկությունները, Հայոց ցեղասպանության դասավանդման առանձնահատկությունները Հոլոքոստի պատմության դասավանդման համեմատությամբ, Հայոց ցեղասպանություն թեմայի տեղն ու դերը հանրակրթության բովանդակության մեջ և այլն։

«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցն իրականացնում է «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031