Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկները դժգոհ են դեպի Տաթեւ տանող ճանապարհի անմխիթար վիճակից

Հուլիս 30,2014 22:39

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Սյունիքի մարզի Տաթեւ գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է: Տաթեւի բնակիչները նշում են, որ գյուղում բոլոր հնարավորությունները կան զբոսաշրջությունը զարգացնելու, գյուղի պայմանները բարելավելու համար, միայն թե  ներկայիս պայմանները լիովին  չեն բավարարում զբոսաշրջիկներին հավուր պատշաճի ընդունելու համար:  Զբոսաշրջիկները շատ հաճախ դժգոհում են, որ  գյուղամիջյան ճանապարհներն այդքան էլ լավ վիճակում չեն գտնվում, հյուրերին ընդունելու համար անհրաժեշտ պայմաններով ապահովված տների քանակը բավականին քիչ է գյուղում, դեպի Տաթեւ տանող անմխիթար ճանապարհն էլ իր հերթին է  անհարմարություններ առաջացնում: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը նշեց, որ զբոսաշրջիկների դժգոհություններից տեղյակ է, լավ քաջածանոթ է գյուղի հիմնախնդիրներին, բաց համայնքի սուղ բյուջեն հնարավորություն չի տալիս լուծելու բոլոր խնդիրները:

««Սատանի կամուրջ»-ից  մինչեւ Տաթեւ ընկած 7 կմ ճանապարհահատվածը շատ վատ վիճակում է: Ցածր ֆիրմային մեքենաներով գյուղ այցելող զբոսաշրջիկները  դժվարանում են այդ հատվածը բարձրանալ, ճոպանուղին նստելուց հետո ցանկանում են իջնել «Սատանի կամուրջ»  բնական հուշարձանը, գյուղի տեսարժան վայրերն այցելել, բայց ճանապարհը լավ վիճակում չի,  վարորդներն էլ  դժգոհում են: Ում ասես դիմել ենք, նույնիսկ  մեր հարգարժան Ռուբեն Վարդանյանին , բայց ինքն էլ ասաց դա իր ֆունկցիայի մեջ չի մտնում, պետք է կառավարությունը զբաղվի այդ հարցով: Նույնիսկ փոխվարչապետին եմ տեղյակ պահել խնդրի մասին, ասել է այս տարվա պլանում չկա այդ հարցը, եկող տարվա համար էլ դեռ պարզ չէ:  Տենց էլ շատ վատ վիճակում մնում է ճանապարհը», – նշեց Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը եւ հավելեց, որ 2010թ.-ին կառուցված գրունտային ճանապարհն արդեն կամաց-կամաց քանդվում է եւ նորոգման կարիք ունի: Նախանձելի վիճակում չեն գտնվում նաեւ Տաթեւի գյուղամիջյան ճանապարհները, ամենամյա խճապատման աշխատանքներն էլ լիարժեք արդյունք չեն տալիս

«Փողոցներն ամեն տարի խճապատում ենք, բայց աշխարհագրական դիրքի, թեքության պատճառով, սելավներից նորից քանդվում են ճանապարհները: Անելիքներ շատ կան գյուղում, հիմնախնդիրները շատ են..: Էսօր գիտենք, որ մեր պետությունն էլ հնարավորություն չունի միանգամից բոլոր այդ հիմնախնդիրները լուծելու», – ասաց Տաթեւի գյուղապետը եւ փաստեց, որ անկախ այս ամենից, զբոսաշրջիկները շարունակում են գյուղ այցելել, հիանալ մարդկանց  ջերմ հյուրընկալությամբ,  Տաթեւի տեսարժան վայրերով եւ  գյուղից էլ հեռանում են վառ տպավորություններով:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031