Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի օլիգարխների խմբի մեջ լինես, որ կարողանաս գոնե անհատական զանգերով քո հարցերը լուծել»

Հուլիս 31,2014 14:20

Ըստ Յուրի Միքայելյանի՝ կիպրական Paul & Shark ընկերությունը ՀՀ կառավարության վարած սխալ քաղաքականության արդյունքում հրաժարվել է համագործակցել «Բազում» կարի արտադրամասի հետ:

Շուրջ 40 տարի կարի արտադրությանը նվիրված՝ վանաձորցի Յուրի Միքայելյանն արդեն քանի տարի է` խորը հիասթափություն է ապրում` առնչվելով ՀՀ կառավարության վարած քաղաքականության հետ:

73-ամյա գործարարն «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ Հայաստանի կառավարությունն այդպես էլ չի կարողանում ապահովել այնպիսի պայմաններ, ստեղծել այնպիսի մթնոլորտ, ընդունել այնպիսի օրենսդրական դաշտ, որպեսզի գործատուները կարողանան շնչել:

5-1-2 5-1-3

Առաջացած ֆինանսատնտեսական ճգնաժամը իր հորձանուտի մեջ ներքաշեց նաեւ Վանաձորում տասնամյակներ իր գործունեությունը ծավալած «Բազում» կարի արտադրամասին:

2011թ.-ի վերջին կարի արտադրամասը վարկ վերցրեց, ապա եւ հաջորդ տարիներին՝ մի գործընկեր կազմակերպության շնորհիվ, ամբողջությամբ մարեց այն:
«Պարտք մնացինք հիմնականում ՊԵԿ-ին, կիրառված տույժ ու տուգանքներն էլ պատճառ դարձան ձեռնարկության հաշիվների, գույքի վրա կալանք դնելուն: Հայտարարվեց նաեւ հետախուզում»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է կարի արտադրամասի գործադիր տնօրեն Յուրի Միքայելյանը:

Այդ ընթացքում ձեռնարկությունը համագործակցում էր կիպրական (իտալացիներ էին աշխատեցնում) Paul & Shark ընկերության հետ, ինչի շնորհիվ 300 աշխատատեղ բացվեց Վանաձորում:

Պատրաստի արտադրանքը, սակայն, մաքսակետում 10 օր մնալուց հետո լքեց Հայաստանի սահմանը` անաշխատանք թողնելով շուրջ 200 հոգու:

«Անցած տարի էր: Ես բացատրեցի, որ այդ արտադրանքն իմ սեփականությունը չէ, իմ գույքը չէ, իմ դրամական միջոցը չէ, մեքենան իմը չէ, տրանսպորտային ծախսերի համար ես չեմ վճարում, իրենք են վճարում, թույլ տվեք արտահանել: Անհեթեթ իրավիճակ էր: Բացատրեցի, ասացի, որ դա այդ մարդու ապրանքն է, բերել է ժամանակավոր ու տանում է, վրան գործ են արել, նա այդ գործի գումարը տվել է, մեր հարկային դաշտը կարող էր եւ իրավունք ուներ այդ գումարի վրա արգելանք դնելու, այդ գումարն իմն է, նա իրավունք ուներ այդ գումարը չտալու, որովհետեւ ես բանկին եմ պարտք, հարկայինին եմ պարտք, բայց նրա գույքին դու իրավունք չունես, դու պարտավոր ես այդ ապրանքը պատրաստի բաց թողնել, որովհետեւ դրա հետեւը կանգնած է մի կազմակերպություն, որ ծախս է արել ու պիտի ժամանակին տանի, որ վաճառի մրցունակ գներով, որ նորից էլի պատվեր բերի Հայաստան, որ Հայաստանից վերջին 70 մարդը չթողնի, գնա Ռուսաստան: Բայց այդքանը չգիտակցեցին: Մինչեւ բացեցին, արդեն ուշ էր: Այդ ֆիրման մեզ վրա խաչ քաշեց, թեեւ մեզ հետ մեծ հույսեր էր կապում, եկավ, նայեց, շատ հավանեց, ասաց` մենք ձեզ ձեռքից բաց չենք թողնի, միայն խնդրեցին, որ մենք ժամանակի մեջ տեղավորվենք, որ խնդիրներ չլինեն: Մեզ հազար հինգ հարյուր եվրո տուգանեցին, գումարը չտվեցին, ասացին` չենք ուզում ձեր անունը լսել, դրանից հետո ո՞վ մեզ հետ Եվրոպայում կհամագործակցի, հարգելի կառավարության ներկայացուցիչներ: Դա այդ ֆիրմայի առաջին պատվերն էր, որ անհաջողության մատնվեց»,- ասում է «Բազում»-ի գործադիր տնօրենը:

Թեեւ այժմ ձեռնարկությունը համագործակցում է երկու այլ եվրոպական կազմակերպությունների հետ, աշխատատեղերի քանակը, այնուամենայնիվ, էականորեն կրճատվել է` 300-ից հասնելով 85-ի:

Ձեռնարկության գույքի եւ հաշիվների վրա դրված կալանքն էլ չի վերացվել, միայն հետախուզումն է հանվել:

«Այս տարի ԴԱՀԿ ծառայությունից նորից արգելանք է կիրառվել մեզ վրա` բանկային պարտավորությունները չկատարելու համար, այն դեպքում, երբ մեր գործընկեր ֆիրման ամբողջությամբ մարել է վարկը: Դիմել եմ ՀՀ վարչական դատարան, գործը ընթացքի մեջ է»,- ասում է Յուրի Միքայելյանը:

Նա նկատում է, որ կառավարությունը պիտի շրջվի դեպի գործատուները, գործարարները, հարցնի` ինչ է պետք նորմալ գործունեություն ծավալելու համար:

«Այսօրվա դրությամբ կառավարության վարած քաղաքականության արդյունքում ՊԵԿ-ը, ԴԱՀԿ-ն, հարկային մարմինները դարձել են արգելակներ տնտեսավարողների համար: Իրենց ընդունած օրենքներով, օրենսդրական դաշտով չեն կարողանում նորմալ պայմաններ ստեղծել, որպեսզի գործատուները ի վիճակի լինեն գոյատեւելու: Ալմաստի ներկրման պայմաններ են դրել կարի արտադրության հումքի, օժանդակ նյութերի վրա: Մաքսազերծման ժամանակ էլ գրամ, էլ կիլոգրամ, անգամ միջլեկալային թափվածքի վրա, էդ թափվածքի համար մեզ ստիպում են յուրաքանչյուր կիլոգրամի համար 20 դրամ պետությանը փող տալ: Դա բառիս բուն իմաստով աբսուրդ է: Ոչ մի պետությունում նման հիմարություն չկա: Կամ նախարարությունում նստած մի աշխատակցուհի ստուգում է` ծախսերը մենք ճիշտ ենք ներկայացնում, թե ոչ, այն դեպքում, երբ մենք ինքներս չենք գնում, ստանում ենք պատրաստի հումքը, օժանդակ նյութերը: Ինչու է նախարարության աշխատակցուհուն հետաքրքրում, թե ինչ են մեզ ուղարկել, ինչքան են ուղարկել: Ես հասկանում եմ, որ մտածում են, կարող է մի քիչ շատ ուղարկեն, այստեղ ստվերային արտադրանք տանք: Բայց ոչ մի հիմար արտասահմանցի անգամ մի հատ թել չի ուղարկում ավելի: Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կշեռքները սխալ են կշռում: Եթե կշեռքր ճիշտ է, մեր կշեռքներն էլ այստեղ են ճիշտ, ուրեմն պետք է քաշը համընկնի: Բայց մաքսատան կշեռքները 6 տոկոս պակաս են կշռում: Փող են դնում գրպանները: Պետությունը խոչընդոտում է, դրել է կառույցներ, որտեղ բոլորը կոռումպացված են: Ցանկացած ամենամանր բան, մեկ օր ուշացում, դա արդեն տվյալ ֆիրմայի իմիջի վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ: Ու դրա պատճառով էլ կարող է մեզ էլ պատվեր չտան»,- ասում է Յուրի Միքայելյանը:

Նա նշում է, որ այսօր Հայաստանում պահանջարկ չկա, քանի որ շուկան ողողված է չինական արտադրանքով:

«Ամբողջ շուկան ողողված է չինական արտադրանքով, էլ դու չես կարող մրցակցել, ինչ-որ բան արտադրել ներկա պայմաններում ու գոյատեւել: Այս իրավիճակում կառավարությունը կարող է էլեկտրաէներգիայի գինը ոչ թե բարձրացնել, այլ իջեցնել գոնե այն ձեռնարկությունների համար, որոնք ունեն բարձր լարման մալուխներ: Առաջարկում եմ, որ մաքսատները շաբաթ-կիրակի էլ աշխատեն, ժամային սահմանափակումներ չլինեն, նաեւ երկու հերթով աշխատեն: Մաքսատան ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում պատվերներն ուշանում են: Եթե մենք կարողանանք այդ մանրուքները լուծել ու ժամանակին կատարել առաքումներ ու որակով արտադրել, մեր պատվերները կբազմապատկվեն, աշխատատեղերի քանակն էլ կավելանա: Բայց ոչ միայն չեն օգնում, այլեւ ամբողջ ճակատով խանգարում են: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ որոշ մարդիկ կամ մարդկանց խումբ միտումնավոր արգելակում են մեր ֆիրմային, որպեսզի գույքին, դրամական միջոցներին, շենք-շինություններին տիրանան: Անընդհատ բողոքել եմ եւ նախագահին, եւ վարչապետին, այս բոլորից տեղյակ են իրենք, ու ոչ մեկը մատը մատին չի տվել: Այսօր գործատուներին ոչ մի կազմակերպություն չի ուզում օժանդակել՝ ոչ ի պաշտոնե, ոչ մարդկայնորեն: Պիտի օլիգարխների խմբի մեջ լինես, որ կարողանաս գոնե անհատական զանգերով քո հարցերը լուծել, որովհետեւ դրանք բոլորը շաղկապված են իրար»,- բացատրում է «Բազում»-ի գործադիր տնօրենը:

Նա նկատում է, որ ՀՀ իրավական դաշտը շատ կոշտ է, մանավանդ թեթեւ արդյունաբերության ոլորտի հանդեպ. «Թեթեւ արդյունաբերությանը նման կոշտ վարչարարություն պետք չէ: Անունն է թեթեւ, բայց իրականում շատ ծանր է, որովհետեւ այն աշխատատար ու էներգատար է»:

Չնայած այս ամենին` ձեռնարկությունը փորձում է ոտքի կանգնել` ակնկալելով նաեւ ՀՀ կառավարության oժանդակությունը:

«Ակնկալում ենք կառավարությունից, որ գոնե տույժ-տուգանքները հանեն: Մենք մայր պարտքը փակել ենք, գոնե այդ տուգանքներից ազատի, որ մենք կարողանանք աշխատավարձերի պարտքերը փակել»,- եզրափակում է գործադիր տնօրենը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031