Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև ամերիկյան կողմից ՀՀ կառավարությանըցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչը մեծապես օգնել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացմանը: Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ունենք տեսանելի փոփոխություններ այդ ոլորտում:
Իր հերթին դեսպան Հեֆերնը ևս ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարևորությունը: Այդ համատեքստում, Քարեն Հիլիարդը մանրամասն ներկայացրել է արդարադատության, տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, զբոսաշրջության և այլ ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը և առաջիկա նախագծերը:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն