Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց օգոստոսի 16-ից 28-ը Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք 2-րդ պատանեկան օլիմպիական խաղեր մեկնող Հայաստանի մարզական պատվիրակության անդամներին:
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Գագիկ Ծառուկյանին զեկուցեց, որ ի տարբերություն 2010 թվականին Սինգապուրի օլիմպիական խաղերի, որտեղ Հայաստանը ներկայացրած 14 պատանիներից միայն 7-ն էին ուղեգիր նվաճել, իսկ մյուս 7-ը մեկնել էին ազատ քարտով, 2013/2014 թթ. մեր 14 պատանի մարզիկներն էլ օլիմպիական խաղերին մասնակցում են վարկանիշով եւ հանդես են գալու ինը մարզաձեւերում: Ըստ էության, մարզական արդյունքների նման ցուցանիշով Հայաստանի մարզիկներն օլիմպիական խաղերին մասնակցում են առաջին անգամ:
Հրաչյա Ռոստոմյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի պատանի մարզիկները կանեն ամեն ինչ մեր երկրի մարզական դրոշի պատիվը բարձր պահելու համար եւ նրանց հաղթանակների շնորհիվ Չինաստանում վեր կխոյանա Հայոց Եռագույնն ու կհնչի Հայաստանի օրհներգը:
Գագիկ Ծառուկյանը պատանի մարզիկներին մաղթեց կազմակերպված մրցելույթներ, մարզական ձեռքբերումներ եւ հաղթանակներ. «Բոլորդ գիտակցեք, որ հաղթանակները ոչ միայն ձերն են, այլեւ ողջ հայ ժողովրդինը՝ Հայաստանում եւ Սփյուռքում, որտեղ մեր հայրենակիցները հետեւելու եւ ուրախանալու են ձեր բոլոր ձեռքբերումներով», – ասաց ՀԱՕԿ-ի նախագահը եւ ընդգծեց, որ բոլորն էլ վարկանիշ ձեռք բերած մարզիկներ են եւ Նանջինգում ունեն հավասար հնարավորություններ: Մնում է, որ մասնակցությունը լինի կազմակերպված ու վստահ, ինչը տեսել եւ ակնկալում է հայ մարզասերը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ foreignerc.com-ի