Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականությունը՝ ծաղրանկարներով

Հուլիս 31,2014 14:00

Զրույց նկարիչ, ծաղրանկարիչ Տիգրան Վարդիկյանի հետ

Արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքական կամ հասարակական ցանկացած միջադեպից հետո սոցցանցերի օգտատերերը, թեմատիկ գրառումներից ու հոդվածներից բացի, սպասում են եւ նկարիչ Տիգրան Վարդիկյանի հերթական ծաղրանկարներին, որոնք էլ արագ տարածվում են սոցցանցերում եւ առնցանց լրատվականներում:

norankar

Ծաղրանկարների հեղինակը:

«Առավոտը» որոշեց անձամբ զրուցել նկարների հեղինակի հետ:

– Պարոն Վարդիկյան, հասարակական հնչեղություն ստացած թեմաները կիսատ են, եթե դրանց չեն միանում Ձեր ծաղրանկարները. ինչպե՞ս նկարիչը դարձավ նաեւ ծաղրանկարիչ:

– Հայաստանում ապրելու տարիներին՝ մասնագիտական կրթություն ստանալուց հետո, սկսեցի աշխատել մուլտֆիլմերի ստուդիայում: Լեհաստան տեղափոխվելուց հետո էլ, ընդունվեցի աշխատանքի մուլտֆիլմերի ու համակարգչային խաղերի ստուդիայում: Երբ սկսեցի համագործակցել մանկական հրատարակչությունների հետ, հաճույքով նկարազարդում էի հեքիաթային հերոսների ու նաեւ հեքիաթի զվարճալի հերոսներ էի ստեղծում: 12 տարի աշխատել եմ լեհական մեծ թերթի խմբագրությունում՝ որպես ձեւավորող խմբագիր: Այստեղ հիմնականում կատարում էի զվարճալի պատմություններով նկարազարդումներ եւ ծաղրանկարներ՝ Լեհաստանի հայտնի անձնավորությունների վերաբերյալ: Դեռ վաղ ուսանողական տարիներին սիրում էի ընկերներիս ծաղրանկարները նկարել: Հիմա իմ արվեստանոցում համատեղում եմ յուղաներկով նկարչությունը՝ կոմիքսների եւ ծաղրանկարների հետ:

-Երեւի ծաղրանկարների համար երկար ժամանակ ոգեշնչում փնտրելու կարիք չկա…

– Բավական է հետեւել շրջապատին կամ ուշադիր նայել նկարվելիք հերոսի կերպարին: Գրոտեսկային դիմանկարները շատ արագ եմ նկարում՝ մոտ տասը րոպեում: Իսկ գունավոր ծաղրանկարներն՝ ավելի երկար:

norankar-2

-Ձեր նկարները նաեւ խոսում են՝ հաճախ սատիրիկ լեզվով՝ ուղիղ եւ փոխաբերական իմաստով. կամ կերպարն է խոսք ունենում, կամ էլ նկարն ինքնին քաղաքական ենթատեքստ ու ասելիք է ունենում: Լեհաստանից Հայաստան դժվար չէ՞ խոսքը տեղ հասցնել:

– Ես այդ թեմային անկեղծ սրտով եմ մոտենում, եւ իմ այս նկարները պատկերացումներս են՝ ծուռ հայելիների ծիծաղաշարժ աշխարհում: Այո, ես ապրում եմ Հայաստանից դուրս, այստեղ լեհերն ինձ ընդունում են որպես հայկական ծագումով լեհ նկարիչ: Հեռու եմ Հայաստանից, բայց իմ սիրտը Հայաստանում է եւ չեմ կարող անտարբեր լինել: Ինձ համարում եմ այս ոճի մեջ հենց հայկական նկարիչ:

Իրադարձությունները շատ արագ են ընթանում ու զարգանում, եւ ծիծաղաշարժ նկարների թեմաները շատանում են՝ ամեն օր ավելանալով: Նոր ծաղրանկարներն իրենց սպասեցնել չեն տա:

Զրուցեց
ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031