Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Միմյանց հետ կապված որեւէ երկիր եթե խնդիրներ է ունենում՝ դա որոշակի ազդեցություն գործում է նաեւ մյուս երկրի վրա». «Հայկական ժամանակ»

Հուլիս 31,2014 11:20

Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը երեկ պատասխանել է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցների եւ Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին, ինչպես նաեւ «ՀԺ»-ի մի շարք այլ հարցերի։

– Պարոն Նիկոյան, ձեր կարծիքով, ինչպե՞ս կազդեն Ռուսաստանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցները Հայաստանի վրա տնտեսական, քաղաքական եւ սոցիալական իմաստներով։

– Նախ, պետք է հասկանալ, թե այդ պատժամիջոցներն ինչ ազդեցություն կունենան հենց Ռուսաստանի վրա, որից հետո պետք է մտածել, թե դրանք ինչ ազդեցություն կունենան այն երկրների վրա, որոնց տնտեսությունը բավականին կապված է Ռուսաստանի հետ։ Դրա համար վաղաժամ դատողություններ անելը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չի լինի։
Պետք է տեսնել՝ ինչ խորությամբ կլինեն այդ պատժամիջոցները, ինչ մակարդակի եւ ինչ տեւողության, ինչ ոլորտներ կընդգրկեն կամ հետագայում ինչ քայլեր կլինեն, ուկրաինական խնդիրը կգնա դեպի սրացո՞ւմ, թե՝ դեպի հանգուցալուծում։
Ուզում եմ ասել, բավական շատ եթե-ներ ու հարցականներ կան, որոնցից էլ կախված է վերջնական արդյունքը՝ ինչքանով կտուժի Ռուսաստանի տնտեսությունը։ Դրանից հետո նոր կարող ենք քննարկել, թե Հայաստանի վրա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ կամ՝ կարո՞ղ է ունենալ, թե՝ ոչ։ Միանշանակ է մի բան, որ տնտեսության մեջ հաղորդակից, միմյանց հետ կապված որեւէ երկիր եթե խնդիրներ է ունենում, ուզած, թե չուզած, դա որոշակի ազդեցություն գործում է նաեւ մյուս երկրի վրա։ Այդ իմանալով, կարծում եմ, մեր իշխանությունները, կառավարությունը, պետք է, իհարկե, նախօրոք որոշակի քայլեր ձեռնարկեն, որպեսզի մաքսիմում փորձենք խուսափել տհաճ, բացասական ազդեցությունից։

– Ասում եք, դեռեւս վաղաժամ է, բայց այդուամենայնիվ, առաջին տպավորությամբ, այդ ազդեցությունն ինչպիսի՞ն կլինի։

– Ակնհայտ է, որ պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսության վրա որոշակի բացասական ազդեցություն գործելու են, եւ դա ռուս փորձագետներն ու ՌԴ իշխանություններն էլ են խոստովանում, նրանք հայտարարում են, որ կտուժի ոչ միայն իրենց տնտեսությունը, այլ նաեւ եվրոպական որոշ երկրների տնտեսությունը։ Արեւմուտքը, հասկանալով հանդերձ, որ իրենց տնտեսությունն էլ է տուժելու, միեւնույն է, թեկուզ իր տուժելու գնով, գիտակցաբար, գնում է առաջ։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031