Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցույց տվեք կառավարության մեջ երեք գիտակ մարդ»

Հուլիս 31,2014 14:58

Ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդատու
Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ ստվերի դեմ կառավարության կողմից
պայքար սկսվելուց հետո Հայաստանում ստվերն ավելի է մեծացել:

– Լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեության 100 օրը: Ինչպե՞ս կգնահատեք վարչապետի աշխատանքը:

– Անկեղծ ասած՝ ցանկացած գործունեություն գնահատելու համար անհրաժեշտ են չափորոշիչներ, որոնք առկա են ի սկզբանե, այն է` նախորդ կառավարության գործունեության ժամանակներից սկսած, կամ էլ դրանք պետք է ձեւավորվեին նոր կառավարության գործունեության հենց սկզբում: Նման չափորոշիչներ չկան, իսկ այլ առումներով ուղղակի լրատվամիջոցներում այժմ ավելի քիչ է հնչում Տիգրան Սարգսյանի անունը. ուրիշ ոչինչ, ըստ էության, չի փոխվել:

– Արդեն 1,5 ամիս է, ինչ կառավարությունն իրագործում է ստվերի դեմ պայքարի իր ծրագիրը: Վերջերս թվային ցուցանիշներ հրապարակվեցին, համաձայն որոնց՝ գործարարությամբ զբաղվող տարբեր մանր ու միջին ընկերություններ 1-4 միլիոն դրամով ավելի բյուջետային մուտքեր կապահովեն: Դա բավարա՞ր դրական քայլ եք համարում:

– Ստվերի դեմ պայքարի ցանկացած ձեւ ու միջոց երբեւէ արդյունավետ չի կարելի համարել, եթե դա տեսանելի չէ ՀՀ շարքային քաղաքացուն: Իսկ այն թվերը, որոնց մասին խոսում են, ստվերի հետ համեմատած՝ ոչ միայն ծիծաղելի են, այլեւ նշանակում է, որ ստվերը Հայաստանում ավելի է մեծացել: Այնպես որ՝ եկեք այդ թեման համարենք Հայաստանում անձեռնմխելի, քանի դեռ չի իրականացվել համակարգային փոփոխություն:

– Վարչապետին վրդովեցրել էր դիտարկումը, որ հարկային բեռը կրկին մանր ու միջին բիզնեսի ուսերին է ծանրացել: Իր ընդդիմախոսներին վարչապետը մեղադրել էր դատարկախոսությամբ զբաղվելու մեջ: Գուցե իսկապե՞ս կառավարությունն իրեն կոտորում է աշխատելով, իսկ «որոշ օպոնենտներ», ինչպես Հովիկ Աբրահամյանն էր ասել, դատարկաբանությամբ են զբաղված:

– Կոտորվելով աշխատելու փոխարեն ուղղակի հարկավոր է աշխատել արդյունավետ, իսկ արդյունավետ աշխատելու համար մարդն առնվազն պետք է լինի իր գործի գիտակը: Ինչպես Սոդոմ Գոմորը կործանելուց առաջ ասվեց` եթե թեկուզ երեք հավատավոր մարդ լինի, ապա Սոդոմ Գոմորը կործանումից փրկել կարելի է. նույն կերպ ցույց տվեք կառավարության մեջ երեք գիտակ մարդ, եւ ես կասեմ` այս կառավարությունն ինչ-որ բան կարող է անել:

– Տեսնո՞ւմ եք քայլեր, որոնք անում է ՀՀ կառավարությունը, որպեսզի ՌԴ-ի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա հնարավորինս մեղմ լինի:

– Ես այդ հարցերը միմյանց հետ կապելու որեւէ նախապայման չեմ տեսնում: Եվ ընդհանրապես՝ չեմ կարծում, որ Հայաստանի փոխհարաբերությունները` թե տնտեսական, թե քաղաքական առումներով, առնչվում են երրորդ կողմին, եթե նման ցանկություն չի դրսեւորում ինքը` Հայաստանը, իր քաղաքական ու տնտեսական սխալ քաղաքականությամբ:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը: Այդ ձգձգումը Հայաստանում ներքաղաքական խժդժությունների պատճառ կարո՞ղ է դառնալ:

– Մեր շրջադարձը եվրաինտեգրումից դեպի ԵՏՄ կատարվեց շատ կտրուկ եւ անսպասելի, իսկ ընթացքը դեպի ԵՏՄ այնքան արագ էր, որ մենք վազանց կատարեցինք, այժմ ժամանակ է պետք, որ ետ գանք: Ուղղակի պետք է այնպիսի տեմպ որդեգրել, որ հիմա էլ հակառակը չստացվի: Իհարկե, պատասխանս գուցե մի փոքր տարօրինակ թվա, բայց հավատացեք, որ հիմնական պատճառը դա է:

– Կիսո՞ւմ եք առաջին նախագահի այն կարծիքը, որ հարցը ձգձգվում է ՀՀ իշխանությունների` Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանին մաքսակետ դնելու հարցում չկողմնորոշվածության պատճառով:

– Ես վստահաբար կարող եմ ասել, որ երբեւէ Հայաստանի առաջ նման նախապայմաններ չեն դրվել, չեն դրվում եւ չեն էլ դրվելու, եթե մենք ինքներս ցանկություն չունենանք նման խնդիրների առաջադրման` այլ-այլ հարցեր լուծելու համար: Կարծում եմ՝ պետք է քննության ենթարկել այն հանգամանքը, թե արդյոք մեր իշխանություններն իրենք ցանկություն ունեցե՞լ են, որ Հայաստանի դեմ նման պայմաններ առաջադրվեն: Այդ իսկ պատճառով չեմ ցանկանում մեկնաբանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միտքը, քանզի չգիտեմ, թե նա ի՞նչ է ի նկատի ունեցել, երբ ասել է, որ Հայաստանի իշխանությունները կանգնած են նման երկընտրանքի առաջ:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031