Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրբան» հիմնադրամ. պոլիէթիլենային տոպրակների վերջի սկիզբը

Հուլիս 31,2014 10:17

Կարծում եմ, չկա մեկն, ով զզվանք չապրի տեսնելով ամենուրեք թափված, ծառերից կախված կամ գետերի մեջ լողացող ցելոֆանե տոպրակները: Բայց ոչ բոլորն են հասկանում, թե ինչպես կարելի է ձերբազատվել դրանցից: Մեզանից շատերը կարծում են, որ եթե խանութում յուրաքանչյուր ապրանք առանձին ցելոֆանե տոպրակի մեջ են դնում, ապա դա նշան է սպասարկման բարձր որակի: Իսկ հետո՞…

Հետո, օրեցօր ավելացող պոլիէթիլենային տոպրակները, որոնք չեն հավաքվում ու չեն վերամշակվում, տարածվում են այս ու այն կողմ՝ ստեղծելով բոլորիս քաջ ծանոթ զզվելի պատկերը:

celofan_1
Փորձենք կատարել պարզ հաշվարկ տեսնելու համար, թե որքան մեծ է պոլիէթիլենային աղբի քանակը մեր միջավայրում։ Երևան քաղաքում յուրաքանչյուր ընտանիք ամեն օր գնումների ժամանակ ձեռք է բերում միջին հաշվով 5 պոլիէթիլենային տոպրակ: Բազմապատկելով այն ընտանիքների թվով ստանում ենք 1 402 500, որը մեկ տարում կազմում է 511 912 500 տոպրակ: Պոլիէթիլենային տոպրակները օգտագործվում են 15 րոպե, իսկ քայքայվում են ավելի քան 500 տարում:

celofan-2
Ի տարբերություն պլաստիկ շշերի, պոլիէթիլենային տոպրակների վերամշակումը տնտեսապես նպատակահարմար չէ, և շատ երկրներ գտել են դրանց վերջը տալու, ավելի ճիշտ, նվազեցնելու ճանապարհը:

Այդ երկրները փորձում են օրենսդրական ճանապարհով դիմագրավել այդ աղետին, մշակում և ընդունում են իրավական ակտեր մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը կրճատելու նպատակով: Որոշ երկրներ պոլիէթիլենային տոպրակների համար սահմանում եմ սակագին կամ հարկ, այլ երկրներ՝ արգելում են չքայքայվող տոպրակների կիրառությունը: Դրանց փոխարեն խրախուսվում են բազմակի օգտագործման տոպրակները։ Ի դեպ, մեկ բազմակի օգտագործման տոպրակի պիտանիությունը ավելին է, քան 700 պոլիէթիլենային տոպրակներինը, և կյանքի ընթացքում մեկ մարդու կողմից նման տոպրակների օգտագործումը կարող է կրճատել 22000 պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը:

Արդեն չորս ամիս է, ինչ «Ուրբան» հիմնադրամը միջազգային փորձի հիման վրա պատրաստել է պոլիէթիլենային տոպրակների գործածության նվազեցմանն ուղղված իրավական առաջարկների փաթեթ որոշում կայացնող մարմիններին ներկայացնելու համար, որը քննարկվել է շահակիր կողմերի հետ։ Խնդիրը կարևորում են նաև իշխանությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը, ովքեր մտահոգ են պոլիէթիլենի անկառավարելի օգտագործմամբ: «Ուրբան» հիմնադրամի առաջարկները կազմված են ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ տնտեսական խթանման մեխանիզմների մշակման և կատարելագործման ուղղությամբ:

Սակայն խնդրով մտահոգ չեն մանրածախ առևտրի կենտրոնները, ովքեր հանդիսանում են հիմնական աղտոտողները: Պարզվում է, որ գործարարներից շատերին հասու չէ բնապահպանական մտածողությունը, և բիզնես շահից բացի իրենց ոչինչ չի հետաքրքրում, իսկ իրենց իսկ հռչակած կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը երեւի իրենք էլ չեն հավատում:

Վերոնշյալը կրկին հաստատում է, որ հարցի լուծումը մեր երկրում նույնպես հնարավոր է օրենսդրական կարգավորումների, կրթական արշավների, հանրային իրազեկման և խնդրով մտահոգ բոլոր կողմերի համագործակցության միջոցով: Սակայն հիմնական դերը գիտակից քաղաքացունն է, ով խանութ գնալիս պետք է բազմակի օգտագործման տոպրակ վերցնի եւ հնարավորության դեպքում հրաժարվի վաճառողի կողմից առաջարկվող պոլիէթիլենային տոպրակներից:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

Լուսանկարներում՝ ծրագրերից մեկով Գյումրիում կանանց կողմից կարված պայուսակներն են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031