Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ են անում տաքսիների դեղին համարանիշների պահանջը վերականգնել

Հուլիս 31,2014 14:30

«Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպությունը (հ/կ) կառավարության ղեկավարին կոչ է անում տաքսիների համար նախատեսված դեղին համարանիշների պահանջը խստացնել: Հ/կ-ն վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում հիշեցնում է «Տաքսու լիցենզավորման մասին օրենքը», որը գործնականում կիրառվում էր մինչեւ 2013 թվականի ապրիլը. օրենքի՝ դեղին համարանիշների մասին պահանջի դրույթն, ըստ էության, կարելի է ասել՝ քաղաքական որոշմամբ դադարեցվեց՝ պատճառաբանությամբ, որ երկրում կա մեծ ծավալի գործազրկություն, այդ իսկ պատճառով պետք է թողնել՝ «ով ոնց ուզում է, թող քշի» սկզբունքը: Ըստ հ/կ-ի՝ հիմա արդեն դեղին համարանիշներ ունենալն արդիական է, եւ ինչպես վստահեցնում է հ/կ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը, նման եզրակացության են եկել «Հայաստանի Սպառողների ասոցիացիայի», ԱՊՊԱ ոլորտի ընկերությունների եւ մի շարք տաքսի-ծառայությունների ներկայացուցիչների ու անհատ տաքսիստների հետ:

Վարչապետին ուղղված նամակում մասնավորապես նշված է. «Մենք ապացուցեցինք, որ վարորդի աշխատատեղերի մասով գործազրկություն չկա: Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա Երեւանում կա վարորդի 4-5 հազար թափուր աշխատատեղ: Սա փաստվել էր դեռ մայիս ամսին՝ տրանսպորտի եւ կապի նախարար պարոն Գագիկ Բեգլարյանի մոտ հանդիպման ժամանակ. բազմաթիվ տաքսի-ծառայությունների ղեկավարներ նշել էին, որ առնվազն 8-10-ական վարորդի կարիք ունեն:
Օրենքի փաստացի կասեցումն արդեն բերել է բազմաթիվ տաքսի-ծառայությունների սնանկացմանը: Այդ գործարարները կանխատեսելի օրենսդրական դաշտի կարիք ունեն. վերջիվերջո հավատացել էին պետությանը եւ ներդրումներ կատարել ավտոպարկի մեջ: Օրենքում փոփոխությունների նախագիծը բազմիցս հիմնավորված ձեւով քննադատվել է «Տաքսի-ծառայությունների միության» եւ այլ կազմակերպությունների կողմից: Քանի որ նոր կառավարությունը հայտարարել է, որ ցանկացած օրենքի նախագիծ պետք է անցնի հանրային քննարկում եւ ստանա հանրության հավանությունը, ցանկանում ենք հիշեցնել, որ առաջարկվող նախագիծը չի արժանացել ոլորտի մասնակիցների հավանությանը եւ վստահությանը: Փոխանակ նախարարությունը առաջարկի նախագծի ընդունումից հետո նոր քննարկումներ սկսի, ճիշտ կլինի` նախագիծը ետ կանչվի Ազգային ժողովից, եւ վերսկսվի գործող օրենքի կիրարկումը, որն արժանացել է թե՛ վարորդների եւ թե՛ ուղեւորների հավանությանը:

Թեեւ համարում ենք, որ բոլոր տաքսի վարորդները պիտի աշխատեն օրինական դաշտում, սակայն գիտակցում ենք, որ դեղին համարանիշների պետտուրքը կարող է հասանելի չլինել հեռավոր մարզերում աշխատող տաքսիստների համար, քանի որ մայրաքաղաքից դուրս, նույնիսկ Գյումրու եւ Վանաձորի պես քաղաքներում, մարդկանց շարժն անհամեմատ ցածր է: Այդ պատճառով օրենքի կիրարկումն առաջարկում ենք առժամանակ տարածել միայն Երեւանի եւ շրջակա բնակավայրերի վրա:

Նրանց, ովքեր դեղին համարանիշ չեն ուզում եւ միտք ունեն քշել ժամանակավոր, կարող ենք կրկնել, որ բազմաթիվ տաքսի-ծառայություններում կան վարորդի թափուր աշխատատեղեր:

Օրենքի կիրարկումը վերսկսելու դեպքում վարորդների փոքր մասի կողմից կարող են հնչել բողոքներ, թե՝ «1-1,5 տարի առաջ դեղին համարները հանձնել էինք, հիմա նորից պիտի 17 հազար տանք, վերցնենք»: Մեր պատասխանը շատ պարզ է եւ հասկանալի. այդ 1-1,5 տարին աշխատել են առանց որեւէ հարկ ու տուրքի, տնտեսել ոչ թե մեկ, այլ մի քանի տասնյոթ հազար դրամներ:

Տաքսու ոլորտն օրինականացնելով՝ Դուք սնանկացումից կփրկեք բազմաթիվ տաքսի-ծառայություններ, կպաշտպանեք ՓՄՁ-ներին աջակցելու Ձեր հնչեցրած դրույթը եւ հանրությանը կրկին հիասթափություն չեք պատճառի»:

«Առավոտ» օրաթերթ
30.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031