Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներ

Հուլիս 30,2014 21:12

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզ:

Vayoc-Dzor5

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով ներդրվել է շուրջ 120 մլն դրամ, որի հիմնական մասը հատկացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Եվս 12 մլն դրամ ներդրվել է համայնքի բյուջեից: Ներկայում 120 երեխա ընդունելու հնարավորությամբ մանկապարտեզ է հաճախում 110 երեխա: Նախակրթարանը համալրվել է նոր գույքով և գրենական պիտույքներով:

Vayoc-Dzor6

Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է Զառիթափ համայնքի մոտակայքում կառուցվող սպանդանոցի շինհրապարակ՝ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Սպանդանոցի բարձրակարգ սարքավորումները հատկացնելու է ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով 127 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ մասնավոր-պետություն համագործակցությամբ կառուցվող սպանդանոցի շինարարության համար մասնավորը ներդրել է 265 հազար ԱՄՆ դոլար, սարքավորումները կներկրվեն մոտակա ժամանակներս, իսկ սպանդանոցը կսկսի գործել մինչ տարեվերջ:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ ՀՀ-ում ներկայում կառուցվում է 5 սպանդանոց՝ երկուսը՝ Կոտայքի մարզում, ևս մեկական սպանդանոցներ՝ Վայոց  ձորի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Ներկայում ընթանում են սպանդանոցների շինարարական աշխատանքները: Ծրագրի նպատակն է՝  Հայաստանի մի քանի մարզերում կազմակերպել մսամթերքի ապահով և հիգիենիկ արտադրություն:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է մարզի սահմանամերձ Գոմք համայնքում, որտեղ բացվել է տեղի վերանորոգված համայնքային կենտրոնը: Վերջինիս վերանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության և «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության համաֆինանսավորմամբ, ինչպես նաևԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից համայնքում բացվել է կարի ֆաբրիկա՝ 11 կարի մեքենայով, որտեղ գյուղի կանանց ուսուցանվում են կարելու հմտություններ: Համայնքում պետական աջակցությամբ և մարզպետարանի կողմից վերջին ժամանակահատվածում իրականացվել է նաև դպրոցի վերանորոգում, պարարտանյութի, սերմացուի, վառելիքի բաշխում՝ շուկայականից ցածր գնով: Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համայնքում ձևավորվել է 37 կանանցից բաղկացած գյուղատնտեսական կոոպերատիվ, կառուցվել է 40 տոննա տարողությամբ մրգի սառնարան-պահեստարան և 400 քմ մակերեսով ջերմոց:

Գոմքից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Զառիթափ, սահմանամերձ Նոր Ազնաբերդ և Խնձորուտ համայնքներ: Վարչապետը զրուցել է տեղի բնակչության հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հետաքրքրող հարցերին: Բնակչության բարձրացրած հարցերը մեծամասամբ վերաբերում էին ոռոգման ջրագծի, ճանապարհների կառուցմանը, ուսանողների ուսման վարձերին և այլ: Կառավարության ղեկավարը խոստացել է երեք համայնքների ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները դարձնել առաջնահերթություն: Այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կազմել Զառիթափի և Նոր Ազնաբերդի ոռոգման ջրագծերի նախագծանախահաշվային փաստաթղթեր և ներկայացնել կառավարություն: Խնձորուտի բնակչությանը վարչապետը տեղեկացրել է, որ տեղի ոռոգման ջրագծի կառուցման նպատակով գործադիրը հատկացրել է 41 մլն դրամ: Հովիկ Աբրահամյանը սահմանամերձ Խնձորուտ համայնքի ղեկավարին հանձնարարել է նաև ներկայացնել համայնքի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձը կառավարության կողմից փոխհատուցելու նպատակով:

Վարչապետը բնակիչների հետ զրույցում նշել է, որ սահմանամերձ գյուղերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, առաջիկայում կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքներում հաստատել ազատ տնտեսական գոտի, ինչը կնպաստի ներդրումների ներգրավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Նշված համայնքների բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց այցելելու, խնդիրները լսելու և դրանց համապատասխան լուծումներ տալու համար:

Վարչապետը զրուցել է նաև Խնձորուտ համայնքին մերձակա սահմանագոտում ծառայություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանում տիրող իրավիճակով: Զինծառայողները վստահեցրել են, որ սահմանը հսկվում է ամենայն ուշադրությամբ և անառիկորեն: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար և մաղթել բարի ծառայություն:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031