Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյանը՝ խուլերին. «Ես երեխա վախտվանից ուշ եմ հասկացել, ես սկի դպրոց չեմ գնացել» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 30,2014 21:36

«Ռուբեն Հախվերդյան, մենք՝ խուլերս, ձեզ սիրում ենք»,- այսօր ժեստերի լեզվով խուլ համայնքի ներկայացուցիչները այսպես երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանին յուրօրինակ սեր խոստովանեցին՝ «Երկխոսությունը հնարավոր է» միջոցառման ժամանակ: Ի պատասխան՝ Ռուբեն Հախվերդյանը սովորեց ժեստերի լեզվով երգել «Իմ փոքրիկ նավակ» երգը:

PrevPhoto
NextPhoto

«Երկխոսությունը հնարավոր է» միջոցառումը կազմակերպել էր «Դիալոգ» կենտրոնը, որի անդամները լսող մարդկանց սովորեցրին ժեստերի լեզվով հաղորդակցվել խուլերի կամ լսողական խանգարումներ ունեցողների հետ: Սովորեցրեցին ասել «ներողություն, շնորհակալություն, տղա, աղջիկ, խնդրեմ, ծափահարություններ, ես խուլ եմ, իմ անունը սա է, ես քեզ սիրում եմ» եւ այլ արտահայտություններ:

«Դիալոգ» կենտրոնի տնօրեն Թագուհի Հովսեփյանը ներկայացրեց իրենց կենտրոնի խուլ համայնքի ձեռքբերումները. «Ուզում ենք, որ հասկանաք, թե ովքեր են խուլերը, ընդունեք նրանց այնպիսին, ինչպիսին կան: Խուլերն առանձնահատուկ են իրենց երկխոսությամբ, իրենց մտքերի հետ: Դուք գիտեք, որ խուլերը չեն խոսում, չեն լսում, այդ «չ»-ն ինչ-որ շատ է: Դուք պիտի հասկանաք, որ խուլերը ոչ թե չեն լսում, այլ լսում են աչքերով՝ ավելի բնական, քան այն, ինչ դուք լսում եք բառերով: Երբ դուք տեսնում եք խուլերին, ձեր առաջին ռեակցիան այն է, որ վախենում եք, հազվադեպ եք ընդառաջ գալիս: Բայց այս 15 տարիների ընթացքում շատ մեծ զարգացում կա: Մի փոքրիկ դիտողություն բոլոր իրազեկ մարդկանց, լրագրողներին՝ խնդրում ենք, որ չասեք խուլ ու համր: Մենք համր չենք, ունենք բառային ֆոնդ, խոսում ենք ժեստերի լեզվով, մենք երգում ենք, պարում ենք, արտահայտում ենք մեր մտքերը, մենք կարողանում ենք դիտել, սիրել, մեր համայնքը կարող է ամուսնանալ, զավակներ ունենալ, մենք կարող ենք մասնակցել նախագահական ընտրություններին, լինել բարձր, ինտեգրված այս հասարակությանը: Այո, մենք խուլ ենք, դա ամոթ չի»:

Թագուհի Հովսեփյանը նշեց, որ ամբողջ աշխարհում 70 մլն խուլ կա, իսկ Հայաստանում նրանք 3500-ն են:

Ուշագրավ էր, որ միջոցառման ժամանակ «Դիալոգ» կենտրոնի անդամները խնդրեցին Ռուբեն Հախվերդյանին խուլերի հետ կատարել «Իմ փոքրիկ նավակ» երգը, բայց՝ ոչ թե երգելով, այլ ժեստերի լեզվով: Չնայած երգի բառերն արդեն սովորեցրել էին ժեստերով փոխարինել, բայց Ռուբեն Հախվերդյանը  փորձեց հրաժարվել. «Ես երեխա վախտվանից ուշ եմ հասկացել, ես սկի դպրոց չեմ գնացել, չեմ կարա»:

Ի վերջո նրան համոզեցին եւ Ռուբեն Հախվերդյանը փորձեց ձեռքերով մի կերպ երգել:

 

Նա նշեց, որ այդ երգի երաժշտության հեղինակը Սուրեն Գյուլխասյանն է, իսկ բառերը ինքն է գրել: Նրա խոսքերով՝ «Իրապես երջանիկ եմ, որ երեխաներն իրենց ձեւով երգում են այս երգը, որովհետեւ երգչի համար ավելի կարեւոր բան չկա, քան այն, որ իր արած գործը գնահատվում է: Ես հույս ունեմ, որ մշակույթի նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի ձեր դպրոցին եւ ձեր ուսուցիչների ծանր աշխատանքին»:

 

«Դիալոգ» կենտրոնը սեպտեմբերի 28-ին Ռուբեն Հախվերդյանին հրավիրեց մասնակցել Խուլերի միջազգային օրվա նվիրված իրենց միջոցառմանը:

Մանրամասները՝  տեսանյութերում

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031