Առնոլդ Ստեփանյանը հարցնում է` ինչո՞ւ են Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում վերջին միջադեպի առիթով չճշտված տեղեկատվություն տարածել
Հուլիսի 19-ին Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը հայաստանյան չորս լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել` հաստատելով, որ ամեն ինչ սկսվել է կենցաղային խնդրից, երբ մի վրացուհի չի կարողացել կայանել կամ կայանատեղիից դուրս գալ եւ սկսել էր դժգոհել, իսկ դրան հետեւել էին արդեն հայտնի իրադարձությունները:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 19-ի միջադեպին՝ նշեց, որ այն միանշանակ կենցաղային բնույթի է եղել, եւ լավ է, որ Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրենը նույնպես դա է փաստում, թեեւ ի սկզբանե հայտարարեցին, թե միջադեպը միջէթնիկական, միջկրոնական է:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահը նշեց, որ իրենց կազմակերպությունը ուսումնասիրել է միջադեպը, լսել է կողմերի տեսակետները, նաեւ ուսումնասիրել են Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում տեղադրված տեսախցիկներով ֆիքսված կադրերը: «Դեպքի վայրում մինչեւ 20 հոգի են եղել, 13-20, որոնց մեջ եղել են նաեւ հայեր: Մեր կազմակերպությունը կոնկրետ չորս հայերի հետ զրուցել է: Հնարավոր չէ այդ միջադեպն անվանել միջէթնիկական բնույթի, քանի որ խմբում նաեւ հայեր են եղել»:
Միջադեպից օրեր անց Վիրահայոց թեմի առաջնորդը նշել էր, որ «եկեղեցու մոտ տեղի ունեցածում թեեւ կան կենցաղային եւ խուլիգանական դրսեւորումներ, բայց, ցավոք, առկա է նաեւ ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչը անթույլատրելի է մեր հասարակությունում»: Ի՞նչն է հիմք ընդունվել նման ձեւակերպումներով հանդես գալու համար՝ հարցրինք Առնոլդ Ստեփանյանին: Մեր զրուցակիցը ուշագրավ փաստ համարեց այն, որ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի կայքում վերոնշյալ հաղորդագրության հայերեն եւ վրացերեն տարբերակներում գնահատականների տարբերություններ են եղել: Եթե հայերեն տարբերակում «ազգային անհանդուրժողականության» մասին է հիշատակվել, ապա նույն հաղորդագրության վրացերեն տարբերակում այդ ձեւակերպումը չի եղել, այսինքն` Վրաստանի համար մի տեղեկատվություն է տարածվել` «կենցաղային եւ խուլիգանական դրսեւորումներ» որակումներով, իսկ հայերի համար, հայերենով տարբերակում արդեն` «ազգային անհանդուրժողականության» գնահատականներով: «Ես տեղյակ չեմ՝ հիմա ուղղել են, թե ոչ այդ հաղորդագրությունը, բայց ամեն դեպքում մենք ունենք «սքրին-շոթերը» եւ այդ հարցը բարձրացնելու ենք Եկեղեցու առջեւ: Մեզ հետաքրքրում է, թե ինչու են այդպես վարվել: Բացի այդ, շատ հետաքրքիր է, թե ինչու ի սկզբանե չճշտված տեղեկատվություն տարածեցին «միջկրոնական», «միջէթնիկական» բնույթի վեճի մասին: Գիտակցվա՞ծ, թե՞ ոչ գիտակցված են դա արել, չէ՞ որ վտանգներով է հղի այդ տիպի տեղեկատվությունների տարածումը: Եթե գիտակցված է դա արվում, ապա այս դեպքում արդեն այլ եզրակացություններ կարելի է անել: Մի քանի ամիս առաջ ես Վիրահայոց թեմի առաջնորդին զգուշացրել էի այն վտանգների մասին, թե ինչի կարող են հանգեցնել եկեղեցու կողմից նման հայտարարությունները: Մի քանի միջադեպեր էլ են գրանցվել, երբ եկեղեցու աշխատողներն իրենց, այսպես ասած` ոչ ադեկվատ են դրսեւորել»,- նշեց Առնոլդ Ստեփանյանը` հիշեցնելով փետրվարին տեղի ունեցած մի միջադեպի մասին, երբ դարձյալ տեղեկություն էր տարածվել, թե 50 հոգի հարձակվել է հայկական եկեղեցու վրա:
Առնոլդ Ստեփանյանն անդրադառնալով, առհասարակ, այսօրինակ միջադեպերում հայերին մոբիլիզացնելու, «կազմակերպված» խմբեր բերելու թեմային՝ նկատեց, որ «հավլաբարցու համար երկու ժամվա ընթացքում 20 հոգի բերելը խնդիր չի»: «Մի միջադեպ էր եղել, ըստ եկեղեցու ներկայացուցիչների` մեկը հայերին եւ եկեղեցուն հայհոյել է, ու նրան ծեծել էին: Հիմա, եթե չեն բացառում, որ այսպիսի խնդիրները նման ձեւով կարող են «լուծել»` ծեծելով, ինչո՞ւ են զարմանում, որ երկրորդ կողմն էլ նույն ձեւով է պատասխանում»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակից նշեց նաեւ. «Վերջին միջադեպից հետո, երբ հեռուստատեսությամբ հաղորդում էին, որ Հայկական եկեղեցի են մտել, ծեծուջարդ է եղել. եթե Եկեղեցին մեծ վարկանիշ ունենար` այդ տեղեկատվությունից հետո մեծ թվով հայեր կգային, մինչդեռ քչերին դա հետաքրքրեց ու եկան, դա ցավալի փաստ է: Դա եւս վկայում է այն մասին, որ հայ համայնքի հետ աշխատանքը ոչ բավարար է: Եկեղեցու ազդեցությունը պետք է հզոր լինի, քանի որ մեծ ռեսուրսներ են ծախսվում: Դրա արդյունքում եկեղեցու իմիջը պետք է բարձրանա, ինչը տեղի չի ունենում: Ես այս մասին նույնպես արտահայտվել եմ Եկեղեցում, նշել եմ, որ լուծումներ են պետք, բայց ականջալուր չեն լինում մեր դիտարկումներին»:
Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ տեղեկատվություն տարածվեց, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Վրաստանի ԱԳՆ-ին: Ըստ վրացական կայքերի` այս մասին հայտարարել էր Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը: «Իրականում մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, ինչից է սկսվել վեճը, սակայն ներկայում տեղի ունեցածի կանխամտածվածության մասին խոսել չենք կարող: Խուլիգանության մասին եւս ոչինչ չենք կարող ասել. դրանով իրավապահ մարմիններն են զբաղվում: Մենք փաստաթուղթ ենք պատրաստել՝ պարզելու համար, թե ինչից է սկսվել այդ խառնաշփոթը»,- ասել էր Յուրի Վարդանյանը:
Վրաստանյան ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Վրաստանի ՆԳՆ-ը հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը հետաքննում է «ծեծ» հոդվածով, իսկ հայերի Առաքելական Սուրբ եկեղեցու Վրաստանի թեմը պահանջում է, որպեսզի գործը հետաքննեն որպես էթնիկ եւ կրոնական ատելության հողի վրա հանցագործություն: «Տվյալ փուլում մենք ասում ենք, որ էթնիկ հիմքով դրդված հանցագործություն չի եղել: Պատճառը եղել է ոչ թե էթնիկ հակասությունը, այլ ավտոմեքենայի կայանումը»,- նշում էին Վրաստանի ՆԳՆ-ում:
Վրաստանում Հայաստանի դեսպանատան կողմից բողոքի նոտա հղելու տեղեկատվության հետ կապված՝ Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ տեղյակ է, որ նման նոտա իսկապես ուղարկվել է, բայց պարզ չէ, թե ինչ տիպի նոտա է, ինչ բովանդակությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանատնից տեղեկատվություն չեն տրամադրում այդ մասին, եւ դժվար է ճշտել, թե ինչ տիպի նոտա է: «Իմ կարծիքով՝ շտապեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, արձագանքը ոչ հավասարակշռված էր, այնտեղ ակնհայտորեն տեղեկացվածության պակաս կար: Կարծում եմ, որ վերջին միջադեպի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարզապես ապատեղեկացված էր: Ցավում եմ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտարարությունը զգացմունքայնության վրա էր կառուցված: Եթե դիտարկեք վերջին տարիների հայտարարություններն առհասարակ, կնկատեք, որ դրանք հիմնականում զգացմունքայնության վրա են կառուցված, հավասարակշռված չեն եւ կարող են նոր հակամարտություններ ստեղծել»:
Ամփոփելով խոսքը՝ Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ կողմնակից չէ, որ Եկեղեցին խառնվում է միջպետական հարցերին, այն թեմաներին, որոնք առնչվում են քաղաքական գործիչներին, եւ այսպիսի խորհուրդ տվեց Մայր Աթոռին. «Բայց, այնուամենայնիվ, եթե նրանք որոշել են զբաղվել նաեւ քաղաքականությամբ, ապա խորհուրդ կտայի նրանց քաղաքագիտության կուրսեր անցկացնել նրանց համար, ովքեր ուսանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հատկապես նրանց, ում Եկեղեցին ուղարկում է արտերկիր` հայկական եկեղեցիներում ծառայելու: Այսինքն՝ այդ դեպքում վատ չէր լինի, որ նրանք տիրապետեին խնդրո առարկային` նման հայտարարություններ անելուց եւ քաղաքականությամբ զբաղվելուց առաջ»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.07.2014