Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում քիչ են գրքեր գնում

Հուլիս 31,2014 14:10

«Book Platform» եվրոպական ծրագրի ղեկավարը զարմացած է

Վերջերս Ծաղկաձորում անցկացվեց «Book Platform» եվրոպական ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը, որին ներկա էին 6 երկրների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էր հիշյալ ծրագրի ղեկավար Յանա Գենովան (լուսանկարում) (Բուլղարիա), որը նաեւ «Next Page» հիմնադրամի տնօրենն է:

«Առավոտի» հետ զրույցում Յանա Գենովան նշեց, որ անցած երկուսուկես տարիների ընթացքում գրահրատարակչական գործը Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում հաղթահարում է մարտահրավերներ, որոնք ծառացել են հրատարակման, գրելու եւ թարգմանչական ոլորտների առջեւ: Լուծելու նպատակին էլ ծառայում է «Next Page»-ը:
«Նախագիծն ուղղված է գրքի ապագայի համար մտահոգված յուրաքանչյուր մասնագետի՝ հրատարակչի, գրողի, թարգմանչի, գրավաճառի, գրադարանավարի, ինչպես նաեւ մշակութային դաշտում գործող հասարակական մարմիններին ու մշակութային կազմակերպություններին: Տարբեր միջոցառումների շնորհիվ հնարավորություն ընձեռվեց հայ, վրացի եւ ուկրաինացի գրքի մասնագետներին զարգացնելու իրենց կարողություններն ու գիտելիքները՝ ներգրավված լինելու միջազգային ցանցերի մեջ արտերկրյա գործընկերների հետ եւ ձեռք բերելու հիմնական տվյալներ, որոնք կօգնեն կայացնել խելացի որոշումներ ապագայի համար»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հինգերորդ անգամ Հայաստան այցելած Յանա Գենովան մեր խնդրանքին ի պատասխան՝ զուգահեռներ անցկացնել հայկական, վրացական եւ ուկրաինական գրահրատարակչական ոլորտների միջեւ, նշեց, թե երեք երկրներում էլ տարբեր է մակարդակը, ինչը կախված է նախ ազգաբնակչության թվից, տնտեսական իրավիճակից եւ նրանից, թե ինչքանով է պահպանվել խորհրդային տարիների թարգմանչական դպրոցը: Հետո էլ մանրամասնեց. «ԽՍՀՄ-ում թարգմանությունները կազմակերպվում էին հիմնականում ռուսերենի միջոցով, եթե ասենք որեւէ գործ թարգմանվում էր անգլերենից հայերեն, ապա այստեղ դերակատարում ուներ միջնորդ լեզուն՝ ռուսերենը: Կոնկրետ Հայաստանում փոքր-ինչ պարադոքսալ վիճակ է. ունեք բարձրակարգ թարգմանիչներ՝ Սամվել Մկրտչյան, Զավեն Բոյաջյան եւ այլն: Մյուս կողմից՝ թարգմանված ու որակյալ գրահրատարակված գրքերը քիչ են վաճառվում՝ տարեկան մոտ 200 օրինակ: Այսօր Բուլղարիայում 1 վեպի միջին տպաքանակը 2000 օրինակ է, Սլովենիայում՝ 5000: Սա այն դեպքում, երբ Բուլղարիայի ազգաբնակչության թիվը 7 մլն է, Սլովակիայինը՝ 1: Այս ֆոնի վրա՝ Հայաստանն ունի 2-2.5 մլն բնակչություն, սակայն նվազ քանակով են գրքեր վաճառվում»:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ յուրաքանչյուր երկրի գրքի շուկա ունի իր առանձնահատկությունները: «Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում կարծես մրցակցություն է իրականացվում ռուսաստանյան գրքի շուկայի հետ, ստացվում է, որ տեղական գրքերը մրցակցում են ռուսական գրքերի հետ, բայց երեք երկրները չունեն այնքան հնարավորություն, ինչքան Ռուսաստանը: Այդ երկրներում կան շատ խնդիրներ, ամենակարեւորը՝ չկան անհրաժեշտ ինստիտուտներ եւ ամբողջ էներգիան ծախսվում է դրանք լրացնելու համար: Ստացվում է, որ այլեւս էներգիա չի մնում մասնակցելու գրքի համաշխարհային շարժմանը»,- ասաց Յանա Գենովան: Նրա հավաստմամբ՝ վրացական եւ հայկական գրքի շուկաները՝ համեմատած ուկրաինականին, փոքր են, իսկ փոքր շուկայում 1-2 մարդու ջանքերը նույնիսկ կարող են դրական շարժ իրականացնել անգամ հրատարակչական գործում, ինչը միակ առավելությունն է փոքր երկրների դեպքում:
Գրահրատարակչական ոլորտում հաջողության հասնելու գրավականը, ըստ Յանա Գենովայի, հավատն է սեփական ուժերի նկատմամբ: Նրա ձեւակերպմամբ, պետք է մշտապես մի կողմ հրել անտարբերությունը, իսկ մնացածը կլինեն հետեւանքներ, որը կբերի շուկայի զարգացմանը եւ, իհարկե, համագործակցությանն իշխանությունների հետ, որպեսզի, օրինակ, հայ գրականությունը հասու լինի աշխարհի ընթերցողին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031