Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանցիներին «շփոթեցնել» ցանկացող ավագանու անդամի պատասխանը Քաղաքապետարանի սրտացավ ներկայացուցիչներին

Հուլիս 31,2014 10:37

Վերջապես ժամանակ գտա անդրադառնալու Երևանի քաղաքապետարանի՝ իմ ասուլիսի «շատ կարևոր» անդրադարձին:

Ողջունելով քաղաքապետարանի գործունեությունը պաշտպանելու նպատակով այդ կառույցի պաշտոնյաների պատասխանելու անհագուրդ ցանկության մշակույթի ձևավորումը՝ չեմ կարող չնկատել սակայն, որ նրանց կողմից միշտ չեն արձագանք գտնում այն հիմնախնդիրների վերաբերյալ գնահատականները, որոնք բարձրաձայնվում են պարբերաբար, և հորդորում եմ այս կարևոր գործում հետայսու լինել էլ ավելի հետևողական: Ինչպես նաև ի գիտություն եմ ընդունում լռությունը մյուս բոլոր քննադատությունների վերաբերյալ, մասնավորապես հանրային տրանսպորտում ծխելու շաբաթական 6-10 դեպք հայտնաբերելու «փաստերը», որը կրկնում եմ՝ անգործության արտացոլանքն է…

Քաղաքապետարանի պատասխանում անդրադարձ է եղել այն հարցին, որ հրապարակայնորեն արված այդ առաջարկին, մասնավորապես, «Բարև Երևան» խմբակցության և ոչ մի անդամի կողմից մինչ օրս միջազգային խորհրդատուի կողմից ներկայացված ցուցանիշները նվազեցնելու ուղղությամբ որևէ առաջարկ կամ մոտեցում չի ներկայացվել: Նախ՝ առաջարկը եղել է հանձնաժողովի անդամներին, որոնք մասնակցել են հանձնաժողովի բոլոր նիստերին, իրազեկ են եղել ներկայացված ծախսերի չափերից և կատարված ընդհանուր աշխատանքներից, Իսկ «Բարև Երևան» խմբակցությունն այդ օրը եղել է դիտորդի կարգավիճակում՝ պարզելու միջազգային փորձագետի և քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքի համատեղության բաշխվածությունն ու արդյունավետությունը:

2-րդ՝ բազմիցս անդրադարձել ենք, թե ինչու է «Բարև Երևանը» մերժել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու առաջարկությունը: Սակայն ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո, երբ նա կհրապարակի իր եզրակացությունը, խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ և հանրությանը կներկայացնի այն ամենն, ինչ անընդունելի է մեր կողմից:

Բացի այդ, ցանկանում եմ հիշեցնել, որ միջազգային խորհրդատուն մասնակցել է ուղևորահոսքի հաշվարկի աշխատանքներին և համադրել է քաղաքապետարանի կողմից հաշվարկված ծախսերի հետ, հետևաբար ծախսերի նվազեցումը չի կարելի կապել միջազգային խորհրդատուի գործունեության հետ, իհարկե, հասկանում եմ, որ այդ քայլը արվել է բացառապես ծախսերի բաղադրիչը միջազգային փորձագետի կողմից լեգիտիմացնելու փորձ անելու նպատակով:

Շնորհակալ եմ տեքստի հեղինակին, ով իսկապես կարևորել է Երևանի նկատմամբ իմ սրտացավությունը, և խոստանում եմ նույնքան սրտացավ շարունակել ապրել Երևանի հոգսերով:

Ցավում եմ, որ քաղաքապետարանի՝ ինձ պատասխանած անձը/անձինք, չի/չեն տարբերում իրականում տեղեկատվություն ներկայացնելու հարթակների բազմազանության անհրաժեշտությունն ու կարևորությունը, հարգելիներս, մամուլի ակումբներում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ աշխատելը կարևոր հարթակ է, որոնցից մերթընդմերթ օգտվում եք նաև դուք:

Հարգանքներով՝

Դավիթ Սանասարյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031